Լիբանանին ու Գազային իսրայելական ուժերի հարվածների ֆոնին՝ Բլինքենն այցելել է Թել Ավիվ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի Թել Ավիվում հանդիպեց իսրայելցի ղեկավարներին՝ պահանջելով մեծացնել Գազա առաքվող հումանիտար օգնության ծավալները և դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում ու Լիբանանում: Վաշինգտոնը կոչ է արել Իսրայելին և «Համասին» զինադադար կնքել։

Երեքշաբթի շարունակվել են Իսրայելի ավիահարվածները Բեյրութի ու Լիբանանի այլ շրջաններին, որոնք գտնվում են «Հըզբոլլահի» վերահսկողության ներքո։ Զոհվել են տասնյակ մարդիկ:

Մեկ օր առաջ իսրայելական զորքերը հարձակում էին գործել Գազայում գտնվող «Ջաբալիա» փախստականների ճամբարի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մոտ մեկ տասնյակ մարդ: Այս գրոհից օրեր առաջ իսրայելական զորքերը հյուսիսային Գազայում սպանել էին ավելի քան 80 հոգու, և այն Գազայում ընթացող հակամարտության ամենից մահաբեր օրերից էր:

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի Թել Ավիվում էր՝ կոչ անելով Իսրայելին մեծացնել Գազա առաքվող հումանիտար օգնության ծավալները և «Համասի» հետ վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները՝ պաղեստինյան այդ կազմակերպության նորընծա առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո:

«Համոզված ենք, որ առաջ շարժվելու պահն է, և սա է այն խոսակցությունների առանցքը, որ ունենում ենք այստեղ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Սակայն Գազայում ունեցած ռազմական հաջողությունների ֆոնին՝ Իսրայելի օրակարգը, կարծես, այլ է:

«Իսրայելի հանրությունը բաժանված է խմբերի։ Ոմանք, ինչպես Նեթանյահուն, ասում են, թե պետք է շարունակել պայքարել և ազատել պատանդներին ուժի կիրառմամբ: Մյուսներն այն կարծիքին են, որ պետք է համաձայնություն ձեռք բերենք՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու, մյուս ռազմաճակատներում հրադարար հաստատելու համար»,- ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Նիմրոդ Գորենը։

Երբ խոսքը գնում է մյուս ռազմաճակատների մասին, նախևառաջ նկատի ունեն Լիբանանը, որտեղ իսրայելական ռազմուժը ընդլայնում է իր գործողությունները, չնայած անցած ամիս «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությանը:

Բլինքենը կոչ է արել Իսրայելին կյանքի կոչել ՄԱԿ-ի թիվ 1701 բանաձևը, որը 2006 թվականին վերջ դրեց «Հեզբոլլահի» հետ պատերազմին:

«[ԱՄՆ] վարչակազմը հասկանում է, որ Իսրայելը, ինչ-որ իմաստով, այլ ելք չունի, քան ոչնչացնել Լիտանի [գետից] հարավ ընկած «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները: Այդուհանդերձ [ամերիկյան] վարչակազմը նաև որոշակիորեն զգուշավոր է Գազայի հատվածում տեղի ունեցածի պատճառով, քանզի Հարավային Լիբանանում բացակայում է ոստիկանական վերահսկողությունը: Ո՞վ պետք է գործադրի ՄԱԿ-ի այդ բանաձևը: Մենք վերակենդանացնո՞ւմ ենք [ՄԱԿ-ի խաղաղապահների]՝ UNIFIL-ի ուժերը։ Հզորացնո՞ւմ ենք լիբանանյան բանակը: Թե՞ պարզապես թույլ ենք տալիս Իսրայելին ներգրավված մնալ անվերջ պատերազմի մեջ»,- ասում է վաշինգտոնյան մեկ այլ վերլուծական կենտրոնի՝ Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչ Ահմադ Ֆուադը:

Թել Ավիվ Բլինքենի այցի օրը Իսրայելը կարգադրեց տարհանել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքը՝ պատրաստվելով նոր հարվածների։ Մինչ հրեական պետությունը շարունակում է ռազմական գործողությունները Գազայում ու Լիբանանում՝ զուգահեռաբար Իսրայելում մտորումների մեջ են Իրանին հասցվելիք հարվածի վերաբերյալ։

Թել Ավիվից Բլինքենը մեկնել է Հորդանան և արաբական այլ երկրներ։