Բլինքենը վերստին Մերձավոր Արևելքում է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանում է Թել Ավիվ, Իսրայել, հոկտեմբերի 22, 2024թ.

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի հետ։ Ավելի ուշ նա կայցելի Հորդանան և Կատար:

Երեքշաբթի Իսրայել է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, և այցն ուշադրություն է գրավում այն պատճառով, որ ընդամենը օրեր առաջ իսրայելական ռազմուժը Գազայում սպանեց «Համասի» նորանշանակ առաջնորդին։

Նորություն չէ, որ ցայսօր դիվանագիտական ջանքերն ապարդյուն են՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու, Լիբանանում սրվող իրավիճակի կարգավորելու ուղղությամբ:

Ըստ հաղորդումների՝ Իսրայելի նպատակն է արագացնել ռազմական արշավը, որպեսզի նոյեմբերի 5-ի ԱՄՆ ընտրություններից հետո ձևավորվող ամերիկյան նոր վարչակազմի օրոք ստանա բանակցային նպաստավոր դիրքեր:

Մյուս կողմից, Վաշինգտոնում հույս ունեն, որ «Համասի» առաջնորդ Յահյա Սինվարի մահը կարող է խաղաղության նոր հնարավորություն ստեղծել, թեև Երուսաղեմում դեռ անհողդողդ են՝ նվազեցնել Գազայում և Լիբանանում ընթացող ռազմական գործողությունների ինտենսիվությունը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» ձեռնարկած արյունալի գրոհից հետո սա Սա Բլինքենի 11-րդ այցն է տարածաշրջան։ Նախատեսվում է, որ մեկշաբթյա շրջայցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և այլ պաշտոնյաների հետ, այնուհետև՝ կմեկնի Հորդանան և Կատար:

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Էնթոնի Բլինքենի ուշադրության կենտրոնում են լինելու ռազմական գործողություններից հետո Գազայի վերականգնման և կառավարման ծրագրերը: Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ լավագույն տարբերակը համարում է Գազայի վերամիավորումը Հորդանան գետի արևմտյան ափին՝ Պաղեստինի ինքնավարության վարչակազմի վերահսկողության ներքո։

Միաժամանակ, Լիբանանում է ԱՄՆ-ի հատուկ բանագնացը՝ քննարկելու Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտությունը դադարեցնելու պայմանները։

Բլինքենը մտադիր է նաև քննարկել Իսրայելի հնարավոր պատասխանը Իրանին՝ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, ով ցանկացել է մնալ անանուն։