Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն Իսրայելին հորդորել է ընդլայնել Գազային ցուցաբերվող օգնությունը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Միացյալ Նահանգները կոչ է արել Իսրայելին ընդլայնել Գազային ցուցաբերվող մարդասիրական օգնությունը: Վաշինգտոնը մանրամասներ չի հաղորդել:

Գազայում հումանիտար իրավիճակի վատթարացման ֆոնին՝

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նամակ են հղել Իսրայելի իրենց գործընկերներին՝ կոչ անելով կոնկրետ պարտավորություններ ստանձնել առաջիկա 30 օրում Գազայում հումանիտար իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Նման քայլի չգնալը, ըստ, ամերիկյան կողմի, կարող է «ազդել ԱՄՆ քաղաքականության վրա»:

«[Նախարար] Օսթինի հետ միասին նպատակահարմար համարեցին Իսրայելի կառավարությանը հիշեցնել, որ պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի Գազա մուտք գործող օգնության ծավալներն ավելանան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Միացյալ Նահանգների ներկայացմամբ՝ այս ապրիլին Վաշինգտոնը նմանատիպ ուղերձ էր հղել Իսրայելին, ինչի արդյունքում ավելացել էր Գազայի հատված առաքվող մարդասիրական օգնությունը, սակայն այն այժմ կրճատվել է ավելի քան 50%-ով:

Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհի խոսքով՝ «ցամաքային ուղիները ամենաարդյունավետ միջոցն են՝ օգնություն տրամադրելու խաղաղ բնակիչներին, որոնք դրա կարիքն ունեն: Իհարկե, ցանկանում ենք հասնել այդ միջանցքների բացմանը, ինչը պետքարտուղարը շարունակում է ընդգծել»։

Ամերիկյան վարչակազմն հրաժարվել է քննարկել հետևանքները, եթե Իսրայելը ընդառաջ չգնա Վաշինգտոնի հորդորին:

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ զինվորականները դիտարկում են դադարեցնել Իսրայելին ցուցաբերվող ռազմական աջակցությունը, Սաբրինա Սինգհը պատասխանել է. «Իսրայելը շարունակում է աջակցություն ստանալ Միացյալ Նահանգներից՝ լինի օտարերկրյա ռազմական կառույցների միջոցով, թե այն, ինչ անում ենք Իսրայելի ինքնապաշտպանության համար»:

Այս ամենի ֆոնին՝ անցած օրերին Վաշինգտոնը կոնկրետ քայլեր է ձեռնարկել՝ ամրապնդելու Իսրայելի հակաօդային պաշտպանսությունը՝ առաքելով THAAD համալիր:

Հիշեցնենք՝ այս տարի Իրանն արդեն երկու ուղիղ հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ` նախորդ անգամ՝ այս հոկտեմբերի 1-ին մոտ 200 բալիստիկ հրթիռներ արձակելով հրեական պետության ուղղությամբ: Թել Ավիվը դեռ չի արձագանքել։

XS
SM
MD
LG