ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ժամեր անց կժամանի Գերմանիա՝ քննարկելու ուկրաինական պատերազմը: Ե՛վ նա, և՛ կանցլեր Օլաֆ Շոլցը շեշտել են մեկօրյա այս այցի կարևորությունը և բարձր գնահատել ԱՄՆ-Գերմանիա հարաբերությունները։
Ինչպես ասացինք, ուկրաինական թեման լինելու է առաջանային, և Սպիտակ տունը չորեքշաբթի հայտարարեց, թե Բայդենը հաստատել է Կիևի համար նախատեսված 425 միլիոն դոլար արժողությամբ աջակցության ևս մեկ փաթեթ:
«Նախագահը կարևորում է այս ուղևորությունը՝ դեպի դաշնակցային [Գերմանիա], որը եղել է հաստատակամ Ուկրաինայի պաշտպանությանը վերաբերող գործընկերությունում: Նախագահն, իրոք, ցանկանում էր Գերմանիային շնորհակալություն հայտնել»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը:
Your browser doesn’t support HTML5
Բայդենը մտադիր էր մեկնել Բեռլին դեռ անցած շաբաթ, սակայն «Միլթոն» փոթորիկը խափանեց նրա ծրագրերը՝ ստիպելով հետաձգել այցը: Սպիտակ տունը տեղեկացրել է, որ գերմանական այցի շրջանակում նախատեսված չէ Բայդենի հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ, ինչպես ի սկզբանե նախատեսված էր։
Անցած շաբաթ Շոլցն էր հանդիպել Վոլոդիմիր Զելենսկուն՝ ծանոթանալու նրա հինգ կետից բաղկացած «հաղթանակի ծրագրին», որը նաև նախատեսում է մինչև պատերազմի ավարտ Կիևին հրավիրել ՆԱՏՕ:
Չորեքշաբթի Զելենսկին այդ ծրագիրը ներկայացրել է Ուկրաինայի խորհրդարանին։
«Այս ծրագիրը կամուրջ է դեպի արդյունավետ խաղաղության գագաթնաժողով անցկացնելու համար, որն իսկապես վերջ կդնի պատերազմին: Այս ծրագիրը կոչված է ոչ թե փոխարինել խաղաղությանը վերաբերող մեր նախաձեռնությունը, այլ՝ ամրապնդել Ուկրաինայի դիրքերը՝ խաղաղությունը մոտեցնելու գործում»,- ասել է Զելենսկին:
ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության հարցի վերաբերյալ չորեքշաբթի արտահայտվել է ալյանսի նոր գլխավոր քարտուղարը, թե Ուկրաինան «մի օր» կդառնա դաշինքի անդամ:
Ուկրաինական պատերազմը ստիպում է ԱՄՆ-ին և դաշնակիցներին միասին գործել՝ հանուն Կիևի ապագայի՝ «Ամերիկայի ձայնին» ասել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը:
«Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դաշինքը, եթե ուզում եք այդպես անվանել, շատ վտանգավոր է, և մենք չենք կարող ձևացնել, որ այդպես չէ։ Պետք է ամրապնդենք ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, երկկողմ հարաբերությունները և վստահ լինենք, որ Պուտինը չի հաջողի Ուկրաինայում»,- ասում է գեներալը:
Դիտորդները նշում են, թե Բայդենի այցը կարող է կարևոր նշանակություն ունենալ Ուկրաինայի ապագայի համար։
«Կարծում եմ, որ Բայդենը կարող է օգտագործել Գերմանիա այցը՝ վերահաստատելու Ուկրաինային ցուցաբերվող աջակցության կարևորությունը»,- ասում է Ուիլսոն կենտրոնի ավագ գիտաշխատող Ուիլյամ Պոմերանցը:
Այս ամենի ֆոնին նշենք, որ և՛ Բայդենի, և՛ Շոլցի համար դյուրին ժամանակներ չեն ներքաղաքական առումով։ Գազայում ռազմական գործողությունների պատճառով երկու երկրներում բողոքի ակցիաներ են, որոնց մասնակիցները պահանջում են Վաշինգտոնից ու Բեռլինիդ դադարեցնել Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը:
Զուգահեռաբար՝ երկու երկրներում անցած տարվա ընթացքում նկատվել է հակասեմական բնույթի միջադեպերի և աջակողմյան քաղաքական ուժերի աճ:
Նման զարգացումների արդյունքները ավելի տեսանելի են Գերմանիայում, ուր վերջերս կայացած նահանգային ընտրությունների ժամանակ ծայրահեղ աջակողմյան՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը շահեց մարզային խորհրդարանների տեղերի զգալի մասը: