Մատչելի հղումներ

ԱՄՆ Ջորջիա նահանգի դատարանը չեղարկել է քվեների հաշվարկի կարգում արված փոփոխությունները, ինչին կողմնակից էին Թրամփի աջակիցները


Ընտրատեղամասի մոտ գտնվող ցուցանակ։ Ատլանտա, Ջորջիա նահանգ։ Հոկտեմբերի 16 2024թ․։
Ընտրատեղամասի մոտ գտնվող ցուցանակ։ Ատլանտա, Ջորջիա նահանգ։ Հոկտեմբերի 16 2024թ․։

Դատավոր Թոմաս Քոքսը չորեքշաբթի չեղարկել է Ջորջիայում քվեարկության կարգին վերաբերող մի քանի նոր կանոններ, որոնք տեղի ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներին լրացուցիչ լիազորություններ էին տալիս հետաքննել հնարավոր ընտրախախտումները:

Չորեքշաբթի դատարանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ Ջորջիա նահանգի ընտրական կանոնների վիճահարույց փոփոխությունները, որոնք արվել էին հանրապետականների կողմից վերահսկվող նահանգային ընտրական խորհրդի կողմից։ Դատարանի նման որոշումը համարվում է Թրամփի կողմնակիցների պարտությունը, որոնք փորձել էին նահանգում փոխել առաջիկա նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի կարգը:

«Նշված կանոնները հակասում են Ընտրական օրենսգրքի դրույթներին: Հետևաբար, վիճարկվող կանոններն անօրինական են և անվավեր»,- նշել է դատավոր Թոմաս Քոքսը:

Առանձին դատական հայց էր ներկայացրել Դեմոկրատական կուսակցությունը՝ մեղադրելով Ջորջիայի ընտրական հանձնաժողովին, թե այն փորձել է խոչընդոտել նահագում քվեարկության արդյունքների արձանագրմանը, և խոսքը մի նահանգի մասին է, ուր արդյունքները կարող են առանցքային դեր խաղալ ԱՄՆ ընտրություններում։

Ջորջիայի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչնեչը դեռ չեն արձագանքել։

Ջորջիա նահանգը, ուր վաղաժամ քվեարկությունը մեկնարկել է այս երեքշաբթի՝ ռեկորդային թվով ընտրողների մասնակցությամբ, այն յոթ տատանվող նահանգներից է, որտեղ ընտրությունները կարող են որոշիչ լինել ԱՄՆ նախագահական ընտրապայքարի արդյունքների համար։

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները որոշվում են յուրաքանչյուր նահանգում տրված ձայների արդյունքում, այլ ոչ թե համերկրային մակարդակով ստացված ընդհանուր քվեների շնոհիվ:

Դատավոր Քոքսի որոշումը լուրջ պարտություն է համարվում Թրամփի աջակիցների համար, որոնք բախվեցին կատաղի դիմադրության՝ փորձելով ընտրություններից առաջ փոփոխություններ կատարել քվեարկության կարգում:

Մանրամասնենք՝ չորեքշաբթի օրվա դատավճիռը վերաբերում է կանոնների այն փոփոխությանը, ըստ որի տարածքային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներին իրավունք էր վերապահվել հետաքննել քվեատուփերում առկա քվեաթերթիկների և այդ շրջանում գրանցված ընտրողների թվի միջև եղած անհամապատասխանությունները, ինչպես նաև ուսումնասիրել փոստով ստացված քվեաթերթիկները՝ նախքան արդյունքները հաստատելը:

Նահանգային ընտրական խորհրդի որոշումն ընդունվել էր 3 - 2 առավելությամբ, և կողմ են քվեարկել Թրամփի երեք կողմնակիցներ։ 2020 թվականի ընտրությունների ժամանակ Ջորջիայում հանրապետական Դոնալդ Թրամփը պարտվել էր ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենին, որից հետո նա չապացուցված մեղադրանքներ էր ներկայացրել իբր տեղ գտած ընտրխախտումների մասին: Որոշ բարձրաստիճան հանրապետականներ դեռ հրաժարվում են ընդունել, որ Բայդենը հաղթել է 2020 թվականին։

Ուշագրավ է, որ նահանգային ընտրական խորհրդի գործողությունները արժանացան երկու կողմերի քննադատությանը։ Պահպանողական Eternal Vigilance Action խումբը, որը դատական հայց էր ներկայացրել սեպտեմբերի 11-ին, պնդում էր, թե Ջորջիա նահանգը գերազանցել է իր լիազորությունները:

Ջորջիա նահանգնի պետքարտուղար, հանրապետական Բրեդ Ռաֆենսպերգերը հայտարարել է, թե ընտրական խորհրդի՝ «վերջին րոպեին» արված փոփոխությունները կխաթարեն ընտրողների վստահությունը և բեռ կդառնան ընտրատեղամասերի ներկայացուցիչների համար:

Նահանգները պետք է վավերացնեն ընտրությունների արդյունքները՝ որպես ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման գործընթացի մաս:

Երեքշաբթի մեկ այլ դատական որոշմամբ ժամանակավորապես կասեցվեց կանոնը, ըստ որի ընտրատեղամասի աշխատակիցները պետք է ձեռքով հաշվեն քվեաթերթիկները, ինչպես նաև սահմանվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները պետք է վավերացնեն ընտրությունների արդյունքները:

Ջորջիայի ընտրական հանձնաժողովի անդամների մեծ մասի ներկայացմամբ՝ նոր կանոններն ուղղված էին ընտրություններն ավելի անվտանգ և թափանցիկ դարձնելուն: Թրամփը դրական էր արձագանքել այդ փոփոխություններին՝ տեղում իր աջակիցներին անվանելով «պիտբուլներ»:

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք 2021 թվականի հունվարին՝ փորձելով անօրինական եղանակով տապալել 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վավերացումը։ Այժմ տարբեր նահանգներում դեմոկրատները հանրապետականներին մեղադրում են, թե նրանց քայլերի նպատակն է անհրաժեշտության դեպքում ձգձգել Թրամփի համար անբարենպաստ քվերակության արդյունքների վավերացումը։

XS
SM
MD
LG