ԱՄՆ-ում նախընտրական շրջանները, կարծես, հարմար պահ են տարաբնույթ գաղափարների շուրջ բանավեճերը շարունակելու առումով։ Ձեր առջև երկու հանրահավաքներ են։
Մեկը՝ «Հանուն ժողովրդավարության հանրահավաքն» է, որի կարգախոսն է՝ բոլոր կրոնները հավասար են:
Մյուսը՝ «Վերածնված Ամերիկան» է՝ այսպես կոչված, քրիստոնյա-ազգայնականների շարժումը:
«Հիսուսն իմ փրկիչն է, Թրամփը՝ նախագահը»։
Արդեն երրորդ տարին է, ինչ շարժումը առաջ է տանում այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները քրիստոնեական երկիր է և քրիստոնեական դավանանքը պետք է արտացոլվի երկրի օրենքներում:
Հանրահավաքի մասնակից Դիանա Բոլինգերն ասում է․ «Քրիստոնյա-ազգայնական եմ, և ի՞նչ կարող եք ասել քրիստոնեության դեմ։ Հավատում եմ Աստծուն և սիրում եմ իմ երկիրը: Կողմ եմ, որ կրկին հզորացնենք Ամերիկան: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ»:
«Մենք արդար շարժման մարտիկներ ենք՝ կանգնեցնելու աթեիստներին, գլոբալիստներին և մարքսիստներին: Եվ մենք կվերականգնենք հանրապետությունը՝ բոլորին տալով ազատություն և արդարություն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։
Փենսիլվանիայի բնակիչ Փեթի Քինզինգերը նշում է․ «Մեր երկիրը կառուցվել է քրիստոնեական արժեքների և սկզբունքների վրա: Այդպես են գրել սահմանադրությունում»։
Ամերիկայի սահմանադրությունը, սակայն, հղում չի կատարում քրիստոնեությանը։ Փոխարենը՝ երաշխավորում է դավանանքի ազատություն։ Անկախության հռչակագրում ասված է, որ մարդու իրավունքները շնորհվել են Արարչի կողմից, և խոսք է գնում «Բնության Աստծու» մասին (Nature's God):
Այնուամենայնիվ, «Վերածնված Ամերիկա» շարժման մասնակիցները հայտարարում են, թե քարոզում են աստվածապաշտ թեկնածուների օգտին:
Դեմոկրատների համոզմամբ՝ այդ ամենը պարզապես խախտում է պետության և եկեղեցու միջև սահմանադրական տարանջատման սկզբունքը։ Այս տեսակետին են նաև «Հանուն ժողովրդավարության հանրահավաքի» մասնակիցները:
Ջորջթաունի համալսարանի ներկայացուցիչ Ջիմ Ուոլիսն ասում է․ «Նա, ով ցանկանում է թիրախավորել ներգաղթյալներին, տառապանք պատճառել աղքատներին, խոցելի մարդկանց, [իրականում], դեմ է գնում քրիստոնեությանը»:
Այս ամենին գումարվում է նաև աբորտի շուրջ բանավեճը։
«Եկեք համաձայնվենք, որ պետք չէ հրաժարվել հավատքից կամ խորը համոզմունքներից, որպեսզի հասկանալ, որ կառավարությունը չպետք է որոշի, թե ինչ պետք է անի հղի կինը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը:
Pew Research-ի սոցհարցման համաձայն՝ ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ աստվածաշնյան դրույթները պետք է իրենց արտացոլումը գտնեն ԱՄՆ օրենքներում, բայց ըստ նույն հարցման՝ միաժամանակ, քչերն են այն կարծիքին, որ քրիստոնեությունը պետք է դառնա ԱՄՆ պաշտոնական կրոն: