Իսրայելը սպանել է «Համասի» նոր առաջնորդին

Յահյա Սինվարը Գազայի հատվածում։ Մայիսի 24, 2021թ․։

«Համասի» նոր առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է Գազայի հարավում իսրայելական բանակի գործողության ժամանակ՝ այս մասին տեղեկացրել է Իսրայելի զինուժի ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ «հարվածի արդյունքում ոչնչացվել են երեք գրոհայիններ»։

Սինվարը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» ձեռնարկած արյունալի գրոհի գլխավոր ճարտարապետը։ Ամռանից նա է գլխավորում «Համասը», երբ այս օգոստոսին Թեհրանում սպանվեց կազմակերպության այլևս նախկին առաջնորդ Իսմայիլ Հանիեն։ Այդ սպանության համար Իրանը մեղադրում է Իսրայելին։

Յահյա Սինվարի շուրջ զարգացող պատմության ֆոնին՝ Գազայի հյուսիսում գործող առողջապահական ծառայության ներկայացուցիչները հայտնել են, թե շրջանում՝ ապաստարաններից մեկին Իսրայելի օդուժի հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ 5 երեխա:

Իսրայելական զինվորականների ներկայացմամբ՝ իրենց թիրախում «Համասի» ու «Իսլամական ջիհադի» գրոհայիններն էին:

Գազայի հյուսիսում գործող առողջապահական ծառայության ներկայացուցիչ Ֆարես Աբու Համզան հավելել է, թե տասնյակ մարդիկ են վիրավորվել, որոնց տեղափոխել են «Քամալ Ադվան» հիվանդանոց:

«Շատ կանայք և երեխաներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ավելի քան մեկ տարի առաջ՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին, «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց Իսայելի դեմ՝ սպանելով 1,200 մարդու և պատանդ տանելով շուրջ 250-ի։ Իսրայելական կողմը դիմեց պատասխան գործողությունների, ինչի հետևանքով առ այսօր զոհվել է ավելի քան 42 հազար պաղեստինցի:


Սպանվել է նաև «Հըզբոլլահի» հրամանատարը

Իրավիճակ Լիբանանում ևս թեժ է․ իսրայելական կողմի ներկայացմամբ՝ հաջողվել է սպանել «Հեզբոլլահի» հրամանատարներից Հուսեյն Ավադային, ով պատասխանատու էր Իսրայելին հասցվող հրթիռային հարվածների համար:

Իսրայելական կողմը հավելել է, թե տարհանման նոր կարգադրություն է իջեցրել Լիբանանի Բեքաա հովտում բնակվող մարդկանց համար։

Իսրայելական ավիահարվածի հետևանքները Բեյրութում։ Հոկտեմբերի 16, 2024թ․։

Իսրայելը պարբերաբար իջեցնում է նման կարգադրություններ՝ պնդելով, թե Լիբանանի խաղաղ բնակիչները պետք է հեռանան այն շրջաններից, որտեղ առկա են «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներ կամ որոնք մոտ են նման այդ օբյեկտներին։

Նման կարգադրությունները, սովորաբար, նախորդում են իսրայելական օդային հարվածներին:

Նշենք, որ Լիբանանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ չորեքշաբթի իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 16 մարդ հարավային Նաբաթիե քաղաքում, ներառյալ՝ քաղաքապետը, և ավելի քան 50-ը վիրավորվել են:

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին պնդել է, թե Իսրայելը «դիտավորյալ թիրախավորել է քաղաքային խորհրդի նիստը, որը քննարկում էր քաղաքում տիրող իրավիճակը»:

Իր հերթին՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը այելելով Լիբանանին սահմանակից հյուսիսային Իսրայել՝ հայատարարել է, որ իսրայելական ուժերը չեն դադարեցնի հարձակումները «Հեզբոլլահի» դեմ՝ մինչև բանակցություններ չսկսվեն:

Իրավիճակին անդրադաձել է Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերթը, թե իսրայելական հարձակումը «հաջորդում է այլ միջադեպերի, որոնց ժամանակ ողջ Լիբանանում թիրախավորվել են քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքներ»:

Իսրայելական ուժերը չորեքշաբթի ավիահարվածներ են հասցրել նաև Բեյրութի հարավային արվարձաններին։ Իսրայելը հայտնել է, որ չորեքշաբթի Լիբանանի տարածքից ավելի քան 50 արկ է արձակվել։ «Հեզբոլլահի» հավաստմամբ՝ հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը:


Նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները: