Մատչելի հղումներ

Նյու Յորքի ֆոնդային բորսայի մոտ ձերբակալվել են պաղեստինամետ մոտ 200 ցուցարարներ


Բողոքի ակցիա Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքի մոտ։ Հոկտեմբերի 14, 2024 թվական։
Բողոքի ակցիա Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքի մոտ։ Հոկտեմբերի 14, 2024 թվական։

Գազայում Իսրայելի վարած ռազմական գործողությունների դեմ բողոքող շուրջ 200 ցուցարարներ են ձերբակալվել երկուշաբթի՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայի մոտ տեղի ունեցած նստացույցի ժամանակ՝ հայտնում է քաղաքի ոստիկանությունը։

Ցուցարարները վանկարկում էին՝ «Թո՛ղ ապրի Գազան», «Վե՛րև՝ ազատագրում, նե՛րքև՝ օկուպացիա»։ Բողոքի ակցիան Մանհեթենում գտնվող ֆոնդային բորսայի նշանավոր շենքի դիմաց էր:

«Այստեղ գտնվեու նպատակը պահանջելն է ԱՄՆ կառավարությունից՝ դադարեցնել ռումբերի մատակարարումը Իսրայել և դադարել օգուտ քաղել Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի իրականացրած ցեղասպանությունից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում նախորդ մեկ տարվա ընթացքում, հետևյալն է՝ Իսրայելն օգտագործում է ԱՄՆ ռումբերը Գազայում կոտորած կազմակերպելու համար, մինչդեռ՝ Ուոլ Սթրիթում զենք արտադրողների բաժնետոմսերի գներն աճում են»,- ասել է «Հրեական ձայնը հանուն խաղաղության» կազմակերպության քաղաքական հարցերով ղեկավար Բեթ Միլլերը։

Բողոքի ակցիայի ժամանակ մի քանիսը, ծածանելով Իսրայելի դրոշները, փորձեցին արտաբերել իսրայելամետ կոչեր:

Պաղեստինամետ ցուցարարներից ոչ ոք չներխուժեց բորսայի շենք, բայց առնվազն 200-ը անցան շենքին հարակից Բրոդ փողոցում տեղակայված անվտանգության ցանկապատից ներս և նստած սպասում էին, որ իրենց բերման ենթարկեն:

Բորսայի խոսնակը հրաժարվել է արձագանքել տեղի ունեցածին:

Ոստիկանները հերթով բերման էին ենթարկում ցուցարարներին։ Երբեմն մեկ ցուցարարին բերման էին ենթարկում երեքից չորս ոստիկան:

Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալվածների թիվը մոտ 200-ն է։ Իրավապահները մանրամասներ չեն հայտնել, այդ թվում՝ առաջադրված մեղադրանքների մասին։

Ուշագրավ է, որ բողոքի այս ակցիան կայացավ մեկ շաբաթ անց, երբ աշխարհը հիշատակում էր մեկ տարի առաջ հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» կազմակերպած արյունալի գրոհի զոհերին: Իսրայելի պատասխան գործողությունների հետևանքով առ այսօր արյունահեղությունը չի դադարում Գազայում։ Մարտերը տարածվել են հարևան Լիբանան։

XS
SM
MD
LG