Ցուցարարները վանկարկում էին՝ «Թո՛ղ ապրի Գազան», «Վե՛րև՝ ազատագրում, նե՛րքև՝ օկուպացիա»։ Բողոքի ակցիան Մանհեթենում գտնվող ֆոնդային բորսայի նշանավոր շենքի դիմաց էր:
«Այստեղ գտնվեու նպատակը պահանջելն է ԱՄՆ կառավարությունից՝ դադարեցնել ռումբերի մատակարարումը Իսրայել և դադարել օգուտ քաղել Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի իրականացրած ցեղասպանությունից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում նախորդ մեկ տարվա ընթացքում, հետևյալն է՝ Իսրայելն օգտագործում է ԱՄՆ ռումբերը Գազայում կոտորած կազմակերպելու համար, մինչդեռ՝ Ուոլ Սթրիթում զենք արտադրողների բաժնետոմսերի գներն աճում են»,- ասել է «Հրեական ձայնը հանուն խաղաղության» կազմակերպության քաղաքական հարցերով ղեկավար Բեթ Միլլերը։
Բողոքի ակցիայի ժամանակ մի քանիսը, ծածանելով Իսրայելի դրոշները, փորձեցին արտաբերել իսրայելամետ կոչեր:
Պաղեստինամետ ցուցարարներից ոչ ոք չներխուժեց բորսայի շենք, բայց առնվազն 200-ը անցան շենքին հարակից Բրոդ փողոցում տեղակայված անվտանգության ցանկապատից ներս և նստած սպասում էին, որ իրենց բերման ենթարկեն:
Բորսայի խոսնակը հրաժարվել է արձագանքել տեղի ունեցածին:
Ոստիկանները հերթով բերման էին ենթարկում ցուցարարներին։ Երբեմն մեկ ցուցարարին բերման էին ենթարկում երեքից չորս ոստիկան:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալվածների թիվը մոտ 200-ն է։ Իրավապահները մանրամասներ չեն հայտնել, այդ թվում՝ առաջադրված մեղադրանքների մասին։
Ուշագրավ է, որ բողոքի այս ակցիան կայացավ մեկ շաբաթ անց, երբ աշխարհը հիշատակում էր մեկ տարի առաջ հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» կազմակերպած արյունալի գրոհի զոհերին: Իսրայելի պատասխան գործողությունների հետևանքով առ այսօր արյունահեղությունը չի դադարում Գազայում։ Մարտերը տարածվել են հարևան Լիբանան։