Մոսկվան ու Պեկինը Մոնտենեգրոյում փորձարկում են ազդեցության մեթոդներ՝ Արևմուտքի վրա ներազդելու համար

Պոդգորիցա, Մոնտենեգրո։ Սեպտեմբերի 22, 2024 թվական։

Փորձագետներն անդրադարձել են հարցին, թե ինչպես են ավտորիտար ռեժիմներն օգտագործում Մոնտենեգրոն որպես «փորձադաշտ»՝ արևմտյան ժողովրդավարությունների վրա ներազդելու համար։

Չինաստանի և Ռուսաստանի նման ավտորիտար ռեժիմների անթաքույց նպատակն է խարխլել ժողովրդավարական ինստիտուտներն ու նորմերը ողջ աշխարհում՝ ոչնչացնելու արևմտյան քաղաքակրթության հենասյուները և աշխարհակարգը փոխելու համար:

Այդ նպատակին հասնելու համար Մոսկվան ու Պեկինը ձգտում են «օգտագործել» այնպիսի երկրներ, որոնցից է Մոնտենեգրոն, որպես «փորձադաշտ»: Նորություն չէ, որ այդ երկրի փոքր չափերի ու սակավ ռեսուրսների պատճառով արտաքին ավտորիտար ուժերը կարող են զգալի քաղաքական ազդեցություն ունենալ այնտեղ:

Your browser doesn’t support HTML5

Մոնտենեգրոյում փորձարկում են ազդեցության մեթոդներ

ԱՄՆ մայրաքաղաքում գործող Ժողովրդավարական հետազոտությունների միջազգային ֆորումի (International Forum For Democratic Studies) հրապարակած զեկույցի համաձայն՝ Ռուսաստանն ու Չինաստանը, օգտագործելով Սերբիան որպես «տարածաշրջանում իրենց ազդեցությունը ուժեղացնող գործիք» և կիրառելով քաղաքական, տնտեսական, լրատվական ու մշակութային լծակներ, փորձել են ներազդել Մոնտենեգրոյի խորհրդարանական ընտրությունների վրա։

Զեկույցը վերնագրված է «Պայքարն Արևմտյան Բալկաններում ավտորիտար ազդեցության դեմ. Մոնտենեգրոյի օրինակը» (The Struggle Against Authoritarian Influence in The Western Balkans: Montenegro as a Test Case), և այն ներկայացվել է վաշինգտոնյան Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամում (National Endowment for Democracy)` Մոնտենեգրոյում կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարող MANS ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Վանյա Չալովիչ-Մարկովիչի կողմից, ով հանրահայտ է իր հայրենիքում։

Մոնտենեգրոյում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար և կոռուպցիայի ու հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած Վանյա Չալովիչ-Մարկովիչը պարգևատրվել է Ֆրանսիայի՝ «Ժողովրդավարությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով՝ բարձրագույն պարգև, որը տրվում է օտարերկրացիներին՝ հանուն ազատության պայքարում ակնառու ջանքերի համար:

Հանդես գալով զեկույցով՝ Վանյա Չալովիչ-Մարկովիչը ընդգծել է, թե Հարավային Եվրոպան, այդ թվում՝ իր հայրենի Մոնտենեգրոն, կարևոր աշխարհաքաղաքական հանգույց է, որը կապում է Եվրոպան ու Ասիային։

Նրա խոսքով՝ չնայած բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տարածաշրջանում «շարունակում է արմատավորված լինել կոռուպցիան, սուր է միջէթնիկ հակասությունների հարցը, ժողովրդավարությանը թշնամաբար տրամադրված ծայրահեղ աջ շարժումները տակավին ակտիվ են, որոնք հաճախ են օգտագործվում ավտորիտար ռեժիմների կողմից՝ որպես ազդեցության գործակալներ»։

«Միևնույն ժամանակ, Մոնտենեգրոն ՆԱՏՕ-ի անդամ է ու Եվրամիությանն անդամակցելու հեռանկար ունեցող երկիր»,- հիշեցրել է բանախոսը։

Վանյա Չալովիչ-Մարկովիչը հատուկ կանգ է առել Սերբիայի վրա՝ որպես «ռուսական ազդեցության գործակալ-երկրի, որը տարածում է Կրեմլի նարատիվները և մշակում է մեթոդներ՝ իր հարևանի վրա ներազդելու համար»:

«Կրեմլը փորձել է ազդել Մոնտենեգրոյի ընտրությունների վրա՝ աջակցելով ռուսամետ քաղաքական խմբերին, ինչպիսին է Դեմոկրատական ճակատը։ Մոսկվան աջակցում է անգամ եվրոպամետ քաղաքական ուժերին, գնում լրատվամիջոցներ, ստեղծում «մշակութային հաստատություններ», որոնք առաջ են մղում Կրեմլին շահավետ պատումներ։ Մինչդեռ, Չինաստանը փորձում է շահել Մոնտենեգրոյում առկա կոռուպցիայից՝ իրեն ներկայացնելով որպես բարեկամական տրամադրված տնտեսական ուժ», որը իբր կենտրոնացած է միայն տնտեսական, գիտական և մշակութային համագործակցության վրա, սակայն ակնհայտ է, որ Մոնտենեգրոյում Չինաստանը ընդլայնում է իր քաղաքական ազդեցությունը»,- նշել է բանախոսը։

Չալովիչ-Մարկովիչը նկարագրել է, թե ինչպես է Պեկինը ակտիվորեն ֆինանսավորում կոռուպցիոն գործարքներ, որոնք շրջանցում են պետական մարմինները, թուլացնում ժողովրդավարական ինստիտուտները Մոնտենեգրոյում՝ խարխլելով վստահությունը առանցքային ինստիտուտների՝ պետական կառույցների, լրատվամիջոցների նկատմամբ և խորացնելով հանրության շրջանում առկա պառակտումները։

«Ոմանց կարծիքով՝ այս ամենը միջազգային կարգի համար վտանգավոր չէ, քանի որ Մոնտենեգրոն փոքր պետություն է, որի բնակչությունը մեկ միլիոնից էլ պակաս է։ Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ մեր երկիրը փորձադաշտ է, ուր փորձարկվում են տարբեր մոտեցումներ, և արդյունքում՝ մշակված մեթոդները կարող են կիրառվել այլ պետություններում»,- ասել է բանախոսը։

Չալովիչ-Մարկովիչը կոչ է արել դիմակայել նման սպառնալիքին՝ աջակցելով տեղի քաղաքացիական հասարակությանը, որը կարող է անփոխարինելի դեր խաղալ հատկապես ընտրությունների մշտադիտարկման ժամանակ:


Հատկապես ի՞նչն է մտահոգիչ արևելաեվրոպական զարգացումներում

Պրահայում գործող Sinopsis.Cz վերլուծական կենտրոնի ղեկավար Մարտին Հալան կարծում է, թե «Չինաստանի նկրտումները Արևելյան Եվրոպայում այլևս ակնհայտ էին դեռ 2012 թվականին՝ «16 գումարած 1» ասոցիացիայի ստեղծումից հետո․ 16 Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներ և Չինաստանը:

«Այդ «տնտեսական դիվանագիտությունը» ուղղակի կարգախոս էր, որն օգտագործվեց Արևելյան Եվրոպա ներթափանցելու համար։ Շատ դեպքերում պարզվում է, որ ներդրումային հոսքերն ուղղված են կոնկրետ անձանց կամ հաստատությունների՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել»,- ասել է Հալան։

Ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի ներկայացուցիչ Մարտին Վլադիմիրովը կանգ է առել Մոսկվայի մարտավարության վրա։

«Ռուսներն այնդան բարդ չեն, որքան չինացիները։ Նրանք օգտվում են կարգավորող մարմիններում առկա բացերից՝ լոբբինգ անելով երկարաժամկետ տնտեսական գործարքներ: Կաշառում են պետական կառույցները տեղի «գործընկերների»՝ օլիգարխների միջոցով և առաջ են մղում խոշոր նախագծեր, որոնք դժվար է կասեցնել»,- նշել է Վլադիմիրովը:

Ըստ բանախոսի՝ հաջորդ կարևոր հանգամանքն է, որ Մոսկվան այլևս միայնակ չի գործում։

«Նրանք աշխատում են Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում՝ տեղի բռնապետությունների հետ միասին՝ երբեմն ներգրավելով Իրանին։ Օրինակ, Բալկաններում ռուսական ազդեցության կենտրոնը Սերբիան է»,- ասել է Մարտին Վլադիմիրովը:

Վանյա Չալովիչ-Մարկովիչը հավելել է՝ Սերբիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են Մոնտենեգրոյում ազդեություն տարածելու հարցում։


Ի՞նչ պետք է անել Արևելյան Եվրոպայում՝ դիմակայելու Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությանը

Մարտին Վլադիմիրովը կարևոր է համարել անկախ լրատվամիջոցների ստեղծումը, որոնց գործունեությունը անփոխարինելի նշանակություն ունի ժողովրդավարական որևէ հասարակությունում։

Նաև՝ այլևս պահանջված է վերլուծական կենտրոնների ցանցի հիմնումը Արևելյան ու Հարավային Եվրոպայում, որը «կպատրաստի մասնագետներ՝ Մոսկվայի, Պեկինի և այլ ավտորիտար ռեժիմների ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարելու համար»։

Վանյա Չալովիչ-Մարկովիչը հավելել է՝ կարևոր է Բալկաններում ստեղծել անդրսահմանային կազմակերպություններ՝ վերահսկելու ընտրությունները և քաղաքական կուսակցությունների գործունեությունը, թե արդյոք վերջիններս օտաերկրյա ազդեցության ներքո չեն:

Նման կազմակերպությունները, ըստ բանախոսի, «ապագայում կարող են նաև հսկել երկրի տեղեկատվական տարածքը՝ օտաերկրյա միջամտությունից»:

Մարտին Հալան առաջարկել է, որ «տարածաշրջանի քաղհասարակության ներկայացուցիչները միջազգային անկախ վերահսկողական համակարգ հիմնեն՝ Արևելյան ու Հարավային Եվրոպայի քաղաքական դաշտի համար»։