Արևմուտքի հետ առճակատման պայմաններում Ռուսաստանը պետք է «ամրոց» կառուցի՝ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու համար՝ հայտարարել է այդ երկրի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ նման պատի հետևում «Ռուսաստանը կզարգանա՝ չվախենալով թշնամական հարձակումներից»։
Հայտնի չէ՝ արդյո՞ք Ռյաբկովը նկատի ունի, թե Կրեմլը մտադիր է համացանցի օգտագործման նկատմամբ լուրջ սահմանափակումներ մտցնել, փոխարենը հայտնի է, որ վերջերս հրապարակված Ռուսաստանի 2025-2027 թվականների պետբյուջեի նախագծի համաձայն՝ միջոցներ են հատկացվելու համացանցի ռուսատանյան հատվածը՝ Рунет-ը, մեկուսացնելու և այնտեղ «հոգևոր ու բարոյական արժեքները» խթանելու համար։
Նախատեսված է, որ 60 միլիարդ ռուբլի (ավելի քան 620 միլիոն դոլար) կծախսվի միայն VPN ծառայությունների դեմ պայքարի համար, ևս 25 միլիարդ՝ ցանցում «հոգևոր արժեքները» խթանելու նպատակով։
Your browser doesn’t support HTML5
Գումարը տնօրինելու են Роскомнадзор-ի և Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կողմից վերահսկվող Институт развития интернета-ի ենթակայության ներքո գտնվող տարբեր կառույցներ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Рунет-ի մեկուսացման համար հատկացված գումարը անգամներով գերազանցում է Ռուսատանի բազմաթիվ քաղաքների տարեկան բյուջեները։
Թեև նման գումարի մասին հրապարակում եղել է, սակայն դեռ հստակ չէ՝ արդյո՞ք այդ գումարն, իրոք, կհատկացվի՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է «Համացանցի պաշտպանության համայանքի» ղեկավար Միխայիլ Կլիմարևը։ Միաժամանակ, մեր զրուցակիցը ընդգծում է՝ պուտինյան ռեժիմը լրջորեն է տրամադրված երկրում գրաքննություն հաստատելու և համացանցից հեռացնելու «այն ամենն, ինչ դուր չի գալիս Կրեմլին»։
«Միևնույն ժամանակ նրանք ցանկանում են, որ համացանցը շարունակի աշխատել։ Փաստորեն, Роскомнадзор-ն այժմ այնպիսի իրավիճակում է, որ շախմատիստներն անվանում են ցուգցվանգ։ Սա այն դեպքն է, երբ, անկախ նրանից, թե որն է ձեր հաջորդ քայլը, այն տանում է դեպի պարտություն: Եվ հենց այդ գերատեսչությունն է իրեն դրել նման իրավիճակում։ Եթե միջոցները ծախսվեն, բայց նպատակները չկատարվեն, ապա հարց կառաջանա՝ ինչի՞ համար էր պետք սկսել այս ամենը»,- ասում է Կլիմարևը։
Սակայն ռուսական իշխանությունները չեն կարող ամբողջությամբ արգելափակել համացանցը, քանի որ այն կսկսի հարվածել երկրի տնտեսությանը՝ շարունակեց մեր զրուցակից։
«Համաշխարհային ցանցն այժմ հսկայական դեր է խաղում երկրի տնտեսության մեջ։ Փակեք Ռուսաստանը, և երկիրը կապրի բացառապես սեփական Рунет-ում: Ինչպե՞ս առևտուր անել, վաճառել նավթը, ապրանքներ գնել և այլն: Եթե Ռուսաստանը լիովին անջատվի համացանցից, չեմ ասի, որ այն կփլուզվի, բայց չափազանց դժվար կլինի [Մոսկվայի համար]»,- նշում է Միխայիլ Կլիմարևը։
Կարծես, իշխանություններն իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում՝ ասում է փորձագետը․ «Եթե նրանք փորձում են արգելել ռուսաստանցիներին շփվել արտաքին աշխարհի հետ, ապա սխալ ուղղությամբ են գնում, որովհետև համացանցում ամեն ինչ կոդավորված է և տեխնիկապես անհնար է արգելափակել այդ ամենը։ Բայց իշխանությունները կարող են վատացնել համացանցի որակը»,- ամփոփեց Կլիմարևը։
Կրեմլն այժմ փորձում է ռուսաստանցիների համար փակել համացանցը՝ ասում է РосКомСвобода-ի իրավաբան Սարգիս Դարբենյանը՝ հավելելով, սակայն, որ, օրինակ, Ռուսաստանում օգտատերերի մոտավորապես մեկ երրորդը VPN-ն է օգտագործում կամ մտադիր է կիրառել՝ շրջանցելու պետական արգելափակումները։
«Ռուսաստանի իշխանություններն այժմ ունեն և՛ ցանկություն, և՛ հնարավորություն՝ այսպես ասենք, ուժով հեռացնելու ռուսաստանցիներին արգելված համացանցային հարթակներից, ծառայություններից, որոնք համահունչ չեն Կրեմլի քարոզչությանը»,- ասում է Դարբենյանը:
Mindscapes հետազոտական կենտրոնի համաձայն՝ ռուսաստանցիների միայն մեկ երրորդն է մտահոգ իրենց երկրում YouTube-ի հասանելիությամբ։ Գրեթե նույնքանն էլ՝ 29%-ը մտադիր է VPN օգտագործել, եթե հարթակը դադարի գործել:
Սարգիս Դարբենյանը շարունակում է, թե համացանցում իր նպատակներին հասնելու համար Կրեմլը տպավորիչ գումարներ է հատկացրել․ «Դրանք թույլ կտան անօրինական եղանակով Ռուսաստան ներմուծել պատժամիջոցների ներքո գտնվող տեխնիկա՝ Ռուսաստանում համացանցը մեկուսացնելու համար։ Սակայն, այնուամենայնիվ, անգամ նման միջոցների առկայության պարագայում բավականին դժվար կլինի պայքարել VPN-ների դեմ, որոնք օգտագործում են ժամանակակից արձանագրություններ և թույլ են տալիս խաբել գրաքննության համակարգերին»:
Փաստաբանի կարծիքով՝ Ռուսաստանը միջազգային համացանցից ամբողջությամբ անջատելու համար՝ Կրեմլը, թերևս, պետք է անցում կատարի համացանցի իրանական մոդելին. «Խոսքն այն մասին է, որ երկրում կաշխատեն միայն այն IP հասցեները, որոնք կտրամադրի կառավարությունը։ Բայց դեռ չգիտենք՝ արդյո՞ք Կրեմլը պատրաստ է նման սցենարի, որովհետև այն կունենա շատ լուրջ հետևանքներ և լրջորեն կսահմանափակի Ռուսաստանի հնարավորությունները առևտուր անելու մնացած աշխարհի հետ։ Այժմ պուտինյան Ռուսաստանը, այնուամենայնիվ, ցանկանում է լինել միջազգային հանրության մաս և առևտուր անել Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի հետ։ Առանց համացանի դա գրեթե անհնար է»։
Սարգիս Դարբենյանը եզրափակեց՝ մինչև Կրեմլում կորոշեն, թե ի վերջո ինչ կարգի համացանց են ցանկանում թույլատրել Ռուսաստանում, խորհուրդ տվեց ռուսաստանցիներին ներբեռնել Amnezia VPN, Psiphon կամ Tor-ը, որոնք ունակ են շրջանցել առցանց գրաքննությունը։