ԱՄՆ նախագահի թեկնածուները պատրաստվում են վերջին շաբաթների նախընտրական արշավներին

Հարիս-Թրամփ նախագահական բանավեճ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, և դեմոկրատ ու հանրապետական թեկնածուներին սպասվում են հագեցած շաբաթներ ու սուր ներքաղաքական պայքար։

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում էր՝ կողմնակիցների հետ հանդիպմանը։ Հիշեցնենք՝ հենց այս բնակավայրում էր, որ Թրամփի դեմ իրականացվեց առաջին մահափորձը, և հանրապետական գործիչը ընդգծեց՝ միջադեպը ստիպել է իրեն լինել ավելի վճռական:

«Նախորդ ութ տարիներին նրանք, ովքեր ցանկանում են խանգարել մեզ հասնել այս ապագային, զրպարտել են ինձ, իմփիչմենթ են ձեռնարկել, մեղադրել ինձ, փորձել են այնպես անել, որ իմ անունը տեղ չգտնի քվեաթերթիկներում և, ով գիտի, գուցե, փորձել են սպանել ինձ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:

Լրագրողների խնդրանքով՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնն արձագանքել է Թրամփի խոսքերին:

«Չեմ կարծում, թե նրանք ասում են, որ Դեմոկրատական կուսակցությունն է կանգնած մահափորձի հետևում: Կարծում եմ՝ ինչ նրանք ակնարկում են, այն է, ինչ բոլորս ասում էինք: Նրանք պետք է մեղմեմ հռետորաբանությունը»,- նշել է Ջոնսոնը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը քարոզարշավին զուգահեռ չի մոռանում երկրի գործող փոխնախագահի իր պարտականությունները։ Շաբաթ օրը նա Հյուսիսային Կարոլինայում էր՝ խոստանալով դաշնային կառավարության աջակցությունը «Հելեն» փոթորկից տուժած համայնքներին:

Այցից մեկ օր առաջ Հարիսը խոսել է նախընտրական քարոզարշավի մասին։

«Շատ սրված մրցավազք է լինելու մինչև [քարոզարշավի] ավարտ»,- ասել է Քամալա Հարիսը։

Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին կիրակի NBC-ի եթերում հարցրել են՝ արդյո՞ք վստահ է, որ Հարիսն ու դեմոկրատները ճնշող մեծամասնությամբ կհաղթեն նոյեմբերի ընտրություններում:

«Հաշվի առնելով, թե որքան պառակտված է երկիրը, ճնշող մեծամասնությամբ հաղթել, գուցե, կնշանակի հաղթել 100 հազար ձայնի կամ 80 հազար ձայնի տարբերությամբ առանցքային, ռազմաճակատ հանդիսացող նահանգներում: Երիտասարդները, ովքեր մաս չէին [քաղաքական գործըթնացին], այժմ ներգրավված են, հետաքրքրված են և, ակտիվ ու կամավոր աշխատանքներ են կատարում [քաղաքական դաշտում]։ Մենք պատրաստ ենք հաղթել, բայց [շանսերը] սարսափելիորեն մոտ են»,- ասել է Շիֆը:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը այս շաբաթ զբաղված է լինելու մի շարք լրատվամիջոցներով, ներառյալ՝ հայտնի թոք-շոուներով հանդես գալով: Սպասվում է, որ նա հինգշաբթի քարոզարշավ կանցկացնի Նևադայում, իսկ ուրբաթ՝ Արիզոնայում:

Թրամփի նախընտրական թիմի փոխանցմամբ՝ նախկին նախագահը չորեքշաբթի կմեկնի Փենսիլվանիա՝ ելույթ ունենալու Սքրանթոնում և նույն օրը հանրահավաք կանցկացնի Ռեդինգ քաղաքում: