Պատերազմի մեկնարկից մեկ տարի անց Գազայում կանգուն բուժհաստատություններ գրեթե չեն մնացել

Գազա, հուլիսի 29, 2024

Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից մեկ տարի անց շրջանում գրեթե չեն մնացել բժշկական հաստատություններ։ Հիվանդանոցները դժվարանում են նույնիսկ տարրական բուժօգնություն ցուցաբերել։ Եզակիներից է «ալ-Աքսա» հիվանդանոցը, որը պետք է սպասարկի մոտ մեկ միլիոն մարդու։

Դեյր ալ-Բալահում գտնվող «ալ-Աքսա» հիվանդանոցը այն սակավաթիվ բժշկական հաստատություններից է, որն այսօր էլ սպասարկում է Գազայի հատվածի բնակչության կեսին՝ մոտ մեկ միլիոն մարդու:

Գազայի հյուսիսից տեղափոխված բժիշկ Իբրահիմ Աբուսաքերի համար յուրաքանչյուր օրը նշանակում է նոր զոհեր՝ Իսրայելի ու «Համասի» միջև շարունակվող ռազմական գործողությունների պատճառով

«Պատերազմ է։ Ամեն պահի վիրավորների ենք սպասում։ Ամեն ինչ սպասելի է՝ խնդիրներ, դժվարություններ․․․ հատկապես՝ վիրահատարանում։ Միշտ փորձում ենք կառավարել իրավիճակը՝ հաշվի առնելով վիրավորների մեծ թիվը, նրանք կարող են ամեն պահի գալ։ Ինչպե՞ս, որտե՞ղ գտնել նրանց տեղավորելու և բուժելու հնարավորություն»,- ասում է Աբուսաքերը։

Սակայն նորեկ հիվանդների համար մահճակալներ գտնելը նրա հիմնական գործը չէ․ Աբուսաքերը հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության բաժնի ղեկավարն է

Նա իր օրը սկսում է՝ այցելելով իր հիվանդներին, որոնց թվում է Էման Ալ-Ռային։

Your browser doesn’t support HTML5

Պատերազմի մեկնարկից մեկ տարի անց Գազայում կանգուն բուժհաստատություններ գրեթե չեն մնացել

Աղջկա մայրը՝ Ռեդա Ալ-Ռային, ասում է, որ դուստրը կորցրել է ոտքը իրենց տան վրա իսրայելական հրթիռային հարվածի հետևանքով և գուցե ևս մեկ վիրահատության կարիք լինի՝ մյուս ոտքը փրկելու համար։

Ռեդայի խոսքով՝ լուրջ խնդիր է դեղորայքի պակասը։

«Երբեմն ողջ հիվանդանոցով լսվում են նրա ճիչերը։ Գրեթե մահանում է ցավից։ Նույնը շատերի հետ է։ Այս գիշեր իմ դուստրը չքնեց։ Նրան ցավազրկողներ, դեղորայք և բուժում է պետք։ Բավականաչափ ռեսուրս չկա։ Բայց փառք Աստծո, որ այս հիվանդանոցը կա։ Այն ավելի շատ ծառայություններ է տրամադրում, քան կարող է»,- ասում է Ռեդա Ալ-Ռային:

Բժիշկ Աբուսաքերը օրվա մեծ մասը վիրահատարանում է։ Ասում է, թե մշտապես մտահոգ է՝ ինչպես վարվել պակասող դեղերի, բժշկական պարագաների հետ, և շարունակ այլընտրանքներ է փնտրում, իսկ հիվանդանոցի նկատմամբ պահանջարկն աճում է:

«Բժշկական սարքավորումների պակասը սահմանափակում է հիվանդանոցի հնարավորությունները։ Վիրահատական գործիքներ գրեթե չունենք։ Ինչ էլ որ հարցնես, պատասխանը միշտ նույնն է՝ «չունենք, վերջացել է»: Հիվանդանոցի վիճակը աննկարագրելի է՝ սկսած բժշկական պարագաների և վիրաբուժական գործիքների պակասից մինչև կլինիկական կարողություններ»,- ասում է Իբրահիմ Աբուսաքերը:

Վիրահատարանում մի ողջ օր անցկացնելուց հետո բժիշկ Աբուսաքերը նորից շրջում է բաժանմունքներով։ Ամեն ամիս հազարավոր մարդիկ են գալիս, և անհանգիստ է, թե որքան ժամանակ ինքն ու մյուս աշխատակիցները դեռ կկարողանան այդպես աշխատել։

«Չգիտեմ, թե ինչպես այս պատերազմը սկսվեց և ինչպես կավարտվի: Բայց վիրավորներին օգնելը մեր հնարավորություններից վեր է: Սա վեր է ցանկացած մարդու, բժշկի, հիվանդանոցի կամ որևէ մեկի կարողությունից: Չգիտեմ, թե ինչպես դիմացանք ցավին և հոգնածությանը, բայց մենք դեռ դիմանում ենք: Աղոթում եմ, որ այս պատերազմը շուտ ավարտվի»,- ասում է Աբուսաքերը:

Ցավոք, դիվանագիտական ջանքերի ձախողման պայմաններում քիչ հույս կա, որ նրա աղոթքները կլսվեն։