Կալիֆոռնիայում դասերի ընթացքում սահմանափակելու են հեռախոսներից օգտվելը

Կալիֆոռնիայի դպրոցներ

Նման սահմանափակումներ արդեն գործում են ԱՄՆ մի շարք նահանգներում։

Կալիֆոռնիայի դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմը երկուշաբթի ստորագրել է նոր օրենք, որի համաձայն նահանգի դպրոցները պետք է մշակեն կանոններ`
սահմանափակելու աշակերտների` դասաժամերին հեռախոսներից օգտվելու
հնարավորությունները։

Կալիֆոռնիան ԱՄՆ առաջին նահանգը չէ, որ փորձում է դպրոցականների համար
սահմանափակել հեռախոսների օգտագործումը՝ դասարանում շեղող
հանգամանքները և սոցիալական ցանցերի վնասակար ազդեցությունը երեխաների
հոգեկան առողջության վրա նվազագույնի հասցնելու նպատակով։ Նմանատիպ
օրենքներ արդեն իսկ ընդունվել են Ֆլորիդայում, Լուիզիանայում, Ինդիանայում և այլ նահանգներում։

«Նոր օրենքը կօգնի աշակերտներին կենտրոնանալ ուսման, սոցիալական
զարգացման և իրենց առջև գտնվող աշխարհի վրա, այլ ոչ թե էկրանների, երբ
նրանք գտնվում են դպրոցում», – հայտարարել է Նյուսոմը։


Այդուհանդերձ, նոր օրենքի քննադատները նշում են, որ ընդունվող կանոնների
պահպանման ապահովումը չպետք է ուսուցիչների ուսերին դրվի։ Մյուսները
մտավախություն ունեն, որ այս կանոնների պատճառով աշակերտներին ավելի
դժվար կլինի օգնություն կանչել արտակարգ իրավիճակներում, կամ պնդում են, որ
հեռախոսների արգելման մասին որոշումները պետք է ընդունվեն առանձին
շրջանների կամ դպրոցների մակարդակով։

Օրենքը պահանջում է, որ դպրոցները մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը ընդունեն կանոններ, որոնք կսահմանափակեն կամ կարգելեն աշակերտներին օգտագործել սմարթֆոններ դպրոցների տարածքում կամ այն ժամանակ, երբ նրանք գտնվում են դպրոցական անձնակազմի հսկողության ներքո։

Օրենքը ներկայացվել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի՝
Ասամբլեայի անդամ, հանրապետական Ջոշ Հուվերի կողմից՝ մի խումբ
երկկուսակցական օրենսդիրների հետ միասին, որոնք, ի դեպ, բոլորն էլ ծնողներ են։

«Աշակերտների համար, իհարկե, երբեմն դժվար է լինելու ազատվել այդ
կախվածությունից։ Բայց, կարծում եմ, ընդհանուր առմամբ, նրանք հասկանում են,
թե ինչու է այն կարևոր, և ինչու կօգնի նրանց ավելի լավ կենտրոնանալ դասերի վրա և շատ շփվել հասակակիցների հետ, երբ նրանք դպրոցում են»,– հայտարարել է Հուվերը։

Որոշ ծնողներ մտահոգված են, որ դպրոցում բջջային հեռախոսների օգտագործման
արգելքը կարող է զրկել իրենց երեխաների հետ կապվելու հնարավորությունից
արտակարգ իրավիճակի դեպքում։ Նման մտահոգություններ կրկին հնչեցին այս
ամսվա սկզբին` Ջորջիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով չորս մարդ զոհվեց, ևս ինը վիրավորվեցին։

Հեռախոսների օգտագործման սահմանափակման կողմնակիցները բերում են
հետևյալ հակափաստարկը` դպրոցում կրակոցների դեպքում ավելի լավ է, որ հեռախոսները անջատված լինեն, որպեսզի զանգերը չբացահայտեն աշակերտների
գտնվելու վայրը։