Հույս, միասնություն և աշխատանք՝ սրանք էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրաժեշտի ուղերձը հիմնական խոսքերը, որ նա ուղղեց աշխարհ ղեկավարներին երեքշաբթի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ունեցած իր, ըստ ամենայնի, վերջին ելույթի ժամանակ:
ԱՄՆ-ի առաջնորդը աշխարհին հորդորեց միասին աշխատել Գազայում, Ուկրաինայում և Սուդանում հակամարտություններին վերջ տալու համար՝ նաև ներկայացնելով իր վարչակազմի աշխատանքը աշխարհում առողջապահական խնդիրների լուծման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում:
«Գործընկերնե՛ր, եկեք երբեք չմոռանանք, որ շատ այլ բաներ ավելի կարևոր են, քան իշխանության մնալը։ Դա ձեր ժողովուրդի կամքն է»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Սակայն Մերձավոր Արևելքում հակամարտությանը վերջ տալու Բայդենի կոչը ցույց տվեց, թե որքան խորն են հակասությունները միջազգային հանրության շրջանում, որոնք դրսևորվեցին նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում:
«Անգամ սրված իրավիճակում դիվանագիտական լուծումը հնարավոր է: Դա է կայուն անվտանգություն հաստատելու միակ ճանապարհը, որը թույլ կտա երկու երկրների բնակիչներին անվտանգ վերադառնալ իրենց տներ: Մենք անխոնջ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- շարունակել է Բայդենը:
Սակայն շատերն են այն կարծիքին, որ հակամարտությունները Գազայում և Ուկրաինայում դժվար թե հանգուցալուծվեն Բայդենի նախագահության ընթացքում:
«Կարծում եմ՝ նախագահը ընդգծում է այն քաղաքականությունը, որը նա միշտ առաջ է տարել՝ աջակցություն Իսրայելին, բայց նաև ի ցույց է դնում որոշակի համակրանք, ըմբռնում Գազայի ծանր վիճակի հետ կապված, ու հույս ունի, որ [հակամարտությունը] կհանգուցալուծվի։ Մյուս կողմից, չի կարողանում վերահսկել իրավիճակը»,- ասում է American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Ջոն Ֆորթիերը:
Դիտորդները նշում են, որ Իսրայելին ցուցաբերվող Վաշինգտոնի նման աջակցությունը ամենևին չի նպաստում ՄԱԿ-ում ԱՄՆ դիրքերի ամրապնդմանը, ուր կազմակերպության բազմաթիվ անդամներ քննադատում են Իսրայելի գործողությունները Գազայում և այժմ էլ Լիբանանում:
Երեքշաբթի ՄԱԿ-ի ղեկավարը նախազգուշացրել է «բարոյապես անտանելի» անպատժելիության մասին։
«Ոչինչ չի կարող արդարացնել հոկտեմբերի 7-ին «Համասի» կողմից իրականացված սարսափելի ահաբեկչությունը կամ պատանդ վերցնելը, որոնք ես բազմիցս դատապարտել եմ: Եվ ոչինչ չի կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդին հավաքական պատժի ենթարկելը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան բազմաթիվ երկրների ղեկավարների համար հնարավորություն է քննարկել աշխարհում առկա մարտահրավերներն ու տեսլականները, և օրակարգի գլխավոր հարցն է, թե ինչ կարելի է անել Գազայում, Ուկրաինայում և Սուդանում շարունակվող պատերազմների դեմն առնելու համար: