Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումից ավելի քան երեք տարի անց էլ մի շարք հարցեր տակավին անպատասխան են․ տեղահանվեց ավելի քան 123 հազար մարդ, իրականացվեցին ահաբեկչական գործողություններ, ինչի հետևանքով զոհվեցին 13 ամերիկացի զինծառայողներ և 169 աֆղան խաղաղ բնակիչներ:
Հանրապետականների գլխավորած Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի անվստահություն է հայտնել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ նշելով, որ նա անտեսել է որոշ հարցերի պատասխանելու օրենսդիրների առաջարկը:
«Ամիսներ շարունակ, երբ պետքարտուղարը անտեսեց վկայություն տալու համար իրեն ուղղված անհամար խնդրանքները, ստիպված էի նրան պաշտոնապես կանչել՝ քննարկելու Աֆղանստանից ուժերի աղետալի դուրսբերման մասին իմ զեկույցի հետևությունները: Պետքարտուղար Բլինքենը անտեսել է ծանուցագիրը և հրաժարվել ներկայանալ»,- ասել է Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ ՄըքՔոլը։
Your browser doesn’t support HTML5
Այդուհանդերձ Բլինքենը հանդես է եկել հանձնաժողովի առջև՝ պատասխանելու Աֆղանստանին վերաբերյալ հարցերին, սակայն ընդգծել է, թե օրենսդիրների առաջարկած օրը Կոնգրես գալ չէր ստացվի, քանզի զբաղված էր։
«Նրանք՝ [արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները] չեն կարող պարզապես ամսաթիվ նշանակել, քանի որ այլ հանդիպումներ {կան], օրինակ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելը կամ քննարկում կազմակերպելը՝ ֆենտանիլի խնդրին լուծումներ գտնելու համար, կամ [պետքարտուղար Բլինքենը] Մերձավոր Արևելքում էր՝ փորձելով հասնել կրակի դադարեցմանը»,- հայտարարել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Ներկայացուցիչների տան դեմոկրատները պնդում են, որ Էնթոնի Բլինքենին անվստահություն հատնելու հանրապետականների բանաձևը ընդամենը փորձ է ընտրություններից առաջ վարկաբեկել Բայդենի վարչակազմը:
«Պարզ է, որ սա քաղաքական քայլ է: Ինչ-որ մեկին անվստահություն հայտնելը ծանր և հազվադեպ օգտագործվող Կոնգրեսի գործիքն է, որը նախատեսված է [ԱՄՆ օրենսդիրների աշխատանքը] իրապես խոչընդոտելու դեպքերի համար»,- ասել է Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամ Գրեգորի Միքսը:
Ինչևէ, հանձնաժողովի պատրաստած զեկույցի համաձայն՝ Բայդենի վարչակազմն անտեսել է անվտանգությանն առնչվող խնդիրները, և Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրս բերումն, ի վերջո, վնաս է հասցրել ԱՄՆ-ի վարանիշին:
ԱՄՆ արտաքին քաղաքական ոլորտում նախկին բարձրաստիճան հանրապետական գործիչ Ջոն Բոլթոնը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի նման դուրս բերումը մի շարք սխալ որոշումների արդյունք էր:
«Թրամփի վարչակազմն արժանի է քննադատության՝ թալիբների հետ հարաբերություններ սկսելու համար: Դա առաջին սխալն էր. Աֆղանստանի կառավարությանը բանակցություններում չներառելը աղետալի սխալ էր։ Բայց Բայդենը կարող էր հրաժարվել թալիբների հետ Թրամփի վարչակազմի գործարքից»,- ասել է Բոլթոնը։
Գաղտնիք չէ, որ Աֆղանստանում կտրուկ վատցել է մարդու իրավունքների վիճակը երկրից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո։
«Օսկարի» մրցանակակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը երկուշաբթի ՄԱԿ-ում միացել է աֆղան կին առաջնորդներին՝ բարձրաձայնելու աղետալի իրավիճակի մասին:
«Այսօր Քաբուլում իգական սեռի կատուն ավելի շատ ազատություններ ունի, քան կինը»,- հայտարարել է եռակի օսկարակիր դերասանուհին:
Այս օգոստոսին թալիբներն արգելեցին կանանց հանրային վայրերում ցույց տալ իրենց դեմքերն ու խոսել: