Հարիսի վարկանիշն աճում է ամերիկուհիների շրջանում, մինչդեռ տղամարդ ընտրողները նախընտրում են Թրամփին։

Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը շարունակում են թեժ ընտրապայքարը, սակայն դեմոկրատների թեկնածուն զգալի առավելություն է ստացել կին ընտրողների շրջանում, որոնց մասնակցությունը քվեարկությանը, սովորաբար, ավելի մեծ է, քան տղամարդկանց։ Ընտրապայքարին միանալու Հարիսի որոշումը խորացրել է, գենդերային ճեղքվածքը:

1984 թվականից ի վեր՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ավելի շատ կանայք են մասնակցում քվեարկությանը, քան տղամարդիկ, և մեծամասամբ ավելի շատ ձայն են տալիս դեմոկրատներին, քան հանրապետականների։ Այս հուլիսից սկսած ԱՄՆ-ում, կարծես, ակտիվացրել են կին ընտրողները, երբ նախագահ Ջո Բայդենը թողեց ընտրապայքարը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մուտք գործեց քաղաքական ասպարեզ։

«Բավականին լուրջ կերպով փոխվել է տարբեր ուժերի օգտին քվերակող խմբերի ժողովրդագրական պատկերը։ [Փոփոխություններ ենք նկատում] հատկապես կանանց դեպքում, որոնք այժմ ավելի մեծ հավանականությամբ կքվեարկեն դեմոկրատ [թեկնածուի] օգտին, քան Բայդենի ժամանակ էր»։

Նախընտրական այս փուլում յուրաքանչյուր ամերիկուհի նշել է հղիության արհեստական ընդհատման իրավունքը որպես իրեն հետաքրքրող առանցքային խնդիր։ 2022 թվականին Գերագույն դատարանի դատավորները, որոնց մի մասին նշանակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վճռեցին վերացնել աբորտ կատարելու սահմանադրական իրավունքը։

Your browser doesn’t support HTML5

Արդյո՞ք կարող են կանայք ապահովել Հարիսի հաղթանակը

Հայտնի է Թրամփի դիրքորոշումը, թե աբորտին վերաբերող հարցերը պետք է կարգավորվեն նահանգների մակարդակով։ Հարիսի դիրքորոշումն է, որ դաշնային օրենսդրությունը պետք է պաշտպանի աբորտ կատարելու իրավունքը դաշնային մակարդակով՝ ողջ երկրում։

«Հարիսը փորձում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլոր մարդիկ ունեն որոշումներ ընդունելու, սեփական մարմնին վերաբերող [հարցերում որոշում կայացնելու], ընտրություն կատարելու իրավունք։ [Խոսքը] կանանց իրավունքների [մասին է]»։

«Ինձ դուր է գալիս նրա այն ուղերձը, որ նա ծառայում է մարդկանց՝ միջին խավին, որին ես պատկանում եմ։ Բացի այդ, նա առաջ է տանում կանանց իրավունքները խթանող օրենքները»։

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ կին ընտրողների շրջանում Հարիսը Թրամփին գերազանցում է 9-13 տոկոսային կետով։

«Հարիսը գրավում է բազմաթիվ երիտասարդ կանանց, որոնք 50 տարեկանից ցածր, անկախ, որևէ կուսակցության չհարող ընտրողներ են։ Նրանցից շատերը մինչև 40 տարեկան են, և իսկապես խանդավառված են նրանով»։

«Սևամորթ և իսպանախոս կանայք մեծ հավանականությամբ կքվեարկեն Հարիսի օգտին։ Նրա թեկնածությունը սատարում են կոնկրետ էթնիկ խմբերին պատկանող կամ կրթական ցենզով տարբերվող մարդիկ։ Նույնը կարելի է ասել կանանց դեպքում»։

«Հարիսի թեկնածու դառնալը ինձ համար ուղղակի սարսափելի է, քանի որ առաջին հերթին՝ նա պատրաստ չէ նախագահ լինել»։

«Քամալա Հարիսը հանկարծակի դարձավ դեմոկրատական կուսակցության թեկնածու, սակայն այլ պայմաններում նա երբեք չէր առաջադրվի»։

Ըստ Մերեդիթ քոլեջի սոցիոլոգ Դեյվիդ ՄըքԼենանի՝ գենդերային ճեղքվածքը առկա է Z սերնդի երիտասարդ ընտրողների շրջանում, որտեղ մինչև 27 տարեկան տղամարդկանց մեծամասնությունը աջակցում է Թրամփին։

«Z սերնդի որոշ ներկայացուցիչներ գնալով ավելի են հիանում [Թրամփի] սանձարձակ պահելաձևով, ինչը պայմանավորված է նրա՝ ուղիղ, առերես հարվածներ հասցնող, անբռնազբոս ոճով»։

ՄըքԼենանի խոսքով՝ երիտասարդները քաղաքական տեղեկատվություն են ստանում առցանց աղբյուրներից, որտեղ նրանք հաճախ տեսնում և լսում են կին առաջնորդների մասին անբարեհաճ կարծիքներ։

«Նրանք համոզված են, որ կանայք ի վիճակի չեն կոշտ որոշումներ կայացնել, եթե Միացյալ Նահանգները ներգրավվի պատերազմի մեջ կամ առերեսվի միջազգային ճգնաժամի։ Պարզապես չեն հավատում, որ կանայք ունակ են վճռական քայլերի գնալ»։

Սպիտակամորթ կանայք առանցքային դեր խաղացին 2016 թվականին Թրամփի հաղթանակի գործում։ Նա նաև շահեց սպիտակամորթ կանանց մեծ մասի ձայները 2020-ին։ Վերջին հարցումների համաձայն՝ այս ընտրապայքարում Հարիսի ու Թրամփի հնարավորությունները վիճակագրորեն հավասարվել են սպիտակամորթ կանանց շրջանում։