Հարիս-Թրամփ հեռուստաբանավեճի ժամանակ ներգաղթի խնդիրը կենտրոնական էր, սակայն թեկնածուները զերծ մնացին հիմնարար առաջարկներ ներկայացնելուց

Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուների մոտեցումները հակասում էին բազմաթիվ հարցերում՝ տնտեսական, ուկրաինական պատերազմին վերաբերող և այլն։ Բայց ներգաղթի հարցում նրանց դիրքորոշումները հատկապես տարբեր էին։

Հարիս-Թրամփ հեռուստաբանավեճի ժամանակ ներգաղթի հարցը զբաղեցրեց առանցքային տեղ։ Դիտորդների աչքից չվրիպեց, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը շրջանցեց ԱՄՆ-Մեքսիկա սահմանը հատող ապօրինի միգրանտների մասին հարցը, իսկ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկնեց քննադատության չդիմացող իր դիրքորոշումը, թե երկրում հանցագործության աճի և ապօրինի միգրանտների մեծացող թվի միջև ուղղակի կապ կա:

«Միլիոնավոր մարդկանց են ներս են թողել։ Ամբողջ աշխարհում հանցագործությունը անկում է ապրում, բացի այստեղից»,- ասել է Թրամփը։

Չնայած հանրապետական գործչի նման պնդմանը, հետազոտությունները վկայում են, որ ներգաղթյալները համեմատաբար ավելի քիչ են կանգնած հանցագործությունների հետևում, քան ԱՄՆ-ում ծնված մարդիկ:

Սակայն իր ելույթներում Թրամփը շարունակում է առաջ տանել ներգաղթի հարցում կոշտ դիրքորոշումը՝ խոստանալով վերընտրվելու դեպքում կյանքի կոչել այն:

«Եթե հաղթեմ, ապա հենց առաջին օրը կսկսենք ԱՄՆ պատմության մեջ արտաքսման ամենամեծ գործողությունը»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Սակայն ներգաղթի գծով փորձագետները հարցեր ունեն։

«Ինչի՞ մասին է խոսքը։ Արդյո՞ք բոլորի դռան մոտ կհայտնվեն ոստիկաններ և ներգաղթի ծառայության սպաներ՝ խնդրելով բնակիչներին ցույց տալ փաստաթղթերը»,- հարց է բարձրացնում Immigration Research Initiative-ի ներկայացուցիչ Դևիդ Դեսիգադ Քալիքը։

Երբ Քամալա Հարիսին հարցրեցին սահմանի ապօրինի հատումների մասին, որոնց թիվը աճել է Բայդենի վարչակազմի օրոք, չնայած նախորդ ամիսներին սկսել է նվազել, ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածուն մեղադրեց Թրամփին՝ նշելով, որ հենց նա էր դեմ, որպեսզի Կոնգրեսում հանրապետականները կողմ քվեարկեն ներգաղթի բարեփոխումների մասին օրինագծին:

«Թույլ տվեք ասել, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը, ներառյալ Միացյալ Նահանգների Սենատի ամենապահպանողական անդամներից մի քանիսը, հանդես եկան սահմանային անվտանգության օրինագիծով, որը ես պաշտպանեցի: Եվ այդ օրինագիծը թույլ կտար գործի անցնել սահմանային լրացուցիչ 1 500 սպաների»,- ասել է Հարիսը։

Փորձագետները շեշտում են՝ առանց Կոնգրեսի հավանության ներգաղթի ուղղությամբ իրական բարեփոխումներն անհնար են:

«Նրանցից ոչ մեկը չխոսեց Կոնգրեսի կարևորության մասին: ... Թե ով կլինի [ԱՄՆ] նախագահը, հսկայական տարբերություն կստեղծի: Նախագահը շատ բան կարող է անել, բայց նրա լիազորությունները սահմանափակ են»,- ասել է Դևիդ Դեսիգադ Քալիքը։

Արիզոնայում կայացած հանրահավաքի ժամանակ Հարիսը ընդգծեց՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում ստորագրելու է ներգաղթի մասին օրինագիծը:

«Գիտենք, որ մեր ներգաղթի համակարգը շարքից դուրս է եկել, և մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ անել՝ համապարփակ բարեփոխում, որը ներառում է ուժեղ սահմանային անվտանգություն և վաստակած ուղի դեպի քաղաքացիություն»,- ասել է Հարիսը:

Այսօր քիչ հավանական է հմարվում, որ Հարիսն ու Թրամփը կրկին բանավիճեն, և ներգաղթի հարցերով հետաքրքրություն ցուցաբերող ընտրողները, փաստորեն, պետք է ուշադիր լինեն թեկնածուների ծրագրերին։