Եվրամիությունը մտադիր է ընդհանրապես հրաժարվել ռուսական գազից 2027 թվականին

Եվրոպան պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել ռուսական բնական գազից` այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը` ընդգծելով, որ եթե երեք տարի առաջ ԵՄ շուկայում Ռուսաստանի կապույտ վառելիքի չափաբաժինը 45% էր, այժմ` 18%։

«Շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոստմանը` ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, որը հնարավոր է անել` առանց վնասելու եվրոպական էներգետիկ անվտանգությունը։ Որպես առաջին քայլ պատրաստվում ենք դադարեցնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դեպի եվրոպական երկրներ։ Նախորդ ամիսներին ակտիվորեն պատրաստվում էինք [այս իրավիճակին], և պատրաստ ենք հրաժարվել նաև մնացած ռուսական գազից, որը գալիս է Ուկրաինայի տարածքով»,- հայտարարել է Սիմսոնը։

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Եվրամիությունն այդպես էլ պատժամիջոցների չսահմանեց Մոսկվայից հոսող գազի նկատմամբ, ու եվրոպական երկրները կա՛մ իրենք հրաժարվեցին ռուսական գազից, կա՛մ Կրեմլը հրաժարվեց վաճառել կապույտ վառելիքը եվրոպացիներին։ Իր դերն ունեցավ նաև «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցումը։ Արդյունքում` Եվրոպա ռուսական գազ սկսեց հոսել բացառապես Ուկրաինայի տարածքով, և այդ գազը գնում են Հունգարիայի, Ավստրիայի ու Սլովակիայի ընկերություննրը։

Սակայն 2025 թվականի հունվարից Ուկրաինան մտադիր է դադարեցնել ռուսական գազի տարանցումը։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով` Կիևը բանականություններ է վարում Բաքվի հետ, որպեսզի ռուսական գազը փոխարինվի ադրբեջանականով։

Պետերսոնի անվան Միջազգային տնտեսության ինստիտուտի ներկայացուցիչ, էներգետիկ հարցերով փորձագետ Յակով Կյերկեգարդի խոսքով` նման փոփոխությունը, սակայն, դյուրին գործ չէ։

«Ենթադրում եմ` եվրոպական իշխանությունները կցանկանան երաշխիքներն ստանալ ադրբեջանական կառավարությունից, որ ստացվող գազը հենց ադրբեջանական է։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից Ադրբեջան է անցնում գազատար, ուստի հնարավոր է Ռուսաստանը էժան գազ կառաքի Ադրբեջան, իսկ Ադրբեջանը այն կուղի Եվրոպա մի փոքր թանկ գնով, և բոլորը երջանիկ կլինեն։ Տեխնիկապես շատ դժվար է պարզել, թե որ աղբյուրի գազն եք սպառում»,- ասում է Կյերկեգարդը։

Dixi Group վերլուծական կենտրոնի համահիմնադիր Օլենա Պավլենկոյի ներկայացմամբ` Եվրոպայի պարագայում անիմաստ է կենտրոնանալ այն հարցի վրա, թե սպառվող գազը ինչ ծագում ունի, այլ պետք է անցում կատարել էներգիայի այլ աղբյուրների։

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Եվրահանձնաժողովը ներկայացրեց RePower EU ծրագիրը, որը նախատեսում է անցում կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրներին և ռուսական գազը փոխարինել Նորվեգիայից ու ԱՄՆ-ից ներմուծվող հեղուկ գազով։

«Ուկրաինայի տարածքով [գազի] տարանցման դադարեցումը տրամաբանական հաջորդ մակարդակն է և կարիք չկա այն ընկալել որպես զարմանալի մի երևույթ։ Ամիսներ առաջ հայտարարվեց, որ Եվրահանձնաժողովն աշխատում է, թե այլընտրանքային ռեսուրսներով ինչպես աջակցել այն երկրներին, որոնք գազ են ստանում ուկրաինական տարածքից` Սլովակիային ու Ավստրիային։ Որքան հասկանում եմ` այդ աղբյուրները գտնվել են, ուստի որոշումը կայացվել է և հրապարակայնացվել։ Կարծում եմ` այն քաղաքական լուրջ ազդանշան է, որ 2025 թվականից սկսած Եվրոպային հարկավոր չէ ո՛չ ռուսական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ որևէ այլ երկրի գազ»,- ասում է Պավլենկոն։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, որը ռուսական գազի տարանցման համար գումար է ստանում, ապա Օլենա Պավլենկոյի խոսքով` հարկ է, որ Կիևում այլևս ընտրություն կատարեն, թե ինչ ուղի են ընտրում։

«Նախորդ տարիներին Ուկրաինան ինչ-որ գումար էր ստանում [ռուսական գազի] տարանցման համար, սակայն այդ գումարի մեծ մասը ծախսվում էր գազատրանսպորտային համակարգի պահպանության համար։ Ուստի, այնպես չէ, որ Ուկրաինան հսկայական փողեր է աշխատում գազի տարանցումից։ Կարող ենք ապրել նաև առանց այդ տարանցման ու օրինակ ծառայել այլ երկրների, որ նրանք նույնպես կարող են առանց ռուսական գազի և գտնել էներգիայի այլ աղբյուրներ»,- եզրափակեց Պավլենկոն։

Չնայած հարկ է նշել, որ հրաժարվելով գազատարով հոսող ռուսական կապույտ վառելիքից` Եվրոպան մասնակիորեն այն փոխարինեց ռուսական հեղուկ գազով։ Kpler ընկերության տվալներով` այսօր ԵՄ-ում վաճառվող հեղուկ գազի ծավալներով Մոսկվան զբաղեցնում է երկրորդ տեղը։ Եվրահանձնաժողովը, սակայն, մտադիր է հրաժարվել նաև ռուսական այդ գազից և, ընդհանրապես, հրաժարվել ռուսական կապույտ վառելիքից 2027 թվականին։