Հազարավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Իսրայելի կառավարության դեմ՝ Գազայում վեց պատանդների սպանության պատճառով

Իսրայել

Գազայի հարավում գտնվող թունելներից մեկում հայտնաբերվել են իսրայելցի վեց պատանդների մարմինները։ Հրեական պետության բնակիչները մեղադրում են երկրի կառավարությանը «Համասի» հետ հրադադարի շուրջ հնարավոր պայմանավորվածության կայացումը տապալելու մեջ:

Իսրայելական բանակը տեղեկացրել է, թե Գազայի հարավում գտնվող թունելներից մեկում իսրայելցի վեց պատանդների դիակներ է հայտնաբերել: Սպանվածների թվում է Հերշ Գոլդբերգ Փոլինը, ով ուներ ԱՄՆ ու Իսրայելի քաղաքացիություններ:

«Նրանք դաժանաբար սպանվել են «Համասի» ահաբեկիչների կողմից: Նրանց առևանգել էին [անցած տարվա] հոկտեմբերի 7-ի առավոտյան։ Նրանց մարմինները հայտնաբերվել են Ռաֆահի մարտերի ժամանակ ստորգետնյա թունելում՝ մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա այն թունելից, որտեղից մենք մի քանի օր առաջ փրկեցինք Ֆարհան Ալկադիին»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դենիել Հագարին։

Your browser doesn’t support HTML5

Հազարավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Իսրայելի կառավարության դեմ՝ Գազայում վեց պատանդների սպանության պատճառով

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի բանակի մոտենալը, թերևս, դրդել է «Համասին» սպանել պատանդներին՝ մտավախություն ունենալով, որ իսրայելցիները կարող են փրկել նրանց։ Հաղորդվում է, որ վեց սպանվածներից երեքը պետք է ազատ արձակվեին հրադադարի առաջին փուլում, այդ թվում՝ Գոլդբերգ Փոլինն ու երկու կանայք:

Իսրայելում զանգվածային բողոքի ակցիաների դուրս եկած մարդկանց համոզմամբ՝ Բենիամին Նեթանյահուհի կառավարությունը սաբոտաժի է ենթարկում հրադադարի հաստատմանն ու հետևաբար՝ պատանդների ազատ արձակմանը միտված գործընթացը, քանի որ նպատակ ունի իսրայելական զինուժ տեղակայել Գազայի ու Եգիպտոսի սահմանի երկայնքով:

Իսրայելական լրատվամիջոցների ներկայացմամբ՝ Նեթանյահուի կառավարության կողմից նման որոշում է կայացվել մի քանի օր առաջ, դեռ ավելին՝ Նեթանյահուն խոստովանել է, որ այն, հավանաբար, կհանգեցնի հրադադարի շուրջ բանակացությունների տապալմանը։

Այդուհանդերձ, վեց պատանդների սպանությունից հետո Բենիամին Նեթանյահուն մեղադրել է «Համասին»՝ հրադադարի շուրջ պայմանավորվածության չգելու մեջ:

Իսրայելի վարչապետի խոսքով՝ մինչ իրենք ինտենսիվ բանակցություններ են վարում միջնորդների հետ՝ համաձայնության հասնելու համար, «Համասը» շարունակում է մերժել որևէ առաջարկ:

Այս ամենի ֆոնին անցկացվող սոցհարցումների համաձայն՝ իսրայելական հանրության մեծամասնությունը կողմ է հրադադարի հաստատմանը, որը հանգեցնելու է ողջ մնացած պատանդների ազատ արձակմանը։

«Ռազմական ճնշումը պատանդներին չի ազատի։ Գործողությունների արդյունքում ութ պատանդ է փրկվել: Գազայում դեռ 100 պատանդ կա։ Մենք հասկացանք, որ ռազմական ճնշումը նրանց չի փրկի, այլ հակառակն է տեղի ունենում»,- ասել է «Համասի» հետ բանակցություններ վարող իսրայելցի բանագնաց Գերշոն Բասկինը:

Ինչևէ, Իսրայելում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նեթանյահուի կառավարության քաղաքականության դեմ: Երկուշաբթի երկրում համընդհանուր գործադուլ էր։