ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի փոխնախագահ Քամալա Հարիսը քննադատել է Դոնալդ Թրամփին՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատուն այցի ժամանակ լուսանկարվելու համար: ԱՄՆ դաշնային օրենքով և Պենտագոնի արարողակարգով խստիվ արգելվում է գերեզմանատան այն հատվածում, ուր այցելել է հանրապետական գործիչը, քաղաքական գործունեության հետ կապված միջոցառում անցկացնել։ Արդյունքում՝ Թրամփի այցի ընթացքում անգամ վիճաբանություն է տեղի ունցել գերեզմանատան աշխատակցի հետ:
Your browser doesn’t support HTML5
Արլինգթոնի ազգային գերեզմանատունը գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնի դիմացը՝ Պոտոմակ գետի մյուս ափին՝ Արլինգթոն շրջանում։ Հիմնադրվել է ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1864 թվականին։ Ներկայում այնտեղ՝ գրեթե 260 հեկտար տարածության վրա հանգչում են տարբեր պատերազմների ժամանակ զոհված ամերիկացի մոտ 400 հազար զինվորականների մարմիններ։
Անդրադառնալով Թրամփի այցին՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածուն՝ Քամալա Հարիսը X-ում գրել է․«Թույլ տվեք հստակ ասել՝ նախկին նախագահը անարգանքի է ենթարկել սրբավայրը, և այս ամենը հանուն քաղաքական [շահի]»:
Արձագանքելով՝ Թրամփը շաբաթ օրը կրկնեց իր հակափաստարկը, թե այցելել է Արլինգթոնի ազգային գերեզմանատուն 2021 թվականին Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ժամանակ զոհված զինծառայողների հարազատների հրավերով:
«Նրանք ինձ խնդրեցին լուսանկարվել իրենց տղայի շիրմաքարի մոտ։ Ասացի՝ իհարկե։ Նման քայլի չեմ դիմել հրապարակավ այդ մասին տարածելու համար, որի կարիքը չունեմ: Հանրությանը հայտնի մարդ եմ»,- նշել է Թրամփը:
Թրամփի նախընտրական շտաբը կիրակի հրապարակեց ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության խոսքը ԱՄՆ նախկին նախագահին:
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմին ABC-ի եթերում, այնումամենայնիվ, հարցրեցին՝ արդյո՞ք կարծում է, որ Թրամփը կարմիր գիծ է հատել:
«Կողմ եմ, որ տեղի ունեցածը ուսումնասիրվի։ Բայց գիտեք, թե ինչն է իսկապես ցավալին, որ այս ընտանիքները ստիպված են եղել այցելել իրենց զոհված սիրելիներին Արլինգթոնի գերեզմանատանը՝ Բայդենի վարչակազմի անգործության պատճառով: Ահաբեկչության [աճող վտանգին] զուգահեռ՝ ունենք անապահով սահմաններ, ինչը սպառնում է վերաճել ևս մեկ սեպտեմբերի 11-ի»,- ասել է Գրեհեմը:
Կոլորադոյի դեմոկրատ նահանգապետ Ջարեդ Փոլիսը հակադարձում է․ «Սահմանային պատը, որը Դոնալդ Թրամփն առաջարկել է, հսկայական խաբեություն է և հարկատուների գումարների վատնում: Նա խոսում էր ողջ սահմանի երկայնքով պատի [կառուցման] մասին, այլ ոչ թե տարբեր տեսակի պատնեշների արդյունավետ կիրառման մասին: Քամալա Հարիսը կողմ է հնարավորինս ծախսարդյունավետ եղանակով նման մոտեցման կիրառմանը»։
Երկուշաբթի՝ ԱՄՆ-ում նշվող Աշխատանքի օրվա առթիվ Քամալա Հարիսը քարոզարշավ է անցկացնելու Միչիգանում և Փենսիլվանիայում: Երեքշաբթի կմեկնարկի նրա «Պայքար հանուն վերարտադրողական ազատության» ավտոբուսային շրջագայությունը, որի մեկնարկը կտրվի Ֆլորիդայից՝ Փալմ Բիչից:
Թրամփին երեքշաբթի սպասում են Ջորջիա նահանգի Բրազելթո և Արիզոնա նահանգի Մեսա բնակավայրերում: