ԱՄՆ փոխնախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Ջեյ Դի Վենսը վերահաստատել է նախագահի իրենց թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե իրենց վարչակազմը նպաստվոր մոտեցում կցուցաբերի «կանանց և նրանց վերարտադրողական իրավունքների պաշտանության [հարցում]»:
Մինչ ԱՄՆ Կոնգրեսի որոշ հանրապետականներ շարունակում են իրենց ջանքերը երկրում աբորտներն արգելելու ուղղությամբ՝ NBC-ի հետ զրույցում Վենսը խոսել է այն մասին, թե արդյոք Թրամփը վետո կկիրառի նման օրենսդրության նկատմամբ, եթե վերադառնա Սպիտակ տուն:
«Կարծում եմ, նա կանի այդ։ Հստակ ասաց, որ կանի»,- նշել է Վենսը:
Իր հերթին՝ ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի դեմոկրատների թեկնածուները՝ Քամալա Հարիսն ու Թիմ Ուոլցը զգուշացնում են, թե Թրամփի նախագահության օրոք կանանց վերարտադրողական իրավունքների մասին կարելի է մոռանալ:
Մասնավորապես, Ուոլցը խոսել է այդ մասին օրերս կայացած Դեմոկրատական կուսակցության համերկրային համագումարին. «Նրանք կարգելեն աբորտն այս երկրում Կոնգրեսի միջոցով կամ առանց Կոնգրեսի»:
Անդրադառնալով դեմոկրատների համագումարին՝ դիտորդներն այն, ընդհանուր առմամբ, հաջող են գնահատել: Ըստ ամենայնի, այդ մասին է վկայում հրապարակված տվյալը, ըստ որի Հարիս-Ուոլց զույգի քարոզարշավի մեկնարկից ի վեր հավաքվել է 540 միլիոն դոլար:
Անկախ սենատոր Բեռնի Սանդերսը զգուշավոր լավատեսություն է հայտնել, թե ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի ճանապարհը դեպի Սպիտակ տուն բաց է:
«Կարծում եմ՝ փոխնախագահը հիմա շատ լավ հնարավորություն ունի հաղթելու։ Նա, անշուշտ, հաղթելու է միլիոնավոր ձայների առավելությամբ, և կարծում եմ, որ նա մեծ շանսեր ունի հաղթելու [կարևոր] շատ նահանգներում»,- ասել է նա:
Հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը հակառակ կարծիքին է. «Դոնալդ Թրամփը նախկինում եղել է նախագահ։ Ամերիկացի ժողովուրդը գիտի, թե ինչ է նա արել։ Նրանք գիտեն, որ նա հասկանում է այն ցավը, որը նրանք կրել են նախորդ չորս տարիներին՝ Քամալա Հարիսի և Ջո Բայդենի օրոք, և կարծում են, որ այդ պատճառով նրանք պատրաստ են Դոնալդ Թրամփին վերադարձնել Սպիտակ տուն»:
Այս շաբաթ նախատեսված են Հարիսի ու Թրամփի նախընտրական մի քանի միջոցառումներ: Փոխնախագահ Հարիսն ու Ուոլցը չորեքշաբթի կսկսեն ավտոբուսային շրջագայությունը Ջորջիայում: Ակնկալվում է, որ հինգշաբթի Թրամփը հանրահավաքներ կանցկացնի Վիսքոնսինում, իսկ ուրբաթ՝ Փենսիլվանիայում: