ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ընդդիմախոսները պնդում են, թե նա չունի նախագահի հմտություններ, քանի որ իր ողջ կարիերայի ընթացքում ընդամենը շահել է ԱՄՆ-ում իրականացվող բազմազանության, հավասարության և ներգրավվածության քաղաքականությունից: Սակայն մարդիկ, ովքեր, այսպես կոչված, լուսանցքում հայտնված խմբերին ամերիկյան հանրությունում ներգարվելու քաղաքականության՝ բազամազանության քաղաքականության ջատագովն են, չեն կիսում նման գնահատականները՝ պնդելով, որ Հարրիսը վաստակել է իր այսօրվա դիրքը
Միացյալ Նահանգների իշխանական համակարգում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ամենից վեր բարձրացած ոչ սպիտակամորթ ամերիկուհին է, և այս փաստը, բնականաբար, չի վրիպել դեմոկրատների ու հանրապետականների ուշադրությունից:
«Հպարտ եմ, որ, Ալաբամա նահանգը 56 ձայն է տվել առաջին սևամորթ կնոջ նախագահի օգտին…»,- ասում է Ալաբաման ներկայացնող դեմոկրատների կուսակցական պատվիրակներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Հարիսի նման կարիերային աճը դարձել է քաղաքական քննարկումների առարկա: Ընդդիմախոսները նրան մեղադրում են, որ նա առաջ է գնացել ոչ թե իր հմտությունների շնորհիվ, այլ ընդամենն այն պատճառով, որ կարողացել է օգտվել ԱՄՆ-ում իրականացվող բազմազանության, հավասարության և ներգրավման քաղաքականությունից, որի նպատակն է ներգրավել, այսպես կոչված, լուսանցքում հայտնված խմբերին ամերիկյան հանրությունում:
Դոնալդ Թրամփին հարցրել են՝ արդյո՞ք կարծում է, որ Հարիսը փորձում է օգտագործել իր սևամորթ լինելը:
«Չգիտեի, որ նա սևամորթ է՝ մինչև մի քանի տարի առաջ նա պատահաբար դարձավ սևամորթ։ Հիմա նա ցանկանում է, որ իրեն ճանաչեն որպես սևամորթ»,- ասել է Թրամփը:
Ռասայական պատկանելիության հարցը շարունակում է ամերիկյան հանրության քննարկումների մաս կազմել: Բազմազանության քաղաքականության կողմնակիցների խոսքով՝ այն բխում է ամերիկյան հասարակության շահերից:
«Երբ առկա է բազմազանության [քաղաքականությունը], տեղ ես հատկացնում նրանց, ովքեր նախկինում, թերևս, լուսանցքում են եղել, [բայց] ունեն նախաձեռնություններ և ծրագրեր, որպեսզի կարողանան վեր բարձրանալ։ Դա շատ բան է փոխում»,- ասում է Elevated Diversity խորհրդատվական ընկերության հիմնադիր Ռոնդա Մորեթը:
Այս մոտեցման քննադատները այլ դիրքորոշում են ներկայացնում՝ սլաքներն ուղղելով Բայդենի վարչակազմի դեմ:
«Փոխարենը փնտրել մարդկանց, որոնք տքնաջան աշխատել են՝ անկախ իրենց մաշկի գույնից, ու պատրաստ են ստանձնել ցանկացած դեր, որը նրանցից պահանջվում է, դուք այն շնորհում եք այլոց, որոնք չեն կարող գլուխ հանել [գործից]»,- նշում է Heritage Foundation-ի վերլուծաբան Ջոնաթան Բաչերը:
Մորեթն ընդգծում՝ այսօր նման քննարկումներն անիմաստ են, քանի որ Հարիսն ունի համապատասխան որակավորումներ․ նա իրավաբան է, Կալիֆոռնիայում ստանձնել է մի քանի պատասխանատու պաշտոններ ՝ նախքան ԱՄՆ սենատոր, իսկ հետո՝ փոխնախագահ դառնալը:
«Որպես սևամորթ կին՝ ինձ համար վիրավորական է [լսել նման բան]: Նման է ակնարկին, որ եթե գունավոր մարդ ես, կին ես, ապա ուրիշի նման խելացի չես»,- շարորնակում է Մորեթը:
Ինչևէ, գաղտնիք չէ, որ ամերիկյան հասարակությունում ծավալվող նման բանավեճերը բարձրացնում է բազմաթիվ՝ հնուց կուտակված ցավալի հարցեր, և այս նոյեմբերին ամերիկացիները, գուցե, տան որոշների պատասխանը։