Մատչելի հղումներ

Ջորջիա նահանգը կռվախնձոր է դարձել դեմոկրատների ու հանրապետականների ընտրապայքարում


Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը
Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը

ԱՄՆ Ջորջիա նահանգը համարվում է, այսպես կոչված, տատանվող այն նահագներից մեկը, որտեղ Հարիսի կամ Թրամփի հաղթանակը կարող է կարևոր նշանակություն ունենալ նախագահական ընտրությունների համար։

ԱՄՆ դեմոկրատների համերկրային համաժողովից հետո Քամալա Հարիսը մեկնեց Ջորջիա՝ քարոզարշավը շարունակելու: ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատների թեկնածու Թիմ Ուոլցը չէր թաքցնում իր գոհունակությունը քարոզարշավի ընթացքի վերաբերյալ։

«Երախտապարտ եմ, որ, իսկապես, հիանալի գլխավոր մարզիչ ունեցող թիմի մաս եմ: Միացյալ Նահանգների հաջորդ նախագահն է [լինելու] Քամալա Հարիսը»,- ասել է Ուոլցը:

Ջորջիայում Հարիսը դիմեց երիտասարդներին․ «Ձեր սերունդը, այն ամենը, ինչի համար պայքարում եք, առաջնորդելու է մեր երկիրը դեպի հաջորդ դարաշրջան, և պետք է որոշենք, թե ինչ կարող ենք անել ապագայում»:

Ինչպե՞ս կքվեարկի տատանվող նահանգներից մեկը համարվող Ջորջիան այս նոյեմբերին
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00

Ջորջիայում ավելի բարձր էր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վարկանիշը, սակայն ընտրապայքարը թողնելու Բայդենի որոշումից հետո, դիտորդների խոսքով, Հարիսի ու Թրամփի ցուցանիշները մոտեցել են իրար:

ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու Ջեյ Դի Վենսն անցած շաբաթ Ջորջիայում էր:

«Մենք պատրաստվում ենք այդ անել միասին, բայց միայն այն դեպքում, եթե դուք մեզ աջակցեք Ջորջիայում: Սա ԱՄՆ-ի կարևորագույն նահանգներից մեկն է»,- հայտարարել է Վենսը:

Թրամփի ու Վենսի քարոզարշավում կենտրոնական տեղ են գրավում տնտեսական և ներգաղթին վերաբերող հարցերը, և այս ուղղություններում Թրամփը շարունակաբար քննադատում է Հարիսին, նաև՝ Ջորջիայի ընտրողների հետ հանդիպմանը:

«Ձեր քվեի շնորհիվ գնաճը կկանգնեցնենք, անօրինական ներգաղթյալներին հետ կվերադարձնենք։ Նրանք չեն մտնի երկիր: Պետք է նրանց կանգնեցնենք: Նա՝ [Հարիսը] այսօր պնդում է, որ իրենք շատ ապահով սահման են ունեցել: Իրականում, նրանք ունեին աշխարհի պատմության ընթացքում ամենավատ [պահպանվող] սահմանը»,- ասել է Թրամփը:

Սակայն Ջորջիայում Դոնալդ Թրամփը խնդիրներ ունի՝ հանրապետական ​նահանգապետ Բրայան Քեմփին քննադատելու պատճառով, ինչը դժվարացնում է ԱՄՆ նախկին նախագահի գործը՝ շահել տեղի հանրապետականների ձայները։ Վերջինս վերընտրվեց երկու տարի առաջ՝ հաղթանակ տանելով Թրամփի աջակցությունը վայելող թեկնածուի նկատմամբ: Թրամփը մեղադրում էր Քեմփին և նահանգի պետական քարտուղար Բրեդ Ռաֆենսբերգերին 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Ջորջիայում պարտվելու համար։

«Ռաֆենսբերգերը և Բրայան Քեմփը՝ ձեր նահանգապետը, որին ես օգնեցի ընտրվել, և եթե չլիներ [իմ օգնությունը] նա ձեր նահանգապետը չէր լինի․․․: Կարծում եմ, սա բոլորը գիտեն: Նա շատ անհավատարիմ մարդ է, իսկապես, շատ անհավատարիմ»,- ասել է Թրամփը։

Ջորջիայում անցկացված հարցումների համաձայն՝ Հարիսի ու Թրամփի վարկանիշները մոտեցել են, և, գուցե, նաև սա էր պատճառը, որ անցած շաբաթ Թրամփը որոշեց, այնուամենայնիվ, շնորհակալություն հայտնելով Քեմփին՝ «Ջորջիայում ցուցաբերած օգնության և աջակցության համար»: Հինգշաբթի Քեմփը միանալու է Ատլանտայում կայանալիք Թրամփի դրամահավաքի միջոցառմանը:

Հիշեցնենք նաև՝ Ջորջիայի դատարանում անցած տարի մեղադրանք է առաջադրել Թրամփի դեմ՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նահանգում գրանցված արդյունքները անօրինական կերպով փոխելու փորձերի համար: Թրամփի փաստաբաններն այս շաբաթ կրկին բողոքարկել են մեղադրանքները, թեև դատարանը գործը չի քննի մինչև այս տարվա ընտրությունները։

Զուգահեռաբար՝ Ջորջիայի նահանգային ընտրական խորհուրդը երկուշաբթի հաստատել է ընտրական նոր կանոններ, որոնք, ըստ քննադատների, կարող են բացասական դեր ունենալ նահանգում ընտրությունների համար: Փոփոխությանը դեմ են քվեարկել խորհրդի երկու անդամներ։ Թրամփը ողջունել է որոշումը:

XS
SM
MD
LG