Ինչպես հայտնի է, ԱՄՆ պատմության ընթացքում առաջին անգամ հրապարկվել է երկրի նախկին նախագահի ձերբակալության լուսանկարը։ Դոնալդ Թրամփին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները Ջորջիա նահանգում ապօրինաբար չեղարկելու նպատակով հանցավոր դավադրության մասնակցելու համար: Գործի քննության ընթացքում որոշվել էր ֆորմալ ձերբակալել Թրամփին, որին ժամանակ էլ արվել է լուսանկարը։ Ձերբակալությունից անմիջապես հետո նախկին նախագահն ազատ է արձակվել՝ 200 հազար դոլար գրավի դիմաց։
Հինգշաբթի հանդես գալով լրագրողների առջև՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե իր հակառակորդները փորձում են խոչընդոտել իր առաջադրումը որպես ԱՄՆ նախագահի թեկնածու՝ 2024 թվականի ընտրությունների համար․ «Ինչ նրանք անում են, ընտրություններին միջամտելն է։ Մեր երկրում նման բան նախկինում չի եղել»։
Ինչևէ, Դոնալդ Թրամփը ձերբակալված չէ և դեռ կարող է շարունակել իր նախընտարական քարոզարշավը:
«Այս ամենը կարող է խառնաշփոթ առաջացնել՝ հատկապես այն պատճառով, որ դատավարությունների ժամանակացույցը համընկնում է ընտրությունների ժամանակացույցին»,- կարծիք է հայտնում քաղաքագետ Էլեյն Կամարքը:
Չորս առանձին գործերով Թրամփին 41-կետանոց քրեական մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ Նյու Յորքում քարոզարշավի ընթացքում իրականացված խարդախության, Ֆլորիդայում՝ պետական գաղտնի փաստաթղթերի հետ սխալ վարվելու հատկանիշներով։ Նախկին նախագահին նաև մեղադրում են, որ նա խրախուսել է 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած հայտնի անկարգությունները:
Այս ամենի ֆոնին՝ որոշ դիտորդներ պնդում են, թե Ջորջիա նահանգնում առաջադրված մեղադրանքներն ամենից ծանրն են:
«Քաղաքական առումով այս մեղադրանքն է նրա համար ամենից լուրջը, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես է ցանկացել փոխել ընտրությունների արդյունքը»,- ասում է քաղաքագետ Թոդ Բելթը։
Իր հերթին՝ Ջորջիայի նահանգային սենատոր Տոնյա Անդերսոնն նշում է․ «Շրջանի դատախազ Ուիլիսը դրսևորել է քաջություն, ազնվություն և անզիջում նվիրվածություն արդարադատության սկզբունքները պահպանելու գործում, որոնք մեր իրավական համակարգի հիմքն են: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հետաքննելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նրա ջանքերը հզոր ուղերձ են, որ հաշվետվողականությունը սահմաններ չունի»:
Հինգշաբթի դատարանի շենքի մոտ նախկին նախագահի տասնյակ կողմնակիցներ հանդես էին գալիս Թրամփին ուղղված մեղադրանքների դեմ:
Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին, որը 18 ամբաստանյալների թվում է, «անարդար» է որակել մեղադրանքներն՝ ասելով․ «Այս ամենը ծաղր է»։
Դիտորդների կարծիքով, դատավարության ընթացքում կարող է դեր խաղալ ամբաստանյալների մեծ թիվը՝ նպաստելով, որ Թրամփին ուղղված մեղադրանքներն ապացուցվեն։
Քաղաքագետ Թոդ Բելթն ուշադրություն է հրավիրում․ «Երբ քրեական գործով անցնում են մի քանի մեղադրյալներ, նրանցից շատերը կարող են գործարքի գնալ դատախազներից մեկի հետ՝ նվազեցնելու պատիժը, և կարող են ապացույցներ ներկայացնել, որոնք դատախազը չունի»։
Ֆուլթոն շրջանի դատախազ Ֆանի Ուիլիսը դատարանին խնդրել է Թրամփի և նրա համախոհների նկատմամբ դատավարությունը սկսել այս տարվա հոկտեմբերի 23-ին։ Թրամփն առարկել է։