Ընտանիքին վերամիավորվելու մասին Ալսու Կուրմաշևան երազում էր ավելի քան ինն ամիս՝ գտնվելով Ռուսաստանում՝ ճաղերի հետևում:
«Ինձ ողջունեցին [ԱՄՆ] նախագահը և փոխնախագահը։ Մեծ պատիվ էր ինձ համար: Բայց այդ պահին ինչ տեսնում էի՝ դուստրերս էին»,- «Ամերիկայի ձայնին» ասում է լրագրողը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կուրմաշևան դռնփակ դատավարության ընթացքում դատապարտվել էր ռուսաստանցի զինվորականների մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքով:
Պատմում է․ «288 օր ճաղերի հետևում էի։ Յուրաքանչյուր րոպեն տառապանք էր, նվաստացուցիչ: Իսկ Ռուսաստանում ու Բելառուսում բանտարկյալներն ոչ մի իրավունք չունեն»։
Այս օգոստոսի 1-ին բանտարկյալների հայտնի փոխանակման շնորհիվ ազատ արձակված Կուրմաշևային նախ ուղեկցեցին Տեխասի ռազմաբազա, ապա՝ Պրահա՝ տուն:
«Այսուհետ ուզում եմ վայելել կյանքը»,- ասում է նա:
Your browser doesn’t support HTML5
Խոստովանում է՝ տուն վերադառնալը հուզիչ էր. «Լաց եղա։ Գիտեի, որ լաց եմ լինելու, քանի որ այն շատ բան էր նշանակում: Այնքա՜ն ուրախ լաց էր։ Դեռ չեմ հոգնել՝ գրկելով երեխաներիս»:
Կուրմաշևայի գործը՝ Կրեմլի կողմից անկախ լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումների մասն է: Նա մեկն էր այն երկու ամերիկացի լրագրողներից, որոնք, ԱՄՆ ներկայացմամբ, անօրինական կերպով ձերբակալվել էին Ռուսաստանում:
Կուրմաշևայի նման The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը կալանավորվել ու դատապարտվել էր, այնուհետև՝ ազատ արձակվել փոխանակման արդյունքում:
Գերշկովիչին հուզիչ կերպով դիմավորեցին հարազատ խմբագրությունում:
«Ուրախության արցունքներ ու ժպիտներ էին... ։ Դժվար էր ամբողջությամբ ընկալել, բայց այո՛, բոլոր ջանքերը, կարծես, այդ պահին արդյունք տվեցին»,- պատմում է Փոլ Բեքեթը, ով ղեկավարել է լրագրողի ազատ արձակման համար ծավալվող արշավը:
Գերշկովիչն իրեն լավ է զգում, չնայած բանտում անցկացրել է շուրջ 500 օր՝ ասում է Բեքեթը:
Գերշկովիչի և Կուրմաշևայի դեպքերը ևս մեկ անգամ վկայում են, թե Ռուսաստանի իշխանությունները ինչ մոտեցումներ ունեն լրագրության և լրագրողների նկատմամբ:
«[Ռուսատանում] լրագրողները վախենում են տեղեկատվության անկախ աղբյուրներ փնտրելուց, քանի որ այդ բոլոր աղբյուրներն արգելվել են կամ նման գործը անօրինական է ճանաչվել Ռուսաստանում: Ամբողջ հասարակությունը և նաև լրատվամիջոցները գոյատևման ռեժիմի մեջ են»,- ասում է Կուրմաշևան։
Նա ցանկանում է ուշադրությունը սևեռել պուտինյան Ռուսաստանում դեռ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների վրա, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի իր երեք գործընկերների: