Ինչպե՞ս է գործելու Սպիտակ տունը Մերձավոր Արևելքում Հարիսի օրոք

Քամալա Հարիս

Սպիտակ տունը ողջունել է «Համասի» գերությունից իսրայելցի պատանդին ազատելը՝ ընդգծելով, որ, իրականում, կողմերը մոտ են Գազայում հրադադարի հաստատմանը։ Սակայն դիտորդների մոտ հարց է ծագում՝ անգամ եթե համաձայնություն ձեռք բերվի, ի՞նչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ ապագա վարչակազմը Մերձավոր Արևելքում: 

Մինչ Միացյալ Նահանգներն ու այլ միջնորդներ փորձում են համաձայնության հասնել Գազայում հրադադարի հաստատման շուրջ՝ իսրայելական ռազմուժը հերթական հարվածն է հասցրել պաղեստինցի փախստականների ճամբարներից մեկին։

Զուգահեռաբար՝ իսրայելական կողմին հաջողվել է «Համասի» գերությունից ազատել իսրայելցի պատանդներից մեկին։

«Բարի գալուստ տուն Ֆարհան Ալկադի: Շնորհավորում եմ Իսրայելի բանակին և Շին Բեթին՝ հերթական հաջող գործողության առթիվ։ Անխոնջ աշխատում ենք՝ բոլոր պատանդներին հետ բերելու համար»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Մերձավորարևելյան իրավիճակի մասին օրերս արտահայտվել էր ԱՄՆ փոխանախագահ Քամալա Հարիսը․ «Նախագահ Բայդենը և ես աշխատում ենք վերջ տալ այդ պատերազմին, որպեսզի Իսրայելն ապահով լինի, պատանդներն ազատ արձակվեն, Գազայում ավարտվեն տառապանքները և պաղեստինցի ժողովուրդը կարողանա իրացնել արժանապատվության, անվտանգության, ազատության և ինքնորոշման իր իրավունքը»:

Դիտորդները նշում են՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հարիսը սահմանափակ փորձառություն ունի: Նրա՝ ազգային անվտանգության գծով խորհրդականը Ֆիլիպ Գորդոնն է, ով գործել է դեմոկրատ նախագահների՝ Բիլ Քլինթոնի, Բարաք Օբամայի և Ջո Բայդենի օրոք։

Your browser doesn’t support HTML5

Ինչպե՞ս է գործելու Սպիտակ տունը Մերձավոր Արևելքում Հարիսի օրոք

Այս փաստից ելնելով՝ որոշ դիտորդներ կարծիք են հայտնում, որ Հարիսը, թերևս, շարունակի դեմոկրատական վարչակազմերի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, որը նշանակում է նաև աջակցություն ցուցաբերել Իսրայելին:

Ամերիկայի հրեական դեմոկրատական խորհրդի նախագահ Հալի Սոյֆերնն ասում է․ «Փոխնախագահը և նախագահը աջակցել են, որպեսզի ԱՄՆ-ն ռազմական օգնություն ցուցաբերի Իսրայելին՝ ոչ միայն համաձայն գոյություն ունեցող համաձայնագրի, որը մենք ունենք Իսրայելի հետ, այլև այս տարի առաջացած նրանց կարիքներից ելնելով»:

Չնայած նախորդ ամիսներին ԱՄՆ-ում, հատկապես՝ մահմեդական ամերկացիների կողմից բազմաթիվ էին Բայդենի վարչակազմին ուղղված կոչերը դադարեցնել Իսրայելին ցուցաբերվող ռազմական աջակցությունը, սակայն նման բան տեղի չունեցավ:

Միևնույն ժամանակ, դիտորնդերը նշում են, որ Հարիսն ավելի շատ աջակցություն է հայտնել պաղեստինցիներին, քան Բայդենն է անում:

«Շատ բան չենք կարող ենթադրել նրա ասածներից, բացի նրանից, որ նա խոսում է ընտրություններում հաղթելու և Դեմոկրատական կուսակցությանը միասնական պահելու մասին: Քանի որ Դեմոկրատական կուսակցությունը հավասարապես բաժանված է նրանց միջև, ովքեր համակրում են Իսրայելին և նրանց, ովքեր համակրում պաղեստինցիներին, նա պետք է ասի այն, ինչ ասում է»,- նշում է Բար-Իլան համալսարանի ներկայացուցիչ Ջոնաթան Ռայնհոլդը:

Որոշ դիտորդների կարծիքով՝ կարող է դեր խաղալ նաև այն, որ Հարիսը ճամայկացի և հնդիկ ներգաղթյալների դուստր է:

Մերձավոր Արևելքի փորձագետ Նատաշա Հոլը կարծում է, որ Հարիսը կարող է ավելի լավ պատկերացնել Մերձավոր Արևելքը և դեռ հնարավորություն կունենա վարել իր քաղաքականությունը այդ պայթյունավտանգ տարածաշրջանում։

Ինչևէ, եթե Քամալա Հարիսը հաղթի այս նոյեմբերին, մերձավորարևելյան հակամարտությունը լինելու է այն լրջագույն խնդիրներից մեկը, որին բախվելու է նրա վարչակազմը։