Ռոբերտ Քենեդի-կրտսերը, ով ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր որդին է՝ սենատոր, երկրի գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի որդին (հայտնի է՝ երկուսն էլ սպանվեցին 1960-ական թվականներին), մի օր ասել էր, թե իր առանձնասենյակում այնքան կմախքներ կան, որ եթե բոլոր կմախքները քվեարկեն իր օգտին, ինքը անպայման կհաղթի ընտրություններում։
Սակայն նա այլևս չի կարող հաղթել այս նոյեմբերին նախատեսված ԱՄՆ նախագահական ընտրություններում, քանի որ անկախ թեկնածու համարվող Ռոբերտ Քենեդի-կրտսերը, որ չէր հարում ո՛չ դեմոկրատներին, ո՛չ հանրապետականներին, դադարեցրեց իր քարոզարշավը և աջակցություն հայտնեց Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, թե ինքն ու Թրամփը ավելի շատ ընդհանրություններ ունեն քաղաքական հարցերում, քան դեմոկրատների պարագայում է:
«Շատ ամիսներ առաջ խոստացել էի ամերիկացիներին, որ դուրս կգամ մրցավազքից, եթե հասկանամ, որ վնաս եմ տալիս իմ մասնակցությամբ։ Նկատի ունեմ՝ դառնամ այն թեկնածուն, որ կարող է փոխել ընտրությունների ելքը, բայց ինքը հաղթելու շանսեր չունի։ Հոգուս խորքում այլևս չեմ հավատում, որ [գալիք] ընտրություններում հաղթելու հնարավորություն ունեմ՝ շարունակական, համակարգային գրաքննության պատճառով: Չեմ կարող իմ նախընտրական թիմին ասել, թե իրատեսական ճանապարհ ունեմ դեպի Սպիտակ տուն»,- Արիզոնայում լրագրողներին ասել է Քենեդի-կրտսերը:
Թմրամոլությունը, ամուսնական անհավատարմությունը, քովիդի ժամանակ պատվաստումներից հրաժարվելու կոչերը և դավադրապաշտական տեսություններին ուշադրություն դարձնելը ամենևին չեն նպաստել Քենեդիների տոհմի ներկայացուցչի հեղիկանության ամրապնդմանը։ Այդուհանդերձ՝ ըստ դիտորդների, նրա քաղաքական հայացքները կարող էին գրավիչ լինել ամերիկացիների համար։ Օրինակ՝ նա դեմ է Ուկրաինային ցուցաբերվող օգնությանը, բայց կողմ է Իսրայելին աջակցելուն, դեմ է աբորտներն արգելելուն և կողմ է ապօրինի ներգաղթի դեմ պայքարի խստացմանը։
Ըստ գնահատականների նրան աջակցում էր ԱՄՆ բնակչության 5%-ը, ինչը լուրջ թիվ է ընտրությունների ժամանակ հաղթանակն այս կամ այն թեկնածուին պարգևելու համար:
«Ամերիկյան քաղաքական գործընթացները հանդուրժող չեն, այսպես կոչված, երրորդ թեկնածուների կամ անկախ թեկնածուների նկատմամբ։ Այժմ ողջ երկրում ընտրողները բաժանված են գրեթե հավասարաչափ: Ըստ Pew Research Center-ի՝ ԱՄՆ քաղաքացիների մոտ 48%-ը կողմ է հանրապետականներին, 48%-ը՝ դեմոկրատներին, և շատ քիչ ձայներ են մնում նրանց համար, ովքեր առաջադրվում են որպես անկախ կամ երրորդ կողմի թեկնածուներ»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցեց Միսիսիպիի համալսարանի պրոֆեսոր Մելիսա Սմիթը:
Հիշեցնենք՝ Քենեդի-կրտսերը ի սկզբանե ձգտում էր առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, սակայն, նրա խոսքով, Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը խոչընդոտներ ստեղծեց իր առջև։
Ամերիկյան քաղաքագիտական շրջանակներում չեն մարում քննարկումները, թե արդյոք երկրի համար լավ չէ, որ ԱՄՆ-ն ունենա երկրի նախագահ դառնալու իրական հնարավորությունների տեր ավելի շատ թեկնածուներ, քան երկուսն են՝ դեմոկրատներն ու հանրապետականները։
«Կարծում եմ՝ տեղի ունեցածը բացահայտում է դեմոկրատների կեղծավորությունը։ Եթե նայեք, թե ինչ տեղի ունեցավ նրանց փրայմերիզների ժամանակ, կտեսնեք, որ Ջո Բայդենն ընդհանրապես հակառակորդներ չուներ։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Ռոբերտ Քենեդի-կրտսերը չլինի Բայդենի հակառակորդը փրայմերիզների ժամանակ»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցի ժամանակ ասում է հանրապետականների համար աշխատող քաղտեխնոլոգ Քիթ Նոութոնը:
Անցած շաբաթ Չիկագոյում կայացած Դեմոկրատական կուսակցության համերկրային համագումարի ժամանակ դեմոկրատները վստահ էին, որ հաղթանակն իրենց ձեռքում է։
«Գործընթացը թափանցիկ և ժողովրդավարական էր։ Մեր կուսակցությունում բոլորի համար տեղ կա։ Օրինակ՝ խոսեց Ալեքսանդրիա Օկասիա Կորտեսը, ով նախկինում շատ էր քննադատում մեր կուսակցությանը, բայց հիմա համաձայն է մեզ հետ: Սենատոր Բերնի Սանդերսը ելույթ ունեցավ և աջակցեց Քամալա Հարիսին: Այսինքն՝ դուք լսում եք կարծիքների ու ձայների լայն շրջանակ՝ բոլորը համախմբված են հասնելու մեկ նպատակի՝ վերականգնել մեր ողջախոհությունն ու ժողովրդավարությունը»,- «Ամերիկայի ձայնին» ասել է դեմոկրատների համար աշխատող քաղտեխնոլոգ Նայ Ուիտակերը:
Ինչևէ, այժմ ամերիկացի ընտրողները պետք է վերստին ընտրություն կատարեն երկու թեկնածուների միջև։ Քամալա Հարիսին դեմոկրատաները ներկայացնում են որպես «Ամերիկայի միակ փրկություն», իսկ հանրապետականները չեն դադարում գովաբանել Դոնալդ Թրամփին։
«Թրամփը հանրապետականների շրջանում հայտնի է առաջին հերթին այն պատճառով, որ, այսպես ասենք, անվախ քաղաքականություն է վարում։ Քաղաքական գործիչների մեծ մասը զգուշավոր է, սակայն Թրամփն այդպիսին չէ։ Նա շատ կոշտ է առաջ մղում իր գիծը։ Երկրորդ՝ Թրամփը տուրք է տալիս մի բանի, որ առկա է ողջ արևմտյան աշխարհում՝ պոպուլիզմին»,- նշում է Քիթ Նոութոնը:
Քաղաքական կուսակցությունները հաճախ են հետևում իրենց առաջնորդի գծին՝ ընդգծում է պրոֆեսոր Մելիսա Սմիթը:
«1980-ականներին, երբ Ռոնալդ Ռեյգանն [ԱՄՆ] նախագահն էր, Հանրապետական կուսակցությունն ընդօրինակել էր նրա գիծն ու կառավարման ոճը»,- ասաց Ամիթը:
ԱՄՆ ընտրությունների պատմության մեջ համեմատաբար հաջողակ անկախ թեկնածուներին կարելի է մատների վրա հաշվել։ Նրանցից մեկը գործարար Ռոս Պերոն էր, ով 1992 թվականին ստացավ ձայների 19%-ը և քիչ էր մնում հաղթանակը խլեր Բիլ Քլինթոնից:
Սակայն «գրեթեն» հաշիվ չէ: Ընդունված է համարել որ քաղաքականության մեջ հաղթողներին չեն դատում։ ԱՄՆ նախագահական ընտրություններին մոտ երկու ամիս է մնացել։