Արիզոնայի բնակիչների համար սահմանների անվտանգությունն առաջնային նախընտրական խնդիրներից է

Դոնալդ Թրամփ, Քամալա Հարիս

Այս նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ ներգաղթի հարցը, ամերիկացիների ընկալմամբ, գլխավոր խնդիրներից է: Հայտնի է՝ Միացյալ Նահանգների նախագահի երկու թեկնածուները տարբերվող դիրքորոշումներ ունեն այս հարցում։

Արիզոնա նահանգի երբեմնի հարուստ և ոսկու արդյունահանմամբ զբաղվող քաղաքն այժմ, կարծես, ուրվական-բնակավայր լինի:

Փեթի Բուրիսն ապրում է Բինոյի՝ իր ավանակի հետ։

Բուրիսն անկեղծանում է՝ հոգնել է Մեքսիկայից չդադարող և երբեմն իրեն պատկանող տարածքի միջով գաղտագողի ԱՄՆ սողոսկող միգրանտների հոսքից: Քվեարկելու է Թրամփի օգտին։

«Նա պատրաստվում է արտաքսել այդ միգրանտներին։ Այո՛, ես կողմ եմ դրան, հեռացրեք նրանց այստեղից։ Թրամփը գիտի, թե ինչպես այդ անել»,- ասում է Բուրիսը։

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք մեկնարկած և ամերիկա-մեքսիկական սահմանին զուգահեռ 740 կիլոմետրանոց հայտնի պատի կառուցումը Արիզոնայի այս մասում կանգ առավ Սպիտակ տուն Ջո Բայդենի գալստյամբ։

Թրամփն անցած շաբաթ Արիզոնայի սահմանայի շրջաններից մեկում էր, թեև The Washington Post-ի փոխանցմամբ՝ պատի այն հատվածը, որտեղ նա այցելել էր, կառուցվել է նախքան նրա նախագահ դառնալը:

«Ողջ աշխարհում երբեք չի եղել նման սահման, որն այս սահմանի նման լինի, որտեղով անցնում են միլիոնավոր հանցագործներ»,- ասել է Թրամփը:

Դեմոկրատներին հարող ամերիկացի ընտրողների ներկայացմամբ՝ Բայդենի վարչակազմը հանդուրժող է իրենց կյանքը դեպի լավը փոխել ցանկացող մարդկանց նկատմամբ:

Սանդրա Կանոն Կոլումբիայից տեղափոխվել է ԱՄՆ դեռահաս տարիքում։ Կարծում է, որ պետք է հոգ տանել վատ պայմաններում հայտնված մարդկանց մասին։

Գաղտնիք չէ, որ ընտրվելու դեպքում ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը խոստանում է վերստին Կոնգրեսի դիտարկմանը ներկայացնել ներգաղթը կարգավորող օրինագիծը, որը ժամանակին չարժանացավ ամերիկացի օրենսդիրների հավանությանը:

«[ԱՄՆ] Սահմանապահ ծառայությունը հավանություն էր տվել դրան: Սակայն Դոնալդ Թրամփը կարծում է, որ սահմանային հարցի կարգավորումը կվնասի իր ընտրարշավին, և կարգադրեց Կոնգրեսում իր դաշնակիցներին վիժեցնել այդ օրինագծի ընդունումը»,-ասել է Հարիսը:

Վերհիշելով իրենց քաղաքի ծաղկուն օրերը՝ Բուրիսն ասում է, որ կցանկանար վերադառնալ այն ժամանակները, երբ ավելի շատ զբոսաշրջիկներ էին այցելում քաղաք, քան միգրանտներ: