Ի՞նչ է առաջարկում ամերիկացիներին Հարիսը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս

Մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարը թողնելու իր որոշման մասին։ Այսօր բազմաթիվ ամերիկացիների հայացքներն ուղղված են Քամալա Հարիսին, ով խոստանում է փոխել նրանց կյանքը:

ԱՄՆ դեմոկրատների համերկրային համագումարի վերջին օրը լի էր աստղերի երաժշտական կատարումներով, թեև երեկոյի իրական աստղն, անշուշտ, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն էր։

«Ընդունում եմ ձեր առաջարկը՝ դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի [Դեմոկրատական կուսակցության] թեկնածու»,- համագումարին հայտարարեց Հարիսը։

Հարիսը խոսեց ամերիկյան միջին խավի կարևորության մասին․ «Գծում ենք նոր ճանապարհ։ Առա՛ջ դեպի ապագա՝ ուժեղ և աճող միջին խավով, քանի որ գիտենք՝ ուժեղ միջին խավը միշտ կարևոր է եղել Ամերիկայի համար, և այդ դասի ամրապնդումը կլինի իմ նախագահության նպատակը»:

ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածուն զուգահեռներ է տարել իր, ով տևական ժամանակ աշխատել է որպես դատախազ՝ պաշտպանելով ամերիկյան օրենքները, և Թրամփի միջև, ով դատապարտվել է հանցագործության համար։

Հարիսը քննադատել է հանրապետականների հանրահայտ ծրագիրը՝ Project-2025-ը, որը շատերը կապում են Թրամփի նախընտրական թիմի հետ, թեև Սպիտակ տան նախկին ղեկավարը հերքում է իր ու իր թիմի առնչություններն այդ փատաթղթի հետ։

«Գիտենք, թե ինչ տեսք կունենա Թրամփի երկրորդ ժամկետը։ Այդ ամենը ներկայացված է Project 2025-ում, որը գրվել է նրան մոտ կանգնած խորհրդատուների կողմից, և ընդհանուր միտքն է՝ մեր երկիրը հետ տանել դեպի անցյալ: Բայց մենք հետ չենք գնա՝ Ամերիկա՛»,- հայտարարել է Քամալա Հարիսը։

Եթե համագումարում Հարիսին արձագանքում էին միայն ծափահարությունները, ապա փողոցում Պաղեստինին աջակցող ցուցարարները բողոքի ակցիա էին իրականացնում։

Մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ Հարիսի դիրքորոշումը հայտնի է՝ նա կարևորում է պաղեստինցիների համար անվտանգության ապահովումը և նրանց ցուցաբերվող օգնությունը, վերահաստատում է նաև իր աջակցությունը Իսրայելին՝ կողմ արտահայտվելով զինադադարին:

Գազայի խնդիրը, սակայն, ԱՄՆ դեմոկրատների շրջանում տարաձայնությունների, թերևս, միակ լուրջ կետն է: Շուրջ 4 700 պատվիրակներից 270-ը ստորագրել է խնդրագիր, որը պահանջում է ԱՄՆ-ից դադարեցնել Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը։

Իր ելույթում Հարիսը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին. «Ջո՛, երախտապարտ եմ ձեզ: Ձեր քայլը արտասովոր է, ինչը կվկայի պատմությունը։ Ձեր կերպարը՝ ոգեշնչող։ Ես ու Դագը սիրում ենք ձեզ և Ջիլին։ Հավերժ երախտապարտ ենք երկուսիդ»։

Չիկագոյում կայացած դեմոկրատների համագումարի փակման ժամանակ բեմ բարձրացավ նաև ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցը՝ միանալով Հարիսին։

Ինչևէ, դեմոկրատների ժողովի ֆոնին՝ Թրամփը փորձում էր ամերիկայն հանրության ուշադրությունն, այնուամենայնիվ, շեղել իր ուղղությամբ՝ այցելելով ԱՄՆ-Մեքսիկա սահման:

Ընտրություններին մնացել է մոտ երկուսուկես ամիս: