Հինգշաբթի Գազայի հատվածում իսրայելական ռազմուժի հարվածների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել։ Պաղեստինյան կողմի ներկայացմամբ՝ կատաղի մարտերը շարունակվում են:
Գազայի բնակիչ Մաջիդ ալ-Դաբակն ասում է, որ հարվածների ժամանակ կորցրել է հարազատներին:
«Տունը պայթեցրեցին։ Ներսից բոլորը՝ երեխաներ, տղամարդիկ, կանայք, դուրս փախան, և, կարծես, այդ տունը երբեք էլ կառուցված չլիներ…»,- նկարագրում է ալ-Դաբակը:
Գազայի առողջապահական ծառայության համաձայն՝ նախորդ ավելի քան տաս ամիսների ընթացքում իսրայելական ռազմուժի գործողությունների հետևանքով զոհվել են մոտ 40 հազար պաղեստինցիներ: Իսրայելի ներկայացմամբ՝ իրենց թիրախում աշխարհի բազմաթիվ երկրների կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համասն» է, որը պատասխանատու է հրեական պետության դեմ անցած տարվա հոկտեմբերի 7-ին իրականացված արյունալի հարձակման համար, որի ժամանակ սպանվեցին շուրջ 1 200 իսրայելցիներ, պատանդառվեցին գրեթե 250-ը:
Հինգշաբթի նաև հայտնի դարձավ, որ ամերիկյան ևս մեկ ռազմանավ է մուտք գործել Մերձավոր Արևելքի ջրեր՝ իրանա-իսրայելական շարունակվող լարվածության ֆոնին: Նորություն չէ, որ Թեհրանը խոստացել է վրեժխնդիր լինել տարածաշրջանում իր դաշնակիցներից՝ «Համասի» և «Հեզբոլլահի» բարձրաստիճան ներկայացուցիչների սպանությունների համար, որոնց մեջ մեղադրում է Իսրայելին:
Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հինգշաբթի հայտարարել է․ «Ուժեր ենք տեղափոխել տարածաշրջան՝ [Մերձավոր Արևելք], որոնք, կարծում եմ, կազդեն Իրանի հաշվարկների վրա, եթե այնտեղ որոշեն հարված հասցնել [Իսրայելին]: Սա նշանակում է, որ մենք կկանգնենք Իսրայելի կողքին»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ է վերադարձել Մերձավոր Արևելքից, ուր տարածաշրջանային մի շարք երկրների հետ քննարկում էր Գազայում զինդադար հաստատելու պայմանները:
«Եգիպտոսի և Կատարի մեր գործընկերների հետ մեր ուղերձը պարզ է ու հրատապ՝ պետք է հրադադարի և պատանդների արձակման շուրջ համաձայնություն ձեռք բերենք»,- հայտարարել է Բլինքենը:
Արաբա-իսրայելական հարաբերությունների գծով փորձագետների խոսքով՝ Գազայում հրադադարի հաստատման շուրջ ընթացող բանակացություններում կարող է առանցքային լինել հատկապես տարածաշրջանի արաբական երկրների դիրքորոշումը:
Վերլուծաբան Դավիթ Մակովսկու ներկայացմամբ՝ նույն միջնորդ-պետությունները կարող են դրական դեր խաղալ նաև Իրանի հետ հարաբերություններում լարվածության նվազեցման գործում:
Հիշեցնենք՝ Իսրայելը շարունակում է պնդել, որ իր նպատակն է չեզոքացնել «Համասը»: Վերջինս իր հերթին հետ չի կանգնում յուր պահանջից, թե հրեական պետությունը պետք է ամբողջովին դուրս բերի իր զորամիավորումները Գազայից: Նշենք, որ ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ ընդամենը 365 քառակուսի կիլոմետր կազմող Գազայի մոտ 2,1 միլիոն բնակչության 90%-ը տեղահանվել է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: