Գերմանիայի իրավապահ մարմինները Ուկրաինայի քաղաքացու ձերբակալության օրդեր են իջեցրել՝ «Հյուսիսային հոսք» գազատարների պայթյունների գործով: Գազատարները մեծածավալ բնական գազ էին տեղափոխում Ռուսաստանից Արևմտյան Եվրոպա։ Գլխավոր հարցն է՝ արդյո՞ք Ուկրաինայի կառավարությունը ներգրավված է 2022 թվականին տեղի ունեցած այդ հարձակմանը, որը պատճառ հանդիսացավ Եվրոպայում էներգակիրների թանկացմանը:
Գերմանիայի դաշնային դատախազությունը կարգադրել է ձերբակալել Ուկրաինայի քաղաքացուն՝ 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարների նկատմամբ իրականացված դիվերսիայի հետաքննության արդյունքում:
Այդուհանդերձ՝ այս գործին Գերմանիայի իշխանությունները մոտենում են մեծ զգուշավորությամբ, քանզի չկա վստահություն, թե ով է մեղավորը։
Your browser doesn’t support HTML5
«Այս պահին ոչ ոք հստակ չգիտի, թե ով էր իրականացրել [հարձակումը]։ Թվում է՝ Ուկրաինայի երեք քաղաքացիներ կանգնած են Գերմանիայի սեփականության դեմ իրականացված գրոհի հետևում: Բայց մինչ այժմ որևէ ապացույց և կապ չկա, թե արդյոք ներգրավված է եղել Ուկրաինայի կառավարությունը»,- ասում է Գերմանիայի կոալիցիոն կառավարության անդամ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության խոսնակ Ուլրիխ Լեխտեն։
Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրները, անցած չորեքշաբթի գրել էր, թե գազատարների պայթեցման ծրագիրն ի սկզբանե հավանության է արժանացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից, սակայն այնուհետև նա հետ է կանչել իր համաձայնությունը:
Ռուսական բնական գազի մատակարարման դադարեցումը Գերմանիա հանգեցրեց նաև հարակից եվրոպական երկրներում էներգակիրների կտրուկ թանկացմանը, որին հետևեց ընդհանուր գնաճը:
Հարձակումը, որը, The Wall Street Journal-ի ներկայացմամբ, իրականացրել են ուկրաինացի ջրասուզակները, վնասել է «Հյուսիսային հոսք-1» գազատարը, սակայն փորձագետներն ասում են, թե այն կարելի է վերանորոգել և վերստին շահագործման հանձնել: Վնասվել է նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարը:
«Ըստ երևույթին, ջրասուզակները երկու պայթուցիկներ են դրել գազատարներից մեկի վրա։ Եղել է չորս պայթյուն, որոնցից առնվազն երկուսը, կարծես, եղել են նույն գազատարի վրա»,- ասում է Քարնեգի կենտրոնի փորձագետ Սերգեյ Վակուլենկոն:
Ամեն դեպքում փորձագետները քիչ հավանական են համարում, որ Գերմանիան վերադառնա ռուսական բնական գազի մեծածավալ սպառմանը, նույնիսկ եթե Կիևն ու Մոսկվան համաձայնության գան: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նրանք ընդգծում են՝ Բեռլինն այլևս մշակել է էներգակիների ներկրման նոր՝ բազամավեկտոր մոդել, որն ավելի թանկ է, բայց՝ ավելի կայուն:
«Գերմանիան անցում է կատարում դեպի վերականգնվող էներգիա: Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը այժմ արդեն մոտ 57% է»,- նշում է Բեռլինի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Կլաուդիա Քեմֆերտը:
Ուշագրավ է նաև, որ «Հյուսիսային հոսքի» թիրախավորման գործում պաշտոնական Կիևի հնարավոր ներգրավվածության մասին տեղեկությունը հրապարակային դարձավ ռուսաստանյան Կուրսկի մարզում ուկրաինական զինուժի առաջխաղացվման ֆոնին։
Ի դեպ, Կուրսկի մարտերի ներքո դարձյալ շոշափվում է գազատարի հարցը, քանի որ Կիևի վերահսկողության ներքո անցած Սուջա բնակավայրի մոտ է գտնվում Ռուսաստանից դեպի Եվրոպա հոսող գազատարի բաշխիչ կայանը։
«Հակառակորդի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ լուրջ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի իշխանությունների մոտ, քանի որ մարտերը ծավալվում են ոչ թե Կուրսկի, այլ գազատրանսպորտային համակարգի վերահսկողության համար»,- ասում է տնտեսագետ Դմիտրի Պոտապենկոն։
Ինչևէ, նորություն չէ, որ ուկրաինական պատերազմն ազդում է նաև համաշխարհային տնտեսության և էներգակիրների գների վրա: