Մատչելի հղումներ

Արևմտյան ստորջրյա ենթակառուցվածքները կարող են թիրախավորվել. ահազանգում են վերլուծաբանները


Արևմտյան ռազմածովային ուժերը ստիպված են հարմարվել նոր սպառնալիքներին, քանի որ ի հյատ են գալիս նոր կարողություններ ստորջրյա կարևոր ենթակառուցվածքները թիրախավորելու համար, ինչպիսիք են գազատարները և մալուխները

Բնական գազի հսկայական արտահոսք էր արձանագրվել Բալթիկ ծովով, երբ սեպտեմբերին վնասվել էր Ռուսաստանը Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք» գազատարը:

Ջրի հատակից ստացված տեսանյութերում երևում է, որ վնասվել է առնվազն 50 մետր խողովակաշար: Շվեդ հետաքննողները հայտնաբերեցին պայթեցման հետքեր:

Արևմուտքը Ռուսաստանին կասկածում է դիվերսիայի մեջ: Միջադեպից օրեր անց Մեծ Բրիտանիան հայտարարեց իր ստորջրյա պաշտպանական կարողությունների մեծացման ծրագրերի մասին:

«Ռուսաստանը չի թաքցնում, որ կարող է թիրախավորել նման ենթակառուցվածքներ: Այսպիսով, այդ պատճառով ցանկանում եմ հայտարարել, որ մենք վերջերս պարտավորվել ենք ստեղծել երկու մասնագիտացված նավեր, որոնք կարող են անվտանգ պահել մեր մալուխները և խողովակաշարերը»,- ասում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

Ռուսաստանը կարող է թիրախավորել արևմտյան ստորջրյա ենթակառուցվածքները. ահազանգում են վերլուծաբանները
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Ըստ բրիտանական նավատորմի՝ այդ նավերից մեկը կգործի որպես «մայր նավ»՝ ապահովելով հեռահար և ինքնավար համակարգերի գործունեությունը՝ ստորջրյա վերահսկողության համար ծովի հատակին:

Միլիոնավոր կիլոմետր երկարությամբ ստորջրյա մալուխները և խողովակաշարերը կարևոր գլոբալ նշանակություն ունեն էներգիայի և տվյալների փոխանցման հարցում:

«Արևմուտքի մի շարք հակառակորդներ, հատկապես Ռուսաստանը, մշակում են հատուկ կարողություններ, օրինակ սուզանավեր՝ թիրախավորելու հենց այս ենթակառուցվածքները»,- նշում է Royal United Services Institute-ի վերլուծաբան Սիդհարթ Քաուշելը:

Ռուսաստանը հերքում է «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի նկատմամբ դիվերսիաներ իրականացնելու ակնարկները: Սակայն դիտորդներն ասում են, որ Կրեմլն ավելի ու ավելի է դիտարկում արևմտյան ստորջրյա ենթակառուցվածքները որպես թիրախներ: Դեկտեմբերի վերջին Ռուսաստանը գործարկեց չորս նոր ռազմանավ, այդ թվում՝ երկու միջուկային սուզանավեր։

«Նրանք ունեն բարձր ճշգրտության զենքեր և ռոբոտային համալիրներ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը անցյալ ամիս ստեղծեցին կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ աշխատանքային խումբ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրեց դաշինքի դիրքորոշումը՝ «Հյուսիսային հոսքի» պայթյունից հետո:

«Դաշնակիցների կարևոր ենթակառուցվածքի դեմ ցանկացած կանխամտածված հարձակում կարժանանա միասնական և վճռական պատասխանի։ Հիբրիդային և կիբերհարձակումները կարող են հանգեցնել 5-րդ հոդվածի կիրառմանը և դիտարկվել որպես զինված հարձակում ՆԱՏՕ-ի դաշնակցի դեմ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Արևմուտքը պետք է հստակեցնի իր ներգրավվածության կանոնները, ասում է վերլուծաբան Քաուշալը: Այս տեսակի սպառնալիքներին հակազդելու համար անհրաժեշտ է, ըստ վերլուծաբանի, վերանայել կազմակերպչական կանոնակարգերը՝ մի կողմից մարդկային զոհերից խուսափելու, մյուս կողմից արդյունավետ հակահարված տալու համար:

Վերլուծաբաններն ասում են, որ ռազմածովային ուժերը պետք է արագ հմտանան ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար, քանի որ հակառակորդները հիբրիդային պատերազմում նոր հարձակողական կարողություններ են զարգացնում:

Հոդվածը պատրաստվել է Հենրի Ռիդգվելի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG