Ավիվան ու Քիթ Սիգելներն այն 240 իսրայելցիների և օտարերկրյա քաղաքացիների թվում էին, որոնց անցած տարվա հոկտեմբերի 7-ին առևանգեցին «Համասի» զինյալները և տարան Գազա։
51 օր անց Ավիվան ազատ արձակվեց՝ հրադադարի համաձայնության շրջանակում, սակայն նրա ամուսինը՝ Քիթը, ով ԱՄՆ քաղաքացի է, դեռ Գազայում է:
Ավիվա Սիգելն ասում է, թե աղոթում է, որ Դոհայում բանակցությունները հաջողությամբ պսակվեն. «Սեղանին առաջարկ կա, և ես այնքան եմ վախենում, որ չի հաջողվի համաձայնություն ձեռք բերել և Քիթը տուն չի գա: Սպասում եմ։ Ուզում եմ հույսս չկորցնել, քանզի միակ բանն է, որ կարող եմ անել»:
Այն որ Քիթ Սիգելը դեռ ողջ է, դատում են այս ապրիլին «Համասի» հրապարակած տեսանյութից: Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ պաղեստինցիների ձեռքում մնացած 115 պատանդներից 41-ը սպանվել են, թեև այդ թիվը կարող է մեծ լինել։
Իսրայելցի դիտորդների խոսքով՝ հրադադարի շուրջ բանակցությունների այս փուլը վճռորոշ է:
Թել Ավիվի համալսարանում Մերձավոր Արևելքի գծով փորձագետ Էյալ Զիսերն ասում է․ «Ակնկալիք կա, որ բանակցությունների այս փուլն ի վերջո կհանգեցնի Գազայի պատերազմի ավարտին, միգուցե կնպաստի Իսրայելի հյուսիսային սահմանին ու Իրանի շուրջ լարվածության թուլացմանը»:
Բանակցությունները տեղի են ունենում երկու շաբաթ անց, երբ իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում սպանվեց «Հեզբոլլահի» բարձրաստիճան ներկայացուցիչը, իսկ Թեհրանում՝ «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեին, որի մահվան համար դարձյալ մեղադրում են հրեական պետությանը: Ե՛վ Իրանը, և՛ «Հեզբոլլահը» սպառնացել են պատասխան հարվածներ հասցնել, և այս ամենի ֆոնին «Համասի» նոր առաջնորդ Յահյա Սինվարի հետ հրադադարի պայմանագիրը կարող է կանխել Իսրայելի վրա հարձակումը:
Իսրայելցի ռազմական փորձագետներն ասում են, թե հրադադարի շուրջ պայմանավորվածության առջև լուրջ խոչընդոտներ կան, քանզի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ Գազայի և Եգիպտոսի սահմանին պետք է իսրայելական մշտական ռազմական ներկայություն հաստատվի:
««Համասի», հատկապես՝ Սինվարի տեսակետից, այդ պահանջը կարմիր գիծ է։ Կարծում եմ, նա չի ընդունի այդ պահանջը։ Կգերադասի մեռնել կամ շարունակել պայքարը և չհամակերպվել նման պայմանի հետ։ Ուստի՝ հիմա պետք է խոստովանել, որ երկու կողմերի միջև որևէ փոխհամաձայնություն չկա»,- ասում է Իսրայելի հետախուզության նախկին սպա Մայքլ Միլշտեյնը։
Ինչևէ՝ պատանդների ընտանիքները և իսրայելական հասարակությունը ուշադրությամբ հետևում են բանակցություններին: Նախորդ 10 ամիսներին նրանց միակ ցանկությունն էր, որ իրենց հարազատները տուն վերադառնան:
Հիշեցնենք՝ պաղեստինյան կողմի ներկայացմամբ՝ նախորդ ամիսներին Գազայում ռազմական գործողություններրի հետևանքով զոհվել է մոտ 40 հազար մարդ։