Այսօր ի՞նչ տրամադրություններ են իշխում գերմանական հասարակությունում՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու առնչությամբ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց

Գերմանիայում քննարկում են Կիևին ցուցաբերվող ռազմական օգնությունը մոտ կիսով չափ կրճատելու հարցը: ԵՄ երկրների շարքում Բեռլինն է Ուկրաինային հատկացնում ամենածավալուն ռազմական աջակցությունը և ծավալով զիջում է միայն ԱՄՆ-ին։ Սակայն Գերմանիայի ներքին քաղաքական հարցերը կարող են փոխել իրավիճակը:

Բունդեսթագը պատրաստվում է Գեմանիայի հաջորդ տարվա պետբյուջեի քննարկմանը, և նախագծի համաձայն՝ նախատեսվում է կիսով չափ կրճատել Ուկրաինային ռազմական աջակցության հատկացումը՝ 8,8 միլիարդից հասցնելով 4,4 միլիարդ դոլարի։

Գերմանիայի կոալիցիոն կառավարության անդամները չեն ընդունում ընդդիմության մեղադրանքները, թե Բեռլինը պատրաստվում է հետ կանգնել Կիևին ցուցաբերվող աջակցությունից։

«Բոլոր երեք իշխանական կուսակցությունները՝ սոցիալ-դեմոկրատներից [մինչև] Կանաչների կուսակցությունն ու լիբերալներ, լիովին աջակցում են Ուկրաինային: Սոցիալ-դեմոկրատների մոտ առկա է համոզմունք, որ խաղաղությունը պետք է հաստատվի առանց զենքի: Հիանալի է: բայց ես հիմա չեմ տեսնում, որ այդ մասին խոսի նաև Պուտինը»,- նշում է FDP կուսակցության անդամ Ուլրիխ Լեհթեն:

Your browser doesn’t support HTML5

Գերմանիայում նվազում է Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու կողմնակիցների թիվը

Թե ինչու են Գերմանիայի կառավարությունում մտադիր գնալ նման կրճատման, պաշտոնական բացատրությունն է, որ ռուսական սառեցված պետական ակտիվները կարող են միլիարդավոր դոլարներ ապահովել Ուկրաինային, ինչպես որոշվեց Մեծ յոթնյակի նախորդ գագաթնաժողովին:

Բայց սեղանին է նաև այլ փաստարկ, թե 2022 թվականի կեսերից ի վեր պատժամիջոցները խոչընդոտում են Գերմանիային գնել էժան բնական գազ Ռուսաստանից, և նա ստիպված է այն ձեռք բերել ավելի բարձր գներով օրինակ Նորվեգիայից:

Տնտեսագետների ներկայացմամբ՝ թանկ էներգակիրները նպաստել են Գերմանիայում գնաճին: 2022 թվականին այն 10% էր։

«Էներգակիներին ուղղված ծախսերը պատերազմի մեկնարկին հաջորդած առաջին տարում աճեցին ավելի քան 50%-ով։ Պարենային ապրանքների գները նախորդ երեք տարիներին Գերմանիայում աճել են ավելի քան 35%-ով»,- ասում է Գերմանական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Մարսել Ֆրացշերը։

Թանկացումները խփել են բազմաթիվ բեռլինցիների գրպաններին:

«Այո՛, ահռելի չափով: Ամեն ինչ՝ տրանսպորտը, սնունդը, ամեն ինչ թանկացել է»,- ասում է Բեռլինի բնակիչ Յոհանը:

«Եթե գնում եք ռեստորան, ապա ավելի թանկ է, [քան նախկինում էր]: Կարծում եմ՝ շատերն այլևս այդքան հաճախ դուրս չեն գալիս, քանի որ անդրադառնում է դրամապանակին»,- նշում է Բեռլինի մեկ այլ բնակիչ Քերստին Շուլցը:

Ծայրահեղ աջ և արմատական ձախ կուսակցությունները բարձրաձայնում են գնաճի մասին: Նրանք փոքրամասնություն են խորհրդարանում, բայց նման կերպ հեղինակություն են վաստակում հանրության շրջանում:

Ձախակողմյան BSW կուսակցությունը, որը 733 տեղանոց Բունդեսթագում ունի պատգամավորական 10 մանդատ, մեկն է այն ուժերից, որոնք կոչ են անում լիովին դադարեցնել աջակցությունը Կիևին:

«Բոլորը ցանկանում են վերջ տալ մահվանն ու պատերազմին։ Պետք է դիվանագետներ ուղարկել Ուկրաինա, ոչ թե զենք»,- ասում է BSW կուսակցության անդամ Սևիմ Դաղդելենը:

Նմանատիպ փաստարկ է հնչում աջակողմյան AfD կուսակցությունից, որը Բունդեսթագում ունի 116 աթոռ:

«Չենք ցանկանում մեր ռեսուրսները ծախսել Ուկրաինայում, քանի որ այն մեզ անհրաժեշտ կլինի սեփական երկիրը պաշտպանելու համար»,- ասում է AfD-ի պատգամավոր Նորբերտ Քլայնվախթերը:

Ըստ սոցհարցումների՝ գերմանացիների մեծ մասը շարունակում է կողմ արտահայտվել Ուկրաինային ցուցաբերվող ռազմա-տեխնիկական աջակցությանը, սակայն նույն հարցումների համաձայն՝ նման դիրքորոշմամբ գերմանացիները թիվը նվազում է:

Օրինակ՝ նախորդ հարցումներից մեկը փաստում է, որ գերմանացիների ավելի քան 40%-ը չափազանց մեծ է համարում Ուկրաինային ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը, իսկ ԵՄ-ին Կիևի անդամակցության աջակիցների թիվը 58%-ից նվազել է 53%: