ԱՄՆ ընտրողներն ավելի հաճախ են հայտնվում այն դերակատարների թիրախում, որոնք կեղծ տեղեկություններ են տարածում առաջիկա նախագահական ընտրությունների վերբերյալ: Այս մասին ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Կազմակերպության ավագ վերլուծաբան Կիան Վեստեյնսոնը նշում է.
«Միացյալ Նահանգներում մարդիկ դավադրապաշտական տեսություններ և ապակողմնորոշող տեղեկատվություն են տարածում քաղաքականության վերաբերյալ: Հանրապետականներին հարող ընտրողների մոտ 70%-ը ուշադրություն է դարձրել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների մասին դավադրապաշտական տեսություններին, թե իբր այդ արդյունքները կեղծ են»:
Հետազոտողի խոսքով՝ աճում են նաև ընտրական պաշտոնյաների նկատմամբ առցանց ահաբեկման և ոտնձգությունների դեպքերը:
Your browser doesn’t support HTML5
«Նկատել ենք, որ թեկնածուներն ուղղակի հարձակումների են ենթարկվում։ Այստեղ, իհարկե, պետք է խոսել նախկին նախագահ Թրամփի դեմ իրականացված մահափորձի մասին։ Աճում են նաև ատելության հիմքով հանցագործությունները»,- ասում է նա:
Թեև քվեարկության համակարգը պաշտպանված է, սակայն կիբեռհարձակումները տակավին մտահոգիչ են՝ ընդգծում է Վեստեյնսոնը:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ներկայում քննում է Թրամփի և Բայդեն-Հարիսի նախընտրական թիմերի դեմ ուղղված ենթադրյալ իրանական հաքերային հարձակումները:
Կիբեռանվտանգության գծով Recorded Future ընկերության հաղորդում է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից իրականացված կիբեռգրոհների և ապատեղեկատվական արշավների աճի մասին՝ արհեստական բանականության օգտագործմամբ, որի միջոցով պատրաստվում են կեղծ լուրեր:
Recorded Future-ի ներկայացուցիչ Շոն Մինորն ասում է․ «Ներկայացվում է կողմնակալ բովանդակություն՝ հիմնված համապատասխան կառավարության աշխարհաքաղաքական նպատակների վրա»:
Թե որքանով են արդյունավետ այդ ջանքերը, Մինորը նշել է․ «Այս պահին չունենք տվյալներ՝ եզրակացնելու, որ այդ գործողություններն, իրականում, ազդել են ընտրությունների արդյունքների վրա»: