Հայտնի է, որ ԱՄՆ ընտրողների ընդհանուր թվի մեջ աճում է երիտասարդների մասնաբաժինը, և այս հանգամանքը, ըստ դիտորդների, կարող է առանցքային դեր խաղալ նոյեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններում։ Հնարավոր է՝ հենց այս գործոնը որոշիչ լինի, եթե ընտրությունների արդյունքում Սպիտակ տուն անցնի ԱՄՆ առաջին կին նախագահը:
«Թե ինչու են երիտասարդները փոքր-ինչ ավելի կասկածամիտ ընտրական շրջանի նկատմամբ, պատճառը նրանց հիասթափությունն է՝ ներկայիս կառավարության աշխատանքի հետ կապված։ Երիտասարդները մեծ հիասթափություն են ապրում, քանի որ նրանց ակնկալած փոփոխությունները տեղի չեն ունենում այն արագությամբ, որը նրանք կցանկանային տեսնել և որոնք տեղի կունենան իրենց համայնքներում»,- ասում է Երիտասարդական գործողությունների ալյանսի ներկայացուցիչ Ռուդի Գարեթը։
Դիտորդները երիտասարդության շրջանում տրամադրությունների փոփոխության պատճառ են համարում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի մուտքը ընտրապայքար:
«Հատկապես երիտասարդ ընտրողների թիվը մեծ էր, [որոնք ցանկություն հայտնեցին մասնակցել ընտրություններին], և պատճառը խանդավառությունն է։ Մեկ օրվա ընթացքում երիտասարդ ընտրողների շրջանում արձանագրեցինք 5% աճ, [որոնք ցանկանում են մասնակցել ընտրություններին]»,- ասում է Priorities USA կազմակերպության ներկայացուցիչ Նիկ Ահամեդը:
19-ամյա Սելեստ Գալվեսը նրանցից է, ով չի թաքցնում՝ ոգևորված է․
«Իրոք, մտադիր չէի քվեարկել, բայց հիմա, երբ [նախագահ Ջո Բայդենը] դուրս է եկել [ընտրապայքարից] և առաջադրվել է Քամալան, ոգևորված եմ։ Մեր առջև մի նոր աշխարհ է բացվում, ուր կարող ենք կին նախագահ ունենալ: Այժմ ինձ հետաքրքիր է քաղաքականությունը»:
Փաստն այն է, որ նախագահ Բայդենի հայտարարությունից հետո, թե թողնում է ընտրապայքարը, Vote.org-ի համաձայն՝ հաջորդած յոթ օրերի ընթացքում ավելի քան 100 հազար ԱՄՆ քաղաքացի է գրանցվել քվեարկելու համար։ Ընդ որում, 18-34 տարեկանները կազմել են այդ գրանցվածների 85%-ը։
Նախագահական ընտրություններին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, և հայտնի է նաև, որ կան ոչ պակաս սակավ թվով երիտասարդ ընտրողներ, հատկապես՝ երիտասարդ տղամարդիկ, ովքեր պատրաստ են իրենց ձայնը տալ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:
«Նրանցից շատերը այն կարծիքին չեն, թե ԱՄՆ-ի տնտեսությունն աշխատում է իրենց օգտին: Ուստի, երբ դեմոկրատները խոսում են աշխատատեղերի ռեկորդային աճի, նախագահ Բայդենի ստեղծած հսկայական թվով աշխատատեղերի մասին, նրանք չեն կապում այդ ամենն իրենց հետ»,- շարունակում է Նիկ Ահամեդը:
26-ամյա Ֆրենկի Ռասելը այդ մարդկանցից է։
«Իմ տարիքի մարդկանց աջակցությունը ստանալու համար՝ պետք է խոսեք իմ տարիքային խմբի հետ: Չեք կարող նույն ձևակերպումներով՝ «ցածր հարկեր», «իջեցրել ենք հարկերը», զենքեր և հավատ, [գալ մեզ մոտ]: Այն բավարար չէ։ Մեզ այլ բաներ են պետք: Մեզ պետք է, որպեսզի կյանքի կոչվի «Առաջին հերթին Ամերիկան» քաղաքականությունը։ Պետք չեն նոր պատերազմներ, որ ոչ թե մեր փողերը հոսեն արտասահման, այլ մնան տանը»,- ասում է Ռասելը:
«Հիասթափությունը ապատիա չէ: Երիտասարդներն, իրականում, հասկանում են, թե ինչ է կատարվում քաղաքականությունում։ Նրանց հուզում է այն: Պարզապես չեն տեսնում այն փոփոխությունները, որ ցանկանում են տեսնել՝ ընտրական գործընթացում ներգրավվելու արդյունքում: Բայց կարծում եմ, որ անցումը, որը տեղի է ունեցել նախորդ երկու շաբաթվա ընթացքում, միանշանակ նոր դինամիկա է ստեղծել»,- ասում է Ռուդի Գարեթը։
Արդյո՞ք այդ նոր շարժը իր ազդեցությունը կթողնի ընտրությունների ելքի վրա, անշուշտ, պարզ կդառնա այս նոյեմբերին: