Իսմայիլ Հանիեին վերջին անգամ ողջ տեսել էին Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողության ժամանակ: Հաջորդ օրը նա սպանվեց՝ ենթադրաբար ավիահարվածի հետևանքով:
Սինգապուրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Channel News Asia-ին ասել է, թե Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել Հանիեի սպանությանը և տեղյակ չի եղել դրանից:
«Կարծում եմ, ոչինչ չի խանգարում հասնել հրադադարի»,- հավելել է նա:
Տակավին ոչ ոք չի ստանձնել «Համասի» առաջնորդի սպանության պատասխանատվությունը, սակայն գաղտնիք չէ, որ Իսրայելը շարունակում է հետապնդել «Համասի» ղեկավարներին՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ իրականացված արյունալի հարձակումից հետո, ինչի հետևանքով առ այսօր Գազայում շարունակվում են ռազմական գործողությունները:
Այս ապրիլին իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել էին Հանիեի երեք որդիները:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով հյուրընկալել էր Հանիեին՝ սպանությունից մեկ օր առաջ, խոստացել է վրեժ լուծել։ Հայտարարությամբ Խամենեին ընդգծել է․ «Մեր պարտքն ենք համարում մեր սիրելի հյուրի արյան վրեժը լուծել»:
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին մեղադրել է ԱՄՆ-ին՝ ասելով. «Գիտենք, որ ամերիկացիները, սովորաբար, առաջնորդում և աջակցում են սիոնիստներին՝ նման հանցավոր արարքներում»:
Հանիեի սպանությունը տեղի է ունեցել Բեյրութին հասցված իսրայելական հարվածից մեկ օր անց, ինչի հետևանքով սպանվել էր Լիբանանում գործող և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահի» ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրը:
Իսրայելը մեղադրում է «Հեզբոլլահին» անցած հանգստյան օրերին իսրայելական ուժերի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներին հարված հասցնելու մեջ, ինչի հետևանքով զոհվել էին 12 դեռահասներ:
Արևմտյան երկրները զսպվածության կոչ են անում կողմերին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ պատերազմն անխուսափելի չէ։
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ամենը չվերածվի ավելի լայն հակամարտության ողջ տարածաշրջանում»,- ասել է նա:
Զուգահեռաբար՝ շարունակվում են Իսրայելի բանակի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, և այս ամենի ֆոնին անհասկանալի է, թե ինչ կարելի է սպասել հրադադարի շուրջ բանակցություններից։ Միջնորդներ՝ Կատարի ու Եգիպտոսի ներկայացուցիչները նշել են, թե Հանիեի սպանությունը բարդացրել է զինադադարին միտված ջանքերը:
Իր հերթին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է․ «Այն, ինչ ես գիտեմ, որ առկա է հրամայական՝ հրադադար հաստատել, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ ամեն օր»:
Պաղեստինյան կողմի ներկայացմամբ, Գազայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով առ այսօր զոհվել է ավելի քան 39 հազար հոգի։ Անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» իրականացրած հարձակման հետևանքով սպանվել էր 1 200 մարդ, պատանդառվել՝ մոտ 250-ը: