Պուտինի «հայելային» պատասխանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Խախտելով «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների մասին» պայմանագիրը՝ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի Միացյալ Նահանգները պատասխան քայլ ձեռնարկի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է իր մարտավարությունը` սպառնալ Արևմուտքին միջուկային զենքով և շահարկել երկրի եվրոպական հատվածներում հրթիռային համալիներ տեղակայելու թեման: Հուլիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օրվան նվիրված Կրեմլի ղեկավարի ելույթն այսպես են մեկնաբանել Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները։

Պուտինը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե Վաշինգտոնը հեռահար հրթիռներ տեղակայի Գերմանիայում, Ռուսաստանը նմանատիպ հրթիռներ կտեղադրի այնպիսի հեռավորության վրա, որը թույլ կտա հարվածել Արևմուտքին:

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, թե 2026 թվականից կսկսի հեռահար հրթիռների տեղակայումը Գերմանիայում, այդ թվում՝ SM-6, Tomahawk թևավոր հրթիռներ և հիպերձայնային այնպիսի զենքեր, որոնք դեռ մշակման փուլում են: Ամերիկա-գերմանական համատեղ հայտարարությամբ ընդգծվում էր, որ տեղակայումն ի ցույց է դնելու նվիրվածությունը ՆԱՏՕ-ին ու եվրոպական մայրցամաքի պաշտպանությանը:

500 կիլոմետրից ավելի հեռահարությամբ ցամաքից արձակվող հրթիռներն արգելված էին մինչև 2019 թվականը՝ դեռ 1987 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի միջև ստորագրված «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների մասին» պայմանագրի համաձայն:

2019 թվականին Միացյալ Նահանգները դուրս եկավ պայմանագրից՝ հայտարարելով, որ Մոսկվան խախտում է այն՝ ընդգծելով, թե Ռուսաստանը ձեռնամուխ է եղել 9M729 ցամաքից արձակվող թևավոր հրթիռի մշակմանը, որը ՆԱՏՕ-ում հայտնի է SSC-8 անվամբ:

Հուլիսի 28-ին՝ ռուսական ռազմածովային նավատորմի օրվան նվիրված շքերթի ժամանակ Պուտինը խոստացավ, որ Ռուսաստանը «հայելային միջոցներ» կձեռնարկի՝ հաշվի առնելով ԱՄՆ և նրա դաշնակիցների գործողությունները։

Վլադիմիր Պուտինը շարունակաբար փորձում է միջուկային զենքով սպառնալ ու շանտաժի ենթարկել Արևմուտքին, ինչը լիովին դրսևորվեց Սանկտ Պետերբուրգում նրա ելույթի ժամանակ՝ ասում է հրապարակախոս և սոցիոլոգ Իգոր Էյդմանը։ Նրա կարծիքով, Ռուսաստանի նախագահը լրջորեն անհանգստացած է Գերմանիայում հեռահար հրթիռներ տեղակայելու ԱՄՆ մտադրությամբ։

«Բայց չունի որևէ մեխանիզմ՝ կասեցնելու այդ գործընթացը, որն ինքն է հրահրել։ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետ կապված իրավիճակը ստիպում է Արևմուտքին և ՆԱՏՕ-ին ուժեղացնել զսպող ուժերը։ Կրակի վրա յուղ լցրեց նաև Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը։ Ռազմական առումով սա Մոսկվային ոչինչ չի տալիս։ Կրեմլը գնաց այդ ցուցադրական քայլին՝ ցանկանալով, ինչպես միշտ, վախեցնել Արևմուտքին, և արդյունքում ստացավ իր համար շատ ավելի վտանգավոր նախաձեռնություններ։ Ուստի, եվրոպական մայրցամաքում ամերիկյան հրթիռների տեղակայումը հիմնականում կանխորոշված էր»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Էյդմանը:

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ 1980-ականներին Խորհրդային Միությունը նույնպես ամեն կերպ փորձում էր կանխել ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայումը Եվրոպայում, բայց ձախողվեց։ Այնուհետև, Գորբաչովը Ռեյգանի հետ սկսեց կողմերի սպառազինությունների կրճատման շուրջ բանակցություններ։

Ի դեպ, մինչ այդ՝ 1983 թվականին, Խորհրդային Միության առաջնորդ Յուրի Անդրոպովը և խորհրդային անվտանգության մարմինները եկել էին այն եզրակացության, թե ԱՄՆ կողմից այդ թվում Pershing-2 միջին հեռահարության հրթիռների տեղակայումը Եվրոպայում և ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները նշան են, որ Արևմուտքը պատրաստվում է կանխարգելիչ հարված հասցնել Խորհրդային Միությանը:

Էյդմանի խոսքով, այսօրվա Ռուսաստանում, ցավոք, հնարավոր չէ գտնել նոր Գորբաչով․ «Հետևաբար, առճակատումը, ըստ ամենայնի, միայն կսրվի։ Ռուսաստանն արդեն գնում է սպառազինությունների մրցավազքի ուղով։ Միաժամանակ, Ռուսաստանի տնտեսությունը մի քանի անգամ փոքր է արևմտյան երկրների ընդհանուր տնտեսական ներուժից։ Անգամ ԽՍՀՄ-ը չդիմացավ սպառազինության ոլորտում Արևմուտքի հետ մրցակցությանը»։

Կանադայի արտաքին քաղաքականության ինստիտուտի փորձագետ Մաքսիմ Ստարչակը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հիշեցնում է, որ Կալինինգրադում և Բելառուսում Ռուսաստանն արդեն տեղակայել է միջին հեռահարության Искандер-М բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը, ըստ պաշտոնական տեղեկությունների, կազմում է 500 կիլոմետր։

«Պուտինն ասում է, որ պատրաստ է տեղակայել 1 000 կիլոմետր և մինչև 5 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ։ Դեռ 2000 թվականին Պուտինը սպառնում էր, որ եթե ԱՄՆ-ը դուրս գա «Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահամնափակման մասին» պայմանագրից, Ռուսաստանը դուրս կգա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև կնքված «Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին» և «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրերից: Սակայն նման կերպ շանտաժի ենթարկելու Պուտինի մարտավարությունը չի աշխատում»,- ասում է Ստարչակը։

«Միացյալ Նահանգները հայտարարեց, որ հեռահար համակարգերի տեղակայումը Գերմանիայում կարող է ժամանակավոր լինել։ Այսինքն՝ որոշակի ժամանակահատվածում, աճող սպառնալիքի պայմաններում՝ որպես կանխարգելիչ միջոց»,- շարունակում է Մաքսիմ Ստարչակը։

Ըստ մեր զրուցակցի, նպատակներից մեկը, որին Պուտինը ցանկանում էր հասնել՝ Ուկրաինա ներխուժելով, Եվրոպան ազդեցության գոտիների բաժանելն էր, որպեսզի պատերազմի և խաղաղության հարցերում Մոսկվայի տեսակետը ազդեցիկ լիներ․ «Առայժմ դա տեղի չի ունենում, ինչը նշանակում է, որ Պուտինը կշարունակի իրավիճակի սրման ուղիներ փնտրել: Միջուկային զենքը միակ հաղթաթուղթն է, որը մնացել է Ռուսաստանի ձեռքին, և պատժամիջոցների, Մոսկվայի նկատմամբ ճնշման ու սահմանափակումների պայմաններում՝ այդ խաղաթղթի օգտագործումը հաճախակի կդառնա»,- եզրափակել է Մաքսիմ Ստարչակը։

Հիշեցնեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարության համաձայն, իր երկրի տարածքում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայումը կանխարգելիչ բնույթ ունի, և Բեռլինը, սկզբունքորեն, պատրաստ է հրաժարվել նման քայլից, եթե Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայում։

Հուլիսի 29-ին Բեռլինը պատասխանել է Պուտինի՝ միջին հեռահարության միջուկային զենքի արտադրությունը վերսկսելու սպառնալիքին, եթե ԱՄՆ-ն, իրոք, Եվրոպայում տեղակայի միջին հեռահարության հրթիռներ։

«Մեզ չեն վախեցնի նման հայտարարությունները»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը մամուլի ասուլիսի ժամանակ։