ԱՄՆ տարբեր նահանգներից և բազմաթիվ երկրներից հազարավոր ցուցարարներ էին հավաքվել ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ՝ բողոքելով Գազայում Իսրայելի վարած ռազմական գործողությունների դեմ։ Նույն այդ ժամանակ, ինչպես հայտնի է, ամերիկացի օրենսդիրների առջև ելույթ էր ունեում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ցույցի կազմակերպիչ Քալիմ Հավան Վաշինգտոն է եկել Նյու Յորքից․ «Այսօրվա մեր ակցիայի նպատակն է հայտարարել, որ Բենիամին Նեթանյահուն ռազմական հանցագործ է։ Նա այստեղ ցանկալի անձ չէ, իսկ Իսրայելը դարձել է Գազայում պաղեստինցի ժողովրդին շարունակաբար ցեղասպանության ենթարկող պետության»:
Ակցիայի մասնակիցները բողոքում էին Գազայում չդադարող ռազմական գործողոսւթյունների, խաղաղ պաղեստինցիների շրջանում զոհերի աճող թվի և իսրայելցի պատանդների վերադարձը չապահովելու դեմ: Բողոքավորները կոչ էին անում ձերբակալել Նեթանյահուին՝ նրան մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ։
Your browser doesn’t support HTML5
Ակցիայի մասնակից Լուջեյն Լամասրին Դամասկոսից է. «Նա պետք է լինի ձեռնաշղթաներով ու բանտում։ Նա պետք է դատապարտվի՝ իր հանցանքների համար և վճարի պաղեստինցիների դեմ իր գործած հանցագործությունների դիմաց»։
Կապիտոլիումի տարածքում անվտանգության ապահովումն ուժեղացվել էր:
Նեթանյահուի դեմ բողոքողներից ոչ հեռու ելույթ էին ունենում Իսրայելի վարչապետին աջակցողները:
Կանադացի Ջերեմին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է. «Իսրայելի կողմից եմ։ Դեմ եմ ահաբեկիչներին, որոնք թաքնվում են խաղաղ բնակիչների թիկունքում և սկսում ավարտ չունեցող պատերազմներ»:
Նեթանյահուի կողմնակից ցուցարարներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, նշեց.
«Կցանկանայի տեսնել, թե ինչպես է մեկընդմիշտ ոչնչացվում «Համասը», քանի որ խնդիրը հենց նրանք են: Դրանից հետո միայն կարող ենք խոսել խաղաղ լուծումների մասին»:
Ըստ սոցհարցումների, ամերիկացիների շրջանում տարակարծությունը շարունակում է բարձր մնալ մերձավորարևելյան հակամարտության առնչությամբ: