Մատչելի հղումներ

Նեթանյահուն Վաշինգտոնում է՝ ամերիկյան ներքաղաքական պայքարի և Գազայում չդադարող ռազմական գործողությունների ֆոնին


Բենիամին Նեթանյահու
Բենիամին Նեթանյահու

Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ անցկացնելու է Վաշինգտոնում է՝ ելույթ ունենալով Կոնգրեսում և հանդիպելով ԱՄՆ նախագահին։ Իսրայելի վարչապետի այցին նախորդել է Բայդենի որոշումը՝ թողնել ընտրապայքարը։ Դիտորդների խոսքով, նշվածը կարող է ավելացնել անորոշությունը ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում։

Երկուշաբթի իսրայելական ռազմուժի հարվածները պաղեստինյան Խան Յունիս բնակավայրում տասնյակ մարդկանց կյանք են խլել: Հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները՝ տարհանվելու մասին իսրայելական կողմի կարգադրությունից հետո։

Բենիամին Նեթանյահուն նման իրավիճակում թողեց Մերձավոր Արևելքը և ուղղություն վերցրեց Վաշինգտոն, ուր նույնպես լարված է՝ ամերիկյան ներքին քաղաքական զարգացումների պատճառով։ Հայտնի է, որ նախագահ Բայդենը հայտարարել է, թե թողնում է ընտրապայքարը:

«[Վաշինգտոնում] ձգտելու եմ ստանալ երկու կուսակցություննրի աջակցությունն այն հարցերում, որոնք կարևոր են Իսրայելի համար։ Իմ ընկերներին՝ երկու կողմերում էլ, կփոխանցեմ, որ անկախ նրանից, թե ում կընտրի ամերիկացի ժողովուրդը որպես իր հաջորդ նախագահ, Իսրայելը մնում է Ամերիկայի անփոխարինելի և ուժեղ դաշնակիցը Մերձավոր Արևելքում»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Սրանք, իհարկե, հրապարակային խոսքեր են, այնինչ դիտորդների կարծիքով, իրականում, Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի մրցապայքարում Նեթանյահուն կնախընտրեր հանրապետական գործչին:

«Հանրապետականներն ավելի շատ են աջակցում Իսրայելի անվտանգության ապահովմանը: Մյուս կողմից, նրանք ավելի ներողամիտ են Իսրայելի աջակողմյան կառավարության և պաղեստինցիների նկատմամբ նրա քաղաքականության նկատմամբ»,- ասում է Բար-Իլան համալսարանի ներկայացուցիչ Ջոնաթան Ռայնհոլդը:

Ըստ տեղեկությունների, Նեթանյահուն հանդիպում է խնդրել ԱՄՆ նախկին նախագահ Թրամփից, որն իր պաշտոնավարման ընթացքում վարում էր նկատելի իսրայելամետ քաղաքականություն: Թրամփը միջնորդ հանդիսացավ, այսպես կոչված, Աբրահամի համաձայնագրի կնքման գործում, որի հիման վրա կարգավորվեցին Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ: Թրամփը նաև Իսրայելի մաս ճանաչեց իսրայելական ուժերի կողմից բռնակցված Գոլանի բարձունքները։

«Հանձինս Քամալայի նա՝ [Նեթանյահուն], հավանաբար, գործ կունենա մեկի հետ, ով չի շեղվի հիմնական գծից, երբ խոսքը վերաբերում է ամերիկա-իսրայելական հարաբերություններին աջակցելուն։ Բայց ավելի կոշտ՝ [առնվազն] հռետորական առումով, կանդրադառնա Իսրայելի քայլերին [նոր] բնակավայրեր կառուցելու գործում, և շատ ավելի արձագանքող կլինի պաղեստինցիների տառապանքներին ու իրավունքներին»,- ասում է Carnegie Endowment for International Peace-ի ներկայացուցիչ Աարոն Դեյվիդ Միլլերը:

Դիտորդների խոսքով, Նեթանյահուի վաշինգտոնյան այցի հիմնական նպատակն ամերիկյան հաջորդ վարչակազմի հետ աշխատանքը նախապատրաստելն է՝ հատկապես մի շրջանում, երբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը պատրաստվում է մեկնել եռամսյա արձակուրդի։

«Գուցե քաղաքական առումով մի պահ գա, երբ Նեթանյահուն հնարավորություն ունենա որևէ քայլ կատարել, ինչը՝ Կնեսետի՝ արձակուրդում գտնվելու պատճառով չի կարող հանգեցնել իշխող կոալիցիայի փլուզմանը»,- ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Նիմրոդ Գորենը:

Մանրամասնենք՝ Նեթանյահուն կարող է դեմ գնալ իր գլխավորած կոալիցիոն կառավարության ծայրահեղ աջ թևին և «Համասի» հետ հրադադարի համաձայնագիր կնքել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած շաբաթ հնարավոր համարեց նման համաձայնագրի կնքումը:

«Կարծում եմ, մոտ ենք գտնվում և շարժվում ենք դեպի նպատակետ՝ համաձայնություն ձեռք բերելու համար, որը կհանգեցնի կրակի դադարեցմանը, պատանդների ազատ արձակմանը և մեր առջև ավելի լավ ուղի կբացի՝ կառուցելու տևական խաղաղություն և կայունություն»,- ասել է Բլինքենը։

Այնուամենայնիվ, դիտորդների մեծ մասը թերահավատ է, որ հրադադարի համաձայնագիրն առաջին փուլից երկար կտևի, որի տևողությունը նախատեսված է վեց շաբաթ՝ «Համասի» կողմից պատանդների մի մասին ազատ արձակելու դիմաց:

XS
SM
MD
LG