ԱՄՆ-ում շատերն էին պատմական որակում օրը, երբ նախկին սենատոր Քամալա Հարիսը 2021 թվականին դարձավ երկրի առաջին կին փոխնախագահը:
«Ինձ համար պատիվ է լինել այստեղ, կանգնել այն մարդկանց ուսերին, ովքեր նախկինում անցել են այս ուղով»,- ասում է Քամալա Հարիսը։
Հարրիսը նաև սևամորթ ու հնդկական ծագմամբ առաջին ամերիկուհին է, որ զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:
«Նա այնքան շատ ապակե առաստաղներ է կոտրել՝ այնքան շատ կանանց համար»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Բարբարա Լին:
Ճամայկացի հորից ու հնդկուհի մորից ծնված Հարիսը լույս աշխարհ է Օքլենդում՝ Կալիֆոռնիայում: Ահա, խնդրեմ, նրա նկարը կարող եք տեսնել այն դպրոցում, ուր հաճախում էր՝ տեղի իշխանությունների նախաձեռնած ազգային ինտեգրման ծրագրի շրջանակում:
Հովարդի համալսարանի շրջանավարտ Հարիսը 2004 թվականին դարձավ Սան Ֆրանցիսկոյի առաջին կին շրջանային դատախազը, իսկ 2011 թվականին՝ առաջին սևամորթ կինը, ով զբաղեցրել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի պաշտոնը:
ԱՄՆ փոխնախագահ աշխատած տարիներին Քամալա Հարիսը հատկապես հիշվեց աբորտ կատարելու կանանց իրավունքները պաշտպանելիս, երբ դեմ արտահայտվեց երկրի գերագույն դատարանի վճռին, որով, փաստորեն չեղարկվեց 1973 թվականին կայացված և «Ռոն ընդդեմ Ուեյդի» հայտնի գործին վերաբերող որոշումը, ըստ որի ԱՄՆ-ում թույլատրվում էին աբորտները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, պահպանողական հայացքների տեր երեք դատավորներ նշանակվել էին ԱՄՆ գերագույն դատարանի անդամներ։
«Նա հպարտ է [ԱՄՆ գերագույն դատարանի այդ որոշմամբ]։ Ուստի, չսխալվե՛ք՝ եթե Թրամփը հնարավորություն ստանա, կստորագրի աբորտները երկրով մեկ արգելելու որոշում՝ յուրաքանչյուր նահանգում աբորտները ապօրինի [հռչակելու] համար»,- ասում է Հարիսը։
Հայտնի է, որ ԱՄՆ փոխնախագահը կողմ է Մատչելի խնամքի մասին օրենքի շարունակմանը և Բայդենի վարչակազմի օրոք կառավարության կողմից հատկացված դոտացիայի շնորհիվ ինսուլինի ցածր գների պահպանմանը:
«Բարձրացրեք ձեր ձեռքերը, եթե ընտանիքում ունեք շաքարախտով հիվանդ»:
Սկզբում նա Վաշինգտոնում ղեկավարում էր կառավարության ջանքերը ահմանային հարցերի ուղղությամբ: 2024 թվականի նախընտրական արշավում ներգաղթի խնդիրը դարձավ հիմնականներից։
«Այժմ ԱՄՆ այն քաղաքացիների ամուսինները, որոնք երկրում են եղել տասը և ավելի տարի՝ առանց փաստաթղթերի, կարող են մնալ երկրում, մինչ կդիմեն գրին քարտի համար»,- ասում է Քամալա Հարիսը:
Ելույթ ունենալավ ներգաղթյալների շահերը պաշտպանող խմբերի առջև՝ Հարիսը ուշադրություն է հրավիրել Թրամփի խոսքերին:
«Ներգաղթյալներին արատավորող, այլատյացություն քարոզող, ատելություն սերմանող մեկը երբեք չպետք է հնարավորություն ունենա կանգնել խոսափողի հետևում և [ձեռքում պահել] Միացյալ Նահանգների նախագահի կնիքը»,- ասում է Հարիսը:
Շատերը նկատեցին, որ Հարիսն աստիճանաբար սկսեց ավելի շատ ներկա գտնվել նախընտարկան հանրահավաքներին՝ այս հունիսին Բայդենի ու Թրամփի միջև կայացած հայտնի հեռուստաբանավեճից հետո:
«Մեկ անգամ հաղթել ենք Թրամփին և պատրաստվում ենք վերստին հաղթել նրան»,- ասում է Քամալա Հարիսը։
Կիրակի օրը նախագահ Բայդենի հայտարարությունց հետո, թե թողնում է նախագահական ընտրապայքարը, Քամալա Հարիսը կարող է Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու՝ դառնալով ամերիկյան պատմության մեջ առաջին սևամորթ ու հնդկական ծագմամբ ամերիկուհին, ով պայքարելու է Սպիտակ տան համար:
«Աստված օրհնի ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ասում է Հարիսը: