Դեմոկրատները նոր մարտահրավերների առջև են՝ նախընտրական պայքարը թողնելու Բայդենի որոշումից հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Շաբաթներ տևած քննարկումներից և հարազատ՝ դեմոկրատական կուսակցության ներսում չդադարող ճնշումներից հետո, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշեց թողնել նախագահական ընտրապայքարը՝ առաջ մղելով երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին:

Նախագահ Բայդենի հայտարարությունից ժամեր անց՝ կիրակի երեկոյան բազմաթիվ մարդիկ էին հավաքվել Սպիտակ տան դիմաց։ Շատերն իրենց աջակցությունն էին հայտնում Ջո Բայդենի որոշմանը:

«Ինձ համար նախագահ Բայդենը մեր ունեցած ամենամեծ նախագահն է, որը [լուրջ ջանքեր գործադրեց կլիմակայական փոփոխությունների դեմ պայքարում]։ Հավերժ երախտապարտ կլինեմ դրա համար»,- ասում է Բայդենի աջակից ներկայացող Թրևոր Հիգինսը:

«Շատ եմ սիրում Ջո Բայդենին և նրա գործերը, եթե կարելի է այսպես ասել: Կցանկանայի, որ նրան հիշեն որպես, իրոք, մեծ նախագահի։ Մի տեսակ վախենում էի, որ նրա թուլությունը կշեղի [մեզ իր մեծությունից]»,- ասում է ներկայանալ չցանկացող կինը։

Գաղտնիք չէ, որ անցած ամիս Թրամփի հետ կայացած հայտնի հեռուտաբանավեճից առաջ դեմոկրատների թեկնածուի վարկանիշն արդեն իսկ զիջում էր ԱՄՆ նախկին նախագահի թվերին:

Իսկ բավաճեի ժամանակ Բայդենի թույլ և շփոթված տեսքը մտավախություն առաջ բերեց Կոնգրեսի դեմոկրատների և այլ ազդեցիկ կուսակցական գործիչների շրջանում, թե 81-ամյա Բայդենը ոչ միայն կպարտվի գալիք նախագահական ընտրություններում, այլև բացասական դեր կխաղա իր կուսակիցների համար՝ Սենատի ու Ներկայացուցիչների տան համար պայքարում:

American Enterprise Institute-ի գիտաշխատող Գերի Շմիթի խոսքով, Բայդենի դուրս գալը ընտրապայքարից կարող է մեծացնել դեմոկրատաների շանսերը, բայց նման քայլը այլ մարտահրավերներ է առաջ բերում:

«Հարցն այն է, թե արդյոք Քամալա Հարիսը՝ Կալիֆոռնիայից լիբերալ դեմոկրատը, կկարողանա ձայներ հավաքել Միչիգանում, Փենսիլվանիայում և Վիսքոնսինում, որտեղ դեմոկրատները պետք է հաղթեն՝ նախագահական [աթոռը] պահելու համար»,- ասում է Շմիթը:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի լրատվամիջոցների ու հանրության հետ կապերի դոցենտ Փիթեր Լոջն նշում է, թե Հարիսին սպասվում է ծանր պայքար:

«Փոխնախագահ Հարիսի վերաբերյալ հարցումների մի մասը վկայում է, որ մարդկանց մեծամասնությունը նրան չի ճանաչում: Նա երկու անգամ ընտրվել է նահանգում՝ Կալիֆոռնիայում: Շատ խելացի է: Դատախազ է [եղել]: Բայդենի հետ առաջադրվել է համերկրային մակարդակով՝ որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու։ Այնպես որ, նա գիտի, թե ինչ է անում: Դեմոկրատները հիմնականում ճանաչում են նրան, բայց [համերկրային մակարդակում] նա չունի այն ճանաչելիությունը, ինչ նախագահ Թրամփը կամ նախագահ Բայդենը»,- ասում է Լոջը:

Հարիսը խոստացել է «ամեն ինչ անել»՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունն ու երկիրը և այս նոյեմբերին հաղթել Թրամփին:

Ընտրապայքարը թողնելու նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո,
Հարիսն արդեն իսկ ստացել է բազմաթիվ դեմոկրատների աջակցությունը, այդ թվում նրանց, որոնք կարող են հաջորդ ամիս նրան մարտահրավեր նետել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համերկրային համագումարում։

Սակայն Գերի Շմիթը կարծում է, որ, միևնույն է, դեմոկրատների համագումարի արդյունքները կանխորոշված չեն։

«Գուցե չեք ցանկանա, որ համագումարը ամբողջովին բաց լինի, որովհետև այն կարող է ի ցույց դնել [Դեմոկրատական] կուսակացության ներսում առկա հակասությունները՝ մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու փոխարեն: Բացի այդ, հավանաբար, կան դեմոկրատների պատվիրած բազմաթիվ սոցհարցումներ, թե արդյոք Քամալա Հարիսը, իրոք, լավագույն ընտրությունն է»,- ասում է Շմիթը: