Իր դեմ մահափորձից հետո Դոնալդ Թրամփն առաջին անգամ հրապարակավ հանդես եկավ ԱՄՆ Հանրապետական կուսակցության համերկրային համագումարում:
«Մարտնչե՛լ։ Մարտնչե՛լ։ Մարտնչե՛լ։»
Հայտնի է, որ Թրամփին այլևս միացել է Օհայոյից ընտրված սենատոր Ջեյ Դի Վենսը՝ որպես ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու։ Շատերի կարծիքով, սա էր այս տարվա քաղաքական ամենից մեծ գաղտնիքը, թե ով է ընկերացելու Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տան համար պայքարում:
Սպասվում է, որ 39-ամյա Ջեյմս Դևիդ Վենսը երիտասարդական ավյուն է փոխանցելու ամերիկյան նախագահական մրցապայքարին, ուր թեկնածուներից մեկը՝ նախագահ Ջո Բայդենը 81 տարեկան է, իսկ Թրամփը՝ 78։
Վենսը, ով լայն հանրությանը հայտնի դարձավ իր «Հիլբիլիի էլեգիա» հուշագրությամբ, ուր ներկայացված է ապագա սենատորի աղքատ ու ծանր մանկությունը, նախկին ծովային հետևակային է, պահպանողական հայացքների տեր և․․․ հասցրել է Թրամփին անվանել է «Ամերիկայի Հիտլեր»:
Your browser doesn’t support HTML5
Նախագահ Բայդենը երկուշաբթի Վենսին կոչեց «Թրամփի կլոն»:
Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահի հանրապետականների ընտրված թեկնածուի մասին հայտարարությունը հնչեց կուսակցության համագումարի առաջին օրը՝ ողջ երկրից եկած 2400 կուսակցական պատվիրակների առջև, որոնց մեծամասնությունը քվեարկել էր հենց Դոնալդ Թրամփի օգտին:
Սակայն Թրամփի թիմի համար ամեն ինչ հարթ չէ․ համագումարի անցկացման վայրից մի քանի թաղամաս այն կողմ ցուցարարներն էին, որոնք բողոքում էին հանրապետականների քաղաքականության և Դոնալդ Թրամփի դեմ:
«Կարևոր է հիշեցնել մարդկանց, որ ունենք [ԱՄՆ նախագահի] երկու թեկնածու, և թեկնածուներից մեկի դեմ առաջադրվել է 34 քրեական մեղադրանք»,- ասում է Միլուոկիի բնակիչ Ջոն Միլլերը:
Սակայն դիտորդների կարծիքով, Վենսի ընտրությունը և մահափորձից հետո Թրամփի վերադարձը, կարծես, նոր ուժ է տվել ԱՄՆ նախկին նախագահի թիմին:
«Խնդիրը անցյալը չէ, այլ վերաբերում է ապագային և ինչպես ենք մենք առաջ շարժվում որպես երկիր, և հարցը այն խնդիրներն են, որոնք ազդում են ամերիկացի ժողովրդի վրա»,- ասում է հանրապետական կոնգրեսական Մայքլ Լոլերը:
Հանրապետական պատվիրակների խոսքով, երկրում միասնության կարիք կա, և կուսակցական համագումարը դեռ չավարտված նրանք կարող են համախբվել Թրամփի և Վենսի շուրջ: