Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հայտարարել է, որ մտադիր է մինչև նոյեմբեր պատրաստել խաղաղության ծրագրի բոլոր տարրերը, որպեսզի Կիևը կարողանա երկրորդ միջազգային խաղաղության գագաթնաժողովը գումարել։
Անցյալ ամիս Ուկրաինան Շվեյցարիայում անցկացրել է իր առաջին խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցել են 92 երկրների ներկայացուցիչներ։ Ռուսաստանը հրավիրված չէր այս հավաքին։ Կիևը հայտարարել է, որ կարող է Ռուսաստանի ներկայացուցիչներին հրավիրել հաջորդ գագաթնաժողովին:
«Ես նպատակ եմ դրել, որ նոյեմբերին մենք կունենանք լիովին պատրաստված ծրագի»,- ասել է Զելենսկին մամուլի ասուլիսում։
Ուկրաինայի նախագահը ելույթ է ունեցել Կիևում՝ Վաշինգտոնից վերադառնալուց հետո, որտեղ անցած շաբաթ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցել է Վոլոդիմիր Զելենսկին։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ Մոսկվան չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին:
Ուկրաինան հայտնել է, որ հաջորդ գագաթնաժողովում կքննարկվի աշխատանքային խմբերի բաժանված տասնյակ երկրների մշակած ծրագիրը:
Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան այս ամառ կստանա մի քանի F-16 կործանիչներ և ավելի շատ մինչև տարեվերջ, սակայն հստակ թիվ չի նշել։
«Դրանք բավարար չեն լինի: Նրանք, իհարկե, կուժեղացնեն մեզ, բայց բավարար են արդյո՞ք Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հետ նույն մակարդակով կռվելու համար։ Չեմ կարծում, որ դրանք բավարար կլինեն։ Մենք հույս ունենք ստանալ ավելի մեծ թվով կործանիչներ»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։