Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է գալիք նոյեմբերի ընտրություններում իր ենթադրյալ մրցակից Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝ ասելով, որ Ամերիկայում բռնության տեղ չկա և ընդգծելով, որ քաղաքականությունը «չպետք է դառնա ռազմի դաշտ», և որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քվեաթերթիկների միջոցով։
Բայդենն այս հայտարարությունն արել է երկրին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է արևելյան ժամանակով երեկոյան 20:00-ին՝ արձագանքելով Թրամփի դեմ մահափորձին, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Փենսիլվանիայում ընթացող հանրահավաքում:
Ջո Բայդենը օգտագործեց Սպիտակ տան Օվալաձև գրասենյակի պաշտոնական միջավայրը՝ շեշտելու Թրամփի մահափորձից հետո ամերիկացիների համախմբման անհրաժեշտությունը:
«Թրամփի վրա կրակելը ազդանշան էր բոլորիս համար՝ հետ կանգնելու համար», - ասել է Բայդենը։ Բարեբախտաբար, Դոնալդ Թրամփը լուրջ վնասվածքներ չի ստացել, հավելել է նա։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս բռնությունը դառնա նորմ։ Այս երկրում քաղաքական հռետորաբանությունը շատ թեժացել է։ Ժամանակն է սառեցնել այն»,- ասել է Բայդենը: «Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում դրա համար»,- հավելել է նախագահը:
Ամերիկացիների համար կարևոր հարցերի վերաբերյալ Օվալաձև գրասենյակի ուղերձը Բայդենի երրորդն էր 2021 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո:
Բայդենի ելույթը թույլ տվեց նրան ցույց տալ նախագահության հեղինակությունն ու կշիռը, ինչը կարևոր խորհրդանշական ազդանշան է իր դեմոկրատական կուսակցության այն հետևորդներին, ովքեր կոչ են անում 81-ամյա առաջնորդին հրաժարվել վերընտրվելուց՝ մտավախություն ունենալով, որ նրա առողջական վիճակը կխանգարի նրան հաջողությամբ կատարել Սպիտակ տան ղեկավարի պարտականությունները հաջորդ չորս տարում։
Կիրակի ավելի վաղ Բայդենը հրամայել էր դաշնային անվտանգության վերանայում անցկացնել այն բանից հետո, երբ մահափորձ էր արվել Դոնալդ Թրամփի դեմ, իսկ հանրահավաքին ներկաներից մեկը զոհվել էր:
Ենթադրյալ հրաձիգը կարողացել է շրջանցել Գաղտնի ծառայության գործակալներին, որոնց հանձնարարվել է պաշտպանել Թրամփին, բարձրացել է թեկնածուի ելույթի մոտ գտնվող շենքի տանիք և մի քանի կրակոց է արձակել, նախքան իրավապահների կողմից սպանվելը։
Այսօր կեսօրին ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Բայդենն ասել է, որ հանձնարարել է Գաղտնի ծառայությանը վերանայել այս շաբաթ Միլվոկիում Հանրապետականների ազգային համագումարի համար նախատեսված անվտանգության բոլոր միջոցները, որտեղ Թրամփը պաշտոնապես կառաջադրվի որպես հանրապետականների նախագահի թեկնածու:
Նա նաև ասել է, որ երեկվա հանդիպմանը հանձնարարել է «Ազգային անվտանգության անկախ վերանայում կատարել՝ ճշգրիտ գնահատելու, թե ինչ է տեղի ունեցել»։ Նա ասաց, որ հետաքննության արդյունքները կներկայացվեն ամերիկացի ժողովրդին:
Բայդենն ընդգծել է, որ միջադեպի առնչությամբ ՀԴԲ-ի հետաքննությունը գտնվում է վաղ փուլում և հրամայել է այն իրականացնել մանրակրկիտ և արագ։
«Ես խրախուսում եմ բոլորին, բոլորին, խնդրում եմ, ենթադրություններ մի արեք [կրակողի] դրդապատճառների կամ կապերի մասին։ Թող ՀԴԲ-ն և նրանց գործընկեր գործակալությունները իրենց գործն անեն»,- ասաց նա:
Հանրապետական օրենսդիրներն ասել են, որ անհրաժեշտ է հետաքննել նաև Գաղտնի ծառայության գործողությունները՝ մեղադրելով Բայդենին գործակալության ենթադրյալ ձախողումների մեջ: Քաղաքական բռնությունները Միացյալ Նահանգներում աճել են վերջին տարիներին, մահացու հարձակումների մեծ մասը գալիս է աջակողմյան խմբերից և անհատներից:
Բայդենի քարոզարշավը հեռացրել է Թրամփին քննադատող բոլոր քաղաքական գովազդները։
«Միասնությունը ամենադժվար նպատակն է հասնելու համար, բայց հիմա միասնությունից ավելի կարևոր բան չկա։ Մենք կվիճենք ու կհամաձայնենք։ Սա չի փոխվի: Բայց մենք չենք մոռանա, թե ով ենք մենք՝ ամերիկացիներ»,- ասել է նա:
Բայդենն ասել է, որ շաբաթ երեկոյան կարճ, բայց լավ զրույց է ունեցել Թրամփի հետ, և որ ինքը «անկեղծ ուրախ է, որ [Թրամփը] իրեն լավ է զգում և ապաքինվում է»։
«Ամերիկայում նման բռնության կամ ընդհանրապես որևէ բռնության տեղ չկա: Մահափորձը հակասում է այն ամենին, ինչի համար մենք հանդես ենք գալիս... որպես ազգ՝ ամեն ինչի»,- ասաց նախագահը: