Մատչելի հղումներ

Թրամփը կոչ է արել ամերիկացիներին միավորվել իր դեմ մահափորձից հետո


Թրամփը՝ մահափորձից հետո
Թրամփը՝ մահափորձից հետո

Գաղտնի ծառայությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ գործակալությունը հրաժարվել է լրացուցիչ անվտանգություն ապահովել Թրամփի համար Փենսիլվանիայում նրա նախընտրական հանրահավաքից առաջ։

Դոնալդ Թրամփը կիրակի օրը ասել է, որ Աստծո նախախնամությունն իրեն փրկել է մահից Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ և կոչ է արել ամերիկացիներին միավորվել։

«Միայն Աստված կանխեց աներևակայելին»,-ասել է նախկին նախագահն ու Սպիտակ տան հավանական հանրապետական թեկնածուն՝ կոչ անելով ամերիկացիներին միավորվել՝ «թույլ չտալու համար, որ չարը հաղթի»:

Թրամփը վիրավորվել է աջ ականջի հատվածում շաբաթ օրը նախընտրական հանրահավաքի ժամանակ զինված անձի կողմից մահափորձի ժամանակ։ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից հետո 78-ամյա նախկին նախագահին արյունը դեմքին դուրս են բերել բեմից։ Հրաձիգը և բողոքի ակցիայի մեկ մասնակից սպանվել են։ Եվս երկու մարդ ծանր վիրավորվել է։

Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ամերիկայում «այս տեսակի բռնության տեղ չկա»։

«Այս պահին ավելի քան երբևէ կարևոր է, որ մենք հավաքվենք և ցույց տանք մեր իրական բնավորությունը՝ որպես ամերիկացիներ՝ մնալով ուժեղ և վճռական և թույլ չտալով, որ չարը հաղթի», - գրել է Թրամփը կիրակի առավոտյան իր Truth սոցիալական մեդիա հարթակում՝ հաստատելով, որ մասնակցելու է Հանրապետականների ազգային համագումարին, որը մեկնարկում է երկուշաբթի Միլուոքիում, Վիսկոնսին:

Գաղտնի ծառայությունը կիրակի օրը հերքել է այն պնդումները, որ հրաժարվել է Թրամփին լրացուցիչ անվտանգություն տրամադրել Փենսիլվանիայում նրա նախընտրական հանրահավաքից առաջ:

Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին X-ում գրել է, որ պնդումները «բացարձակապես սուտ են»՝ հավելելով, որ գործակալությունը «ավելացրել է պաշտպանիչ ռեսուրսներ, տեխնոլոգիաներ և հնարավորություններ՝ քարոզարշավի ճամփորդությունների աճի տեմպերի պատճառով»:

Հետաքննությունների դաշնային բյուրոն պաշտոնապես հայտարարել է, որ կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է՝ Փենսիլվանիայի Բեթել պարկից:

Կասկածյալը գնդակահարվել և սպանվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ Քրուքսը, ենթադրաբար, կրակել է բեմի ուղղությամբ, որտեղ Թրամփը ելույթ էր ունենում կողմնակիցների առաջ:

ՀԴԲ-ն աշխատում է հարձակման դրդապատճառները պարզելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG