Նախագահ Ջո Բայդենն հաստատակամ է՝ շարունակելու է պայքարը հանուն հաղթանակի:
«Կարծում եմ՝ ամենաորակյալ գործիչն եմ՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար»,- ասել է Ջո Բայդենը:
Թրամփի հետ նրա բանավեճից հետո Դեմոկրատական կուսակցության որոշ գործիչներ Բայդենին կոչ են անում հրաժարվել ընտրապայքարից:
Սակայն կուսակցությունը չի կարող նրան ստիպել թողնել պայքարը՝ ասում է Վիրջինիայի համալսարանի ներկայացուցիչ Լարի Սաբատոն. «Միակ ճանապարհն է, եթե թեկնածուն որոշի չառաջադրվել և թույլ տալ, որ Դեմոկրատական ազգային կոմիտեն նոր թեկնածու առաջադրի»:
Your browser doesn’t support HTML5
Եթե Բայդենը հրաժարվի ընտրապայքարից, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կարող է գլխավորել դեմոկրատների ցուցակը:
Բայց Հարիսը պնդում է՝ Բայդենն է կուսակցության թեկնածուն:
Հարիսը՝ որպես ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու, կարող է գրավել չկողմնորոշված ընտրողներին՝ ասում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Քրիստիան Գրոզը:
«Քամալա Հարիսի միակ առավելությունը Բայդենի նկատմամբ այն է, որ, ըստ հարցումների, նա ավելի մեծ շանսեր ունի իր կողմը գրավել չկողմնորոշված ընտրողներին»,- ասել է Գրոզը։
Բայդենին հնարավոր փոխարինողների ցանկում է նաև Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, որը, սակայն, նույնպես հրապարակավ աջակցում է Ջո Բայդենին:
Հաջորդը՝ Միչիգանի նահանգապետ Գրետչեն Ուիթմերն է, որի անունը նույնպես քննարկվում է որպես Բայդենին հնարավոր փոխարինող: Բայց նույն պատմությունն է՝ Ուիթմերը իր աջակցությունն է հայտնել Սպիտակ տան ներկայիս ղեկավարին։
Գրետչեն Ուիթմերը նաև կարևոր թեկնածու է, որովհետև վերընտրվել է, այսպես կոչված, տատանվող նահանգում:
Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը սակավ է հայտնի համապետական մակարդակում, բայց նահանգում մեծ հեղինակություն ունի և ճանաչելի է ԱՄՆ հարավային շրջաններում, որտեղ գերակշռում են հանրապետականները:
Չեն բացառում նաև Իլինոյսի նահանգապետ Փրիցերին, որը հյուրընկալելու է դեմոկրատների այս տարվա համագումարը և ի վիճակի է անձնապես ֆինանսավորել իր նախընտրական ծախսերը, եթե պետք լինի:
Շրջանառվում է նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի անունը, որը հետևողականորեն մերժում է նման տարբերակը, թեև սիրված է ամերիկացիների շրջանում: Անցած շաբաթ Reuters-Ipsos-ի հարցումը ցույց տվեց, որ Բայդենի ու Թրամփի վարկանիշները մոտավորապես հավասար են, բայց Միշել Օբաման ավելի քան տասը տոկոսային կետով առաջ է Թրամփից։
«Նա չափազանց խելացի է՝ Սպիտակ տանը ութ տարի աշխատելուց հետո, որպեսզի ցանկանա վերադառնալ։ Առավել ևս՝ նախագահ դառնալ: Կարող ենք ողջ գիշեր ենթադրություններ անել, բայց կարևորն այն է, թե ով ունի հավակնություններ կամ փող հավաքելու հնարավորություն և ունակություն, որպեսզի [Դեմոկրատական կուսակցության ներսում] ստեղծի այնպիսի կոալիցիա, որը կարող է մեծամասնություն կազմել»,- ասել է Լարի Սաբատոն:
Ինչևէ, եթե Բայդենը մնա ընտրապայքարում, ապա այլ հնարավոր թեկնածուների մասին խոսակցությունները դժվար դադարեն, մինչև Դեմոկրատական կուսակցության թեկնածուի պաշտոնական առաջադրումը, որը պետք է տեղի ունենա կուսակցական համագումարում՝ այս օգոստոսի 19-22-ը Չիկագոյում։