Մատչելի հղումներ

Ի՞նչ ազդեցություն կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բայդենի քաղաքական ապագայի վրա


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի շուրջ մեկ ժամ պատասխանել է լրագրողների հարցերին արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ՝ պաշտպանելով իր որոշումը՝ շարունակել պայքարը Սպիտակ տան համար, չնայած իր առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններին:

Գուցե, ոմանք ռիսկային համարեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամլո ասուլիսը, քանզի ընդամենը րոպեներ առաջ նախորդել էր մեկ այլ սկանդալային դեպք, երբ Բայդենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ներկայացրեց վերջինիս թշնամու՝ Պուտինի անունով:

«Այժմ ցանկանում եմ խոսքը փոխանցել Ուկրաինայի նախագահին, ով մեծ համարձակություն և վճռականություն է ցուցաբերել: Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտինը…։ Նախագահ Պուտի՞նը: Նա հաղթելու է նախագահ Պուտինին: Նախագահ Զելենսկին: Չափազանց շատ եմ կենտրոնացած Պուտինին հաղթելու վրա: Պետք է մտածենք այդ մասին: Խնդրե՛մ, պարոն նախագահ»,- ասել էր Բայդենը:

Զելենսկի. «Ես ավելի լավն եմ, [քան Պուտինը]»:

Բայդեն. «Դուք շատ ավելի լավն եք»:

Հինգշաբթի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին, Բայդենը մոտ մեկ ժամ խոսեց լրագրողների հետ՝ ակնհայտորեն փորձելով փոխել իրավիճակը և ձգտելով ամերիկյան հանրության ուշադրությունը կենտրոնացնել ուկրաիանական պատերազմի, Կիևին ցուցաբերվող աջակցության վրա՝ նշվածի ներքո առաձնացնելով իր դերակատարությունը։

«[ՆԱՏՕ-ի] գագաթնաժողովի շաբաթվա ընթացքում մի քանի պետությունների ղեկավարներ ցանկացել են շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին և անձամբ ինձ՝ այն ամենի համար, ինչ ձեռք է բերել ՆԱՏՕ-ն»,- ասել է Բայդենը:

Այդուհանդերձ, Սպիտակ տան 81-ամյա ղեկավարը խոստովանել է, որ նախագահական մրցավազքում իր համար խնդիր է ստեղծել անցած Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռուստաբանավեճը: Նա՝ այն ժամանակ իր վատ հանդես գալը անվանեց «վրիպում», բայց կրկնեց՝ վստահ է, որ նոյեմբերին կհաղթի հանրապետականների թեկնածուին:

«Կարծում եմ՝ ամենաորակյալ գործիչն եմ՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Մի անգամ հաղթել եմ, էլի կհաղթեմ»,- ասել է Ջո Բայդենը:

ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովում հարցեր հնչեցին, թե որքանով է Բայդենն ունակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին: Հայտնի է, որ դաշինքի անդամները քայլեր են ձեռնարկել՝ Ուկրաինային աջակցելու, այդ թվում՝ Կիևին ցուցաբերվող օգնության համակարգումը Վաշինգտոնից ՆԱՏՕ-ին փոխանցելու ուղղությամբ:

Ինչևէ, հրապարակավ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարները ձեռնպահ են մնացել մտահոգություն հայտնել Բայդենի առողջական վիճակի մասին:

«Բացարձակապես ոչ մի մտահոգություն չունեմ ԱՄՆ ներկայիս նախագահի՝ իր երկիրը ղեկավարելու, Ուկրաինայի համար մեր պայքարը առաջնորդելու և ՆԱՏՕ-ն գլխավորելու կարողության վերաբերյալ: Կարծում եմ, որ այս գագաթնաժողովը շատ բան է ասում այդ մասին»,- ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Դիտորդները մի մասը, կարծես, կիսում է այդ տեսակետը։

«Կարծում եմ, պարոն Բայդենի համար լավ օր էր, լավագույն օրը, որը նա ունեցել է վերջին ժամանակներում: Չեմ կարող ասել՝ արդյո՞ք այն կփոխի զարգացումների ընթացքը, թե՞ կունենա չնչին ազդեցություն»,- ասում է Բրուքինգզ ինստիտուտի վերլուծաբան Ուիլյամ Գալսթոնը:

Ուրբաթ Բայդենին սպասվում է ևս մեկ ծանր փորձություն․ նա վերսկսում է նախընտրական քարոզարշավը՝ այցելելով Դետրոյթ:

XS
SM
MD
LG