Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքում հայտնի դարձավ, որ Կիևին կտրամադրվեն ամերիկյան F-16 կործանիչներ։
ՆԱՏՕ-ի անդամ-երկիրներ Դանիան և Նիդեռլանդները Ուկրաինային են փոխանցելու ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։ Այս մասին հայտնի դարձավ Վաշինգտոնում այսօր ավարտվող ալյանսի գագաթնաժողովի ժամանակ։
«F-16-ի փոխանցումը պաշտոնապես ընթացքի մեջ է, և Ուկրաինան այս ամառ կգործածի դրանք»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր 32 պետությունները եզրափակիչ հայտարարության մեջ «անշրջելի» են որակել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ջանքերը՝ հստակ ազդանշան ուղարկելով Ռուսաստանի նախագահ Պուտինին, որ նա չի կարող պառակտում առաջացնել ՆԱՏՕ-ում:
«Այն աշխատանքը, որը հիմա անում ենք միասին, կապահովի, որ երբ ժամանակը գա, Ուկրաինան կարող լինի առանց հապաղելու միանալ դաշինքին: Խնդիրը միայն ժամանակի մեջ է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Your browser doesn’t support HTML5
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել է ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին շարունակել պաշտպանական ծախսերի ընդլայնումը՝ Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի թողունակությունից հետ չմնալու համար:
«Նրանք զգալիորեն ավելացնում են սպառազինության և ռազմական մեքենաների արտադրությունը, և դա անում են Չինաստանի, Հյուսիսային Կորեայի ու Իրանի օգնությամբ։ Չենք կարող թույլ տալ, որ դաշինքը հետ մնա»,- հայտարարել է Բայդենը։
Հյուսիսատլանտյան դաշինքը Չինաստանին կոչ է արել դադարեցնել ռուսական ռազմական մեքենային ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով, թե ալյանսի համար անհադուրժելի է Եվրոպայում նման պատերազմը՝ ամենից մեծը նախորդ 80 տարվա ընթացքում:
«Հռչակագիրը, որի շուրջ մենք այսօր համաձայնության եկանք, ՆԱՏՕ-ի [անդամ-երկրների]՝ դաշնակիցների կողմից երբևէ ուղարկված ամենաուժեղ ազդանշանն է Չինաստանին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմում [Պեկինի] ներդրման պատճառով»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Նրանք՝ [չինացիները] տրամադրում են երկակի օգտագործման տեխնոլոգիա և աջակցում ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրին, ինչը թույլ է տալիս Պուտինին ագրեսիվ պատերազմ վարել Ուկրաինայում, երկարատև պատերազմել և լրացնել իր կորուստները»,- ասում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Բրեդ Բոումենը:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Բոումենը կարծիք է հայտնել, թե դաշինքի նման մոտեցումը Չինաստանի նկատմամբ ուշացած է:
«Եվրոպացիները զոհվում են Եվրոպայում՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի աջակցությամբ Կրեմլի վարած ագրեսիվ պատերազմի հետևանքով»,- ասում է նա։
Նշենք նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները ևս ներկայացված էին վաշինգտոնյան գագաթնաժողովում: Դիտորդների խոսքով, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ներկայությունը ուղերձ է Չինաստանին, որ ժողովրդավարական երկրները պահպանելու են միջազգային կարգը՝ անկախ նրանից, թե ագրեսորը որտեղ կփորձի խախտել այն: